Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Իսկ մեր երեխաներն այսօր, ինչպես երբեք, պաշտպանության կարիք ունեն: Չնայած, հանուն ճշմարտության պետք է ասենք, որ Երրորդ Հանրապետությունում կան երեխաներ, որոնցից պետք է պաշտպանել թե՛ երեխաներին, թե՛ մեծերին: Իհարկե, Հայաստանում երեխաների պաշտպանության պրոցեսը Սերգո Երիցյանին նախարարի պաշտոնից հանելու պահից կարելի է սկսված համարել:
Իրականում Եվրոպա ձգտող Հայաստանում ամեն ինչ պաշտպանության կարիք է զգում. սեփական տները, կյանքն ու առողջությունը, մշակույթը, հավատքը, կանաչ տարածքները եւ, վերջապես, հենց պետությունը: Իսկ ո՞վ պետք է այդ ամենը պաշտպանի: Քանի որ վերջին շրջանում Հայաստանում մոդա է դարձել նոր կուսակցություն բացելը, առաջարկում եմ բացել «Հայերի պաշտպանության» կուսակցություն: Մեկ է, «էս շուխուռում մի կուսակցություն էս կողմ, մի կուսակցություն էն կողմ»` ի՞նչ տարբերություն: Միեւնույն է, ծրագիր գրելու համար առանձնապես տանջվել պետք չէ` մնացածից կարտագրեն, ֆինանսավորման խնդիր դժվար թե լինի` օլիգարխներից մեկին (կամ մի քանիսին) կկցեն, ընտրազանգվածը պարտադիր չէ, վերջում կնկարեն: Փոխարենը, տեսեք, թե ինչ գեղեցիկ է հնչում, համ էլ, որ «պաշտպանություն» բառը կա, շատերը կարող է խառնվեն ու մտածեն, որ մի 308.000 դոլար էլ սրանց են տվել:
Եթե հանրահայտ Բրիջիդ Բարդոն իմանար, թե ինչպես են վարվում Հայաստանում քաղաքական գործիչների հետ, իր կենդանիներին «կթարգեր» ու կգար մեզ մոտ, օրինակ, Արթուր Բաղդասարյանին պաշտպանելու համար (առավել եւս, եթե նրան Նիկոլյա Սարկոզին խնդրեր): Ի դեպ, եթե Հայաստանում ապրեին ոչ թե հայեր, այլ, ասենք, ֆիններ կամ իսլանդացիներ, համոզված եմ, որ նրանք կհավատային վերջին օրերի ՕԵԿ-«Ազգային Միաբանություն» (ԱՄ) շոուին: Բայց մենք ֆինն եւ, առավել եւս, իսլանդացի չենք, եւ անձամբ ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ այս ամենն արվեց, որպեսզի բարձրացվի «Շանթ» հեռուստաընկերության վարկանիշը (իհարկե, ամենածիծաղելին մեր քաղաքական գործիչների զրույցն էր, որոնք իրար դիմում էին բացառապես Արթուր Մեսչյանի ոճով ` «Ո՞ւր էիր, Գեղամյան, երբ մի ողջ ընդդիմություն էին քցում», կամ «Ո՞ւր էիր, Արթուր Բաղդասարյան, երբ ԱԺ-ի բակից մի ողջ ոստիկանություն էր դուրս գալիս»): Եվ կստացվեր այնպես, որ մեր երկրում արդեն ընդդիմությունը (ԱՄ) իշխանությանը (ՕԵԿ) խեղճացնում է: Բայց, քանի որ ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեցին, որ «բիզնեսը միշտ էլ լինում է իշխանության կողքին, եւ գործարարին միշտ էլ դժվար է լինել ընդդիմության դաշտում», կարելի է եզրակացնել, որ ԱՄ-ն, որի կազմում կան բազմաթիվ բիզնեսմեններ, ընդդիմություն չէ, իսկ ՕԵԿ-ն էլ, որին «օրը ցերեկով փչացրեցին»` իշխանություն չէ: Աբսուրդն այն է, որ նրանք հակառակն էլ չեն: Այսինքն, նրանք ոչ ընդդիմություն են, ոչ էլ իշխանություն:
Իհարկե, «Պյութագորասի թեորեմ» հարկավոր չէ` ապացուցելու համար, որ Հայաստանում հետիոտնին պետք է պաշտպանել «հաբռգած» վարորդներից, գործարարին (խոսքս ԱԺ նորաստեղծ խմբի մասին չէ)` Հարկային տեսչություն ծանոթով ընդունված, անգրագետ տեսուչից, գյուղացուն` շուկայի դալալից, ընդդիմությունը` «թակարդներից», իշխանությունը` «մկներից»: Խոսքս անիմաստ արեւմտյան պաշտպանության մասին չէ, երբ ամերիկացիներն իրենց ճաշակով են որոշում, թե երբ է պետք պաշտպանել Իրաքի ժողովրդին եւ երբ` Սերբիայի հարեւաններին: Կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն պաշտպանված կզգա միայն այն ժամանակ, երբ գործարարին կպաշտպանի ոչ թե «կռիշը», այլ օրենքը, երբ կնոջը կպաշտպանի ոչ միայն օրենքը, այլ հայ տղամարդը (ինչպես դա եղել է դարեր շարունակ), երբ Ռուսաստանում կամ Գվինեայում մեր հայրենակիցներին կպաշտպանի ոչ թե հայ գործարարը, այլ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, երբ հեռուստատեսության ծրագիրը կպաշտպանի ոչ թե Ամալյանը, այլ հեռուստադիտողը, երբ գիտական թեզ կպաշտպանի ոչ թե անգրագետ նախարարն ու չինովնիկը, այլ տարիներ շարունակ աշխատած շնորհալի երիտասարդը: Միգուցե շատերը չեն հավատում իրադարձությունների այսպիսի զարգացմանը, բայց ես հավատում եմ: Չէ՞ որ ես լավատես եմ: Եվ, բացի այդ, մենք բոլորս ենք համոզվել, թե որքան լավ է լինում, երբ ողջ ազգով հավատում ենք եւ պաշտպանում մեր երկրի սահմանները, ինչպես եղավ 90-ական թվականների սկզբին: