Մայիսի 30-ին Կոնդում բռնկված հրդեհը, որքան էլ տարօրինակ է, բավականին իրարամերժ քննարկումների տեղիք տվեց: Սակայն ամենահետաքրքիրը հրդեհից տուժած 11 տների բնակիչների կարծիքն է, ըստ որի` լրատվամիջոցներն այս առիթն օգտագործեցին դիվիդենտներ հավաքելու համար, այսինքն՝ որպեսզի քաղաքական առանց այն էլ լարված մթնոլորտն է՛լ ավելի թեժացնեն:
Նրանց կարծիքով` այդ միջադեպը միտումնավոր օգտագործեցին Երեւանի քաղաքապետի դեմ եւ կապեցին Կոնդը հնարավոր իրացման գոտի դարձնելու հետ: Բնակիչներն այս վարկածը աբսուրդ են համարում, ասելով, թե տեղի ունեցածն ընդամենը դժբախտ պատահար է: Այն, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանը բարեխիղճ վերաբերմունք է դրսեւորել կոնդեցիների հանդեպ, հաստատեցին գրեթե բոլոր բնակիչները՝ ասելով, որ հրդեհի ժամանակ առաջինը դեպքի վայր են ժամանել քաղաքապետարանի, Ոստիկանության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Իսկ հրշեջ մեքենաները ժամանել են ամենաուշը, սակայն, թե կոնկրետ որքա՞ն ուշացումով, բնակիչների պատասխաններն այս հարցում խիստ տարբեր էին: Ոմանք ասում են՝ 30 րոպե, ոմանք՝ 1 ժամ, ոմանք էլ՝ 1 ժամ 30 րոպե ուշացումով: Ուշ ժամանելուց բացի, մեքենաները ջրի պակաս են ունեցել, ինչի պատճառով օգնության են բերվել Արաբկիր համայնքի ջրատար մեքենաները: Բորբոքված բնակիչները հրդեհի տարածման մեջ հիմնականում մեղադրում են Հրշեջ ծառայությանը՝ ասելով, որ անփույթ վերաբերմունքի են արժանացել: Թեեւ հարուցվել է քրեական գործ, հետեւաբար, հետաքննությունը ցույց կտա, թե հրդեհի պատճառը որն է եղել իրականում, այդուհանդերձ բնակիչները շրջանառում են տանիքների վրայով անցնող էլեկտրական լարերի միացման վարկածը, ինչի պատճառով էլ տանիքների տախտակները բռնկվել են: Ականատեսների վկայությամբ` հրդեհը բռնկվել է 2 տների տանիքների արանքում: ՀՀ Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արա Մովսիսյանի հավաստմամբ՝ Հրշեջ վարչությունում ահազանգ է ստացվել ժամը 16:01-ին, իսկ 16:11-ին մեքենաներն արդեն եղել են դեպքի վայրում: Հրդեհը մարվել է ժամը 17:44-ին: Ա. Մովսիսյանը վստահեցրեց, որ դեպքի վայրում օպերատիվ աշխատանք են կատարել 8 հրշեջ մեքենաներ եւ 10-ից ավելի ջրատար մեքենաներ, որոնք համայնքների Կոմունալ ծառայության մեքենաներն են եղել: Բնակիչների պնդումները, թե հրշեջ մեքենաները շատ ուշ են ժամանել, պրն Մովսիսյանը հերքեց, իսկ հարցին, թե թվով քանի՞ ահազանգ է գրանցվել Հրշեջ ծառայության մատյանում, նա պատասխանեց. «Առաջին ահազանգից հետո, երբ մեքենաներն ուղեւորվել են դեպքի վայր, գրանցվել է եւս մոտ 40 զանգ»: Հետաքրքիր է, եթե հրշեջ մեքենաները դեպքի վայրում են եղել ահազանգից 10 րոպե անց, ապա եւս 40 զանգ ինչո՞ւ է գրանցվել: Կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, բնակիչների զայրույթը հիմնավոր է: Եթե մեքենաները տեղում լինեին, ապա, բնականաբար, զանգերը կդադարեին, սակայն Ա. Մովսիսյանն այլ կարծիքի է. «Քաղաքի տարբեր վայրերից մարդիկ տեսել են հրդեհը եւ զանգել են՝ մտածելով, որ Հրշեջ ծառայությունը տեղյակ չէ: Կարող է` Նորքի զանգվածից էլ տեսել-զանգել են»: Եթե դեպքի վայրում աշխատել է 8 հսկայական, վառ կարմիր գույնի հրշեջ մեքենա, ապա մարդիկ հրդեհը տեսնելիս` նաեւ մեքենաները կտեսնեին եւ ահազանգելու նպատակն ավելորդ կհամարեին: Ի դեպ, հրշեջ մեքենաների ջրի տարողության 2 տեսակ կա, որից մեկում լինում է 2,1 տոննա, իսկ մյուսում՝ 2,3 տոննա ջուր: Ա. Մովսիսյանի հավաստմամբ՝ այդ քանակության ջուրը մի քանի տեսակի փողրակների միջոցով օգտագործվում է ընդամենը 3-5 րոպեի ընթացքում: Վերջինս վստահեցնում է, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում ջրի պաշարն օգտագործելուց հետո հրշեջներն օգտվում են հիդրանտներից: Կոնդում առկա հորանից օգտվել հնարավոր չի եղել` ջուր չլինելու պատճառով, իսկ երբ դիմել են Ջրմուղ-կոյուղի՝ պատասխանել են, թե այն վթարված է: Այս ամենից հետո նոր միայն բերվել են ջրատար մեքենաներ, որպեսզի հրշեջ մեքենաները գոնե դրանցից ջուր վերցնեն: Թեեւ ժամը 17:44-ին հրդեհը մարած է եղել, այդուհանդերձ, ժամը 21:52-ին կրկին Հրշեջ վարչությունն ահազանգ է ստացել. «Մեկ մարտական հաշվարկ ուղեւորվել է դեպքի վայր: Պարզվել է, որ հրդեհ չի բռնկվել, պարզապես տեղ-տեղ ծխացել է»,- վստահեցրեց պրն Մովսիսյանը:
Կոնդի թիվ 171 տան բնակչուհի Ջուլիետա Գեւորգյանի տունն ամբողջովին այրվել է: Նույնիսկ ափսե չի մնացել: «Սառնարանով, լվացքի մեքենայով, ամաններով, սեղան, բազմոց լրիվ այրվել ա,- պատմում է նա: -Գիշերը դրսում ենք անցկացրել, ու լավ էր` գոնե դրսում էինք, որովհետեւ ժամը 11:30-ի սահմաններում նորից հրդեհ բռնկվեց, որովհետեւ տոլերի տակից դեռ ծխում-մխում էր: Ահազանգեցինք, նորից եկան, բայց հետները ոչինչ չէին բերել: Մենք վեդրո-վեդրո ջուր կրեցինք, մարեցինք»,- պատմում է տիկին Ջուլիետան: Հրշեջ ծառայությունում առաջին ահազանգը եղել է Ալվարդ Ոսկանյանի կողմից, ով վստահեցնում է, որ մեքենաները ժամանել են ամենաքիչը 30 րոպե ուշացումով: Մյուս մեքենաներն ավելի ուշ են հասել դեպքի վայր, իսկ բնակիչները ստիպված դույլերով ջուրը տեղափոխելով են փորձել մարել կրակը: Տիկին Ալվարդի կարծիքով, եթե հրշեջ մեքենաները դեպքի վայր հասնեին ժամանակին եւ պատրաստված, ապա հրդեհը չէր տարածվի, եւ կվնասվեին ընդամենը 2-3 տներ: Կոնդի մեկ այլ բնակչուհու՝ Նաիրա Երեմյանի հավաստմամբ, որի ջանքերով Կոնդ թաղամասի սեփականաշնորհման գործընթացը նախաձեռնվեց, քաղաքային իշխանությունները բնակիչներին հնարավորին չափով օգնում են. «Հույս ունենք, որ, ինչպես սեփականաշնորհման գործընթացը հունի մեջ մտավ եւ ավարտվում է արդեն, այնպես էլ այս 11 տուժած ընտանիքների հարցում կօգնեն»,- ասում է նա: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ուսումնասիրվում են տուժած բնակիչների կորուստների չափերը, որից հետո պարտադիր կերպով օգնություն կցուցաբերվի: «Անպայման պիտի բնակարանով ապահովեն, որովհետեւ 4 ընտանիք ընդհանրապես քնելու տեղ չունի, հայտնվել են փողոցում»,- նշում է Ն. Երեմյանը: Վերջինիս հավաստմամբ՝ այրված բոլոր տները սեփականաշնորհված էին: Ինչ վերաբերում է այն շահարկումներին, իբր այս միջադեպը կազմակերպվել է քաղաքային իշխանությունների կողմից Կոնդի տարածքի իրացման նպատակով, նա ասում է. «Եթե քաղաքային իշխանությունները սեփականաշնորհման հարցում մեզ օգնել են, ամեն հարցում մեզ ձեռք են մեկնում, ո՞նց կարող են նման բան անել: Եթե Կոնդի բնակիչն արդեն ունի սեփականության վկայական, հանդիսանում է տարածքի սեփականատերը՝ դիտավորյալ կայրի տունը, որ հագի շոր էլ չունենա՞: Մենք շատ վրդովված ենք լրատվամիջոցների տարածած սուտ տեղեկատվության համար»: Ինչեւէ, Ն. Երեմյանն էլ վկայում է, որ 30 րոպեից ավելի զանգահարել են Հրշեջ ծառայություն, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չի եղել: Նրա խոսքերով՝ 1 ժամ հետո հրշեջները եկել են, սակայն` առանց ջրի, դատարկ մեքենաներով, որից հետո Նաիրան զանգահարել է քաղաքապետարան: «Քաղաքապետարանի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներն ավելի շուտ հասան, քան հրշեջները»: Վերջինս հույս հայտնեց, որ քաղաքապետը կացարաններով ապահովելու հարցում կաջակցի, ավելին, երեկ արդեն քաղաքապետարանում ստեղծված հատուկ հանձնաժողովը դեպքի վայրում ուսումնասիրություններ է կատարել վնասների չափերը ճշտելու նպատակով: