Ծխածածկույթի քողի ներքո

03/06/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ազգային ժողովի նախկին նախագահի հրաժարականի շուրջ ծագած կիսաքաղաքական ու կիսագողական հարայ-հրոցը ստվերեց այդ հիմնարկության անմիջական գործունեությունը։ Մինչդեռ հենց այդ ընթացքում խորհրդարան ներկայացված եւ արդեն ընդունված օրենսդրական մի նախաձեռնություն արժանի էր հասարակական ուշադրության։ Խոսքն ակցիզային հարկի մասնավոր մի դրույքաչափի մասին է։ ԱԺ ՄԱԿ խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ նվազեցրեց ներկրվող սիգարների ակցիզային հարկի դրույքաչափը։ Տրամաբանություն կարծես կա` 500 դրամ արժեցող սիգար ներկրողը մինչ այդ պարտավոր էր 1500 դրամ ակցիզային հարկ մուծել։ Թե ի՞նչ տնտեսական հետեւանքներ կունենա այս քայլը. հարցին կարելի է միանշանակ պատասխանել, որ որեւէ հետեւանք չի ունենա։ Ծխախոտի շուկան ուսումնասիրող փորձագետների կարծիքով, սիգարետի առեւտրի մոտ կեսը ստվերային է։ Նրանք պնդում են, որ սիգարի առեւտուրը համարյա ամբողջությամբ գտնվում է ստվերային դաշտում։ Ստվերային տնտեսության դեմ պայքարի իմիտացիայով մեր իշխանությունները հաճախ են փորձում կիրառել հարկերի նվազեցման մեթոդը։ Անցած տարիների ընթացքում, օրինակ, շահութահարկը 35 տոկոս չափադրույքից իջեցվել է 20 տոկոսի։ Բանկային համակարգի համար, օրինակ, սկզբում ավելի բարձր շահութահարկ էր նախատեսված` 45 տոկոս։ Ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Սկզբում Հայաստանում էլ հարկային քաղաքականություն մշակողները համարում էին, որ բանկային գործունեության ոլորտում շահույթ շատ ավելի հեշտ է ապահովվում, քան տնտեսության մյուս ոլորտներում։ Բայց հետո բանկիրների լոբբինգի արդյունքում այդ կարծիքը փոխվեց, եւ հիմա բանկերն էլ տնտեսության իրական հատվածի նման գործում են շահութահարկի 20 տոկոսանոց դրույքաչափով։ Նույն տրամաբանությամբ` եկամտահարկը 30 տոկոսից նվազել եւ դարձել, 20 տոկոս։ Անցած տարիների ընթացքում նվազել են պարտադիր սոցվճարները (8-10 տոկոսի չափով) եւ այլն։ Դրույքաչափերը նվազեցնելու կողմնակիցները հաճախ են սիրում բերել 1999 թվականի օրինակը։ Այդ տարի տեղական արտադրողների լոբբինգով խորհրդարանը կտրուկ բարձրացրեց ներկրվող ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը։ Վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունը խիստ թերակատարվող բյուջե էր ժառանգություն ստացել։ Այդ կառավարությունը հավանաբար ենթադրեց, որ այս հարկատեսակի բարձրացումը լուրջ մուտքեր կապահովի բյուջեի համար։ Սակայն կատարվեց ճիշտ հակառակը։ Ներկրվող ծխախոտի շուկայում պարզապես մեծացավ ստվերային` չհարկվող հատվածը։ Եվ կառավարությունը, դժվար է ասել` ստվերը կրճատելո՞ւ, թե՞ ներկրողների հետ ծանր բանակցությունների հետեւանքում կտրուկ նվազեցրեց հարկը։ Ներմուծողի եւ տեղական արտադրողի միջեւ տարբերություն բնականաբար մնաց, բայց շուկան հաջողվեց վերադարձնել նախկին վիճակին։ Մինչեւ այսօր էլ սիգարետի համար գործում են նույն ակցիզային դրույքաչափերը։ Ներմուծվող հազար հատիկ ծխախոտի դիմաց գանձվում է 5500 դրամ, իսկ ներքին արտադրողը նույն քանակի սիգարետ սպառման շուկա մտցնելու համար վճարում է 4 հազար դրամ։

Տնտեսական պրոցեսներին հետեւող փորձագետների մեջ քիչ չեն նրանք, ովքեր պակաս են կարեւորում, կամ ամենեւին չեն կարեւորում Հայաստանում տարվող հարկային այս «ճկուն» քաղաքականությունը։ Պատճառն այն է, որ Հայաստանում տնտեսությունը կարգավորող օրենսդրությունը քիչ կապ ունի տնտեսության իրական կառավարման հետ։ Բերվող փաստարկները համոզիչ են։ Նախ` կառավարությունը որ հարկատեսակի գնով որքան պլանավորում` ճիշտ այդքան էլ հավաքում է։ Տպավորությունն այն է, որ այդ ցուցանիշները ձեւավորվում են ոչ թե տնտեսվարման արդյունքում, այլ` խոշոր տնտեսվարողների հետ բանակցությունների։ Այսինքն` նախապես ճշտվում է` որ օլիգարխը տնտեսության որ մեծ կառույցը («Գազարդը», էներգահամակարգը, Պղնձամոլիբդենայինը եւ այլն), որքան հարկ են մուծելու յուրաքանչյուր հարկատեսակի գծով։ Իրական տնտեսական կյանքում կարեւորն այդ բանակցություններն են, ոչ թե տնտեսական օրենսդրությունը։ Այս մոտեցման պարագային կատարյալ անհասկանալի է, թե ինչու ՄԱԿ կուսակցությունը հանդես եկավ սիգարների ակցիզային հարկը նվազեցնելու առաջարկով։ Հայաստան տարեկան պաշտոնապես, կարծեմ, մոտ 400 սիգար է ներմուծվում։ Այսինքն` ստվերային, կարգավորված, կայուն միջավայրն այս ոլորտում ձեւավորված է։ ՄԱԿ-ի այս քայլը դժվար է պոպուլիզմ անվանելը` սիգարի շուկան շատ փոքր է։ Անգամ 100 տոկոս հարկվող շուկա դառնալու պարագային այն դժվար թե պետբյուջեին մի քանի մլն դրամից ավելի գումար ապահովի։ Հասարակությունն էլ լայն իմաստով անտարբեր է այս հարցի նկատմամբ։ Հետեւաբար հարցը կարծես պատասխան չունի։ Հատկապես, որ այն համընկավ տնտեսության մեկ այլ ոլորտի պաշտոնական թվերի հրապարակման հետ։ Երկրում, ուր բջջային հեռախոսացանցը մեկ տարվա ընթացքում ավելանում է 375 հազար հեռախոսահամարով, ուր շինարարության ծավալներն անընդհատ աճում են, առանց ցեմենտի արտադրության (կամ ներմուծման) ծավալների աճի, դժվար է օրինաչափություններ գտնել տնտեսական կյանքում։ Դրանում հեշտ կարելի է համոզվել խոշոր հարկատուների ցուցակը նայելով։ Խոշոր հարկատու շարունակում են մնալ Պղնձամոլիբդենայինը, «ԱրմենՏելը», «ՀայՌուսգազարդը», էներգահամակարգը։ Մնացածը պարզապես ներկա են ցուցակում։ Հո խոշոր հարկատուների ցուցակը 5-8 ընկերությունների անունով չպիտի՞ սահմանափակվի։

Իսկ պետական բյուջեից 2 մլրդ 600 մլն դրամից ավելի գումար «խժռող» խորհրդարանը գոնե պարբերաբար պարտավոր է օրենքներ ընդունել։ Օրենքներ, որոնց նպատակը կառավարությանն օգնելն է` մի քանի մլն դրամ ավելի հարկ հավաքելու պատասխանատու գործում։