«Ես դրական եմ գնահատում Արթուր Բաղդասարյանի հրաժարականը, քանի որ անգամ ՀՀ-ում իշխող կոալիցիոն կուսակցություններն են բացեիբաց հայտարարում, որ իրենք տարաձայնություններ ունեն իշխանությունների վարած քաղաքական կուրսի հետ, եւ հեռանում են: Փաստորեն, ոչ միայն ընդդիմությունն է հայտարարում, որ այդ կուրսը սխալ է, այլ նաեւ` իշխանության մեջ եղած կուսակցությունը»,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը: Նրա խոսքերով, ներքաղաքական կյանքում ստեղծված այս իրավիճակն իր շարունակությունն է ունենալու, քանի որ ներքուստ կոալիցիայի մյուս երկու կուսակցություններն էլ համաձայն չեն Քոչարյանի վարած քաղաքականության հետ: «Օրերս ՀՅԴ փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը Հայաստանն անվանեց ֆեոդալական երկիր, իսկ Աղվան Հովսեփյանին` ֆեոդալ: Ստացվում է, որ կոալիցիան ու Ռոբերտ Քոչարյանն էլ գլխավոր ֆեոդալներն են: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բազմիցս շեշտեց Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը ռուսներին տալու աննպատակահարմարությունը, բայց Ռոբերտ Քոչարյանը` նույն կոալիցիոն կառավարության միջոցով գնաց այդ քայլին»,- կարծում է Արամ Սարգսյանը: Նա չի բացառում Արթուր Բաղդասարյանի հետ հնարավոր համագործակցությունը: Սակայն, ըստ նրա, դա չպետք է կրի ինքնանպատակ բնույթ: «Առաջիկայում բավական լուրջ գործընթացներ են սպասվում, եւ դրանց Ա. Բաղդասարյանի մասնակցության հարցն ինքն է որոշելու: Ցանկալի է, որ ՕԵԿ-ը մասնակցի այդ գործընթացներին: Ինչ վերաբերում է սերտ համագործակցությանը, ապա ես դեմ եմ «Համագործակցություն` հանուն համագործակցության» սկզբունքին: Այն պետք է լինի գաղափարական ընդհանրություն ունեցող կուսակցությունների միջեւ: «Հանրապետություն» կուսակցությունն իր գործունեությամբ է ապացուցել, որ ինքն ունի համախմբման ռեսուրս` ստորադասելով անձնական հավակնությունները»: «ՀՀ-ում կա իշխանություն, որը կրիմինալ է, եւ կան կուսակցություններ, որոնք թեեւ ձեւականորեն իշխանության կողքին են, սակայն բոլորն էլ ընդդիմադիր են այդ կրիմինալին: Դրա համար են իշխանությունները փորձում ապացուցել, որ կուռ ու ամուր են եւ կարող են իրենք իրենց համար կուսակցություններ ստեղծել: Թեեւ դրանով էլ ապացուցում են, որ այսօրվա կոալիցիան է իրենց համար անվստահելի»,- ասել է Արամ Սարգսյանը:
Ա. Գ.