Մեր նախորդ հարապարակումներում մի քանի անգամ անդրադարձել էինք Արագածոտնի մարզում, մասնավորապես` Աշտարակի ենթաշրջանում տիրող իրավիճակին: Հիշեցնենք, որ մարզը համարվում է «դաշնակցական», քանի որ ի սկզբանե այդտեղ մարզպետ են նշանակվել այդ կուսակցության ներկայացուցիչները:
Մարզպետներն էլ իրենց հերթին բոլոր կարեւոր պաշտոններում՝ սկսած մարզպետարանի վարչություններից, հիվանդանոցներից ու դպրոցների ղեկավարներից, նշանակել են հարազատ կուսակցության ներկայացուցիչներին: Այդպիսով ստեղծվել է մի ուրույն ցանց, որի ձեռքը հիմա կրակն են ընկել: Բանն այն է, որ այս մարզում դաշնակցականների «ամենակարողությունն» այն աստիճանի է հասել, որ խճճվել են նույնիսկ իրավապահ մարմինները: Իսկ տեղացիներն այլեւս չեն կարողանում հանդուրժել նրանց լուծը, մանավանդ` այս շրջանում, երբ ոռոգման սեզոն է բացվել, ու գյուղապետերը գյուղացիներին ջուր տալիս են իրենց ցանկությամբ: Կզարմանաք, թե ինչո՞ւ գյուղապետերը. որովհետեւ ոռոգման ջրամատակարարը մասնավոր մի ընկերություն է: Աշտարակցիները, մասնավորապես` Ոսկեվազ գյուղի բնակիչները պատմում են, որ իրենց գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը կապ ունի տեղի «ջրի մարդու» հետ ու երբ ուզում է վախեցնել կամ ճնշել, թույլ չի տալիս, որ իրենց հողատարածքի ուղղությամբ ջուր բաց թողնի: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում ելակի ցանկատարածքներն այս պահին թողնել անջրդի: Բոլոր գյուղապետերը, աշխատանքային կապից բացի, ներքին կապ ունեն մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ եւ վայելելով նրա հովանավորությունը՝ ունեցած լծակներով ճնշում են համայնքի բնակիչներին: Ոսկեվազցի մեր զրուցակիցը (որը հասկանալի պատճառներով չցանկացավ իր անունը հրապարակել) պատմեց, որ գյուղապետն իրենց ամբուլատորիայի տնօրենին աշխատանքից ազատել է, որպեսզի փոխարենը նշանակի «Հայբուսակ» ինստիտուտն ավարտած իր կնոջը, որին գյուղացիները չեն վստահում: Նրանք եկել էին խմբագրություն եւ պատմում էին, որ իրենք չեն կարող օգտվել նախկին բժշկուհու ծառայություններից, որովհետեւ նա հիմա գյուղի մի մասին է սպասարկում, իսկ իրենց մասին սպասարկում է գյուղապետի կինը: «Նախորդը շատ լավ մասնագետ էր, հիմիկվանը բացարձակ գիտելիքներ չունի,- ասում էր մեր զրուցակիցը: -Ամուսինը մարզպետին 1500 դոլար է տվել, որ կնոջն այդտեղ բժիշկ նշանակի, ընդ որում՝ այդ գումարի 500 դոլարն է տվել, 1000 դոլարը տվել է մեկ ուրիշը, որ իր ատամնաբույժ կնոջն էլ տեղավորեն: Երբ գործը չի ստացվել, այդ մարդը մարզպետից ետ է պահանջել իր գումարը, ու մեծ աղմուկ է բարձրացել»:
Մեր նախորդ հրապարակումների ժամանակ անդրադարձել էինք գյուղապետի ու մարզպետի հարաբերություններին, բայց գյուղապետն այցելեց խմբագրություն եւ ժխտեց, թե ինքը նման պատմությունների մեջ է ընկել: Սակայն իր համայնքի բնակիչները կրկին անգամ հաստատում են տեղի ունեցածը:
Աշտարակցիները դաշնակցականների գործունեությունից հետաքրքիր մանրամասներ են պատմում նաեւ կրթական համակարգի վերաբերյալ: Ասում են` մարզպետարանի Կրթության վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանը ենթակա դպրոցների տնօրենների հետ բազմաթիվ ատեստատներ են վաճառել: Հիմա դատախազությունում նման գործ է քննվում, թեպետ մարզի դատախազ Համլետ Զաքոյանը չի ուզում մեր հարցերին պատասխանել: Մարզի Կարին գյուղում փախստականների համար քոթեջներ են կառուցել: Մեր զրուցակից ոսկեվազցիները պատմում են, որ այդ քոթեջներում բնակվողների 80 տոկոսը փախստական չէ: Մարզպետը դա վաճառել է տեղացիներին:
Ասում են` հիմա դաշնակցականների հետ կապված բոլոր գործերի քննությունը նոր թափ է ստացել: Պատճառը եղել է Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությունը, թե «Դատախազն իրավունք չունի քաղաքական կուսակցություն ստեղծելու՝ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի: Երկիրը նրան չպիտի թույլ տա»: Խոսքը վերաբերում է նոր ստեղծվող «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը: Հ. Մարգարյանը համոզված է, որ այդ կուսակցությունը ստեղծում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: «Հայաստանում կան մարդիկ, որոնք իրենց համարում են այսինչ մարզի ֆեոդալը: Խոսքը Արագածոտնի մարզի մասին է»,- ավելացրել է պրն Մարգարյանը: Դժվար է ասել, թե Հրանտ Մարգարյանն ինչո՞ւ է «կպել» հենց ՀՀ գլխավոր դատախազին: Միգուցե այն պատճառով, որ Արագածոտնի մարզում իրենց շահերը բախվում են, մանավանդ, որ Դաշնակցության մարզային ներկայացուցիչների բախտը հիմա դատախազության ձեռքերում է: Բայց աշտարակցիները պատմում են, որ Աղվան Հովսեփյանը խիստ բարկացել է եւ մարզի դատախազին հանձնարարել բոլոր սառեցրած գործերը բացել ու ընթացք տալ: Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Դատախազությունը լծվել է գործին եւ շուտով գործ է հարուցելու մարզպետարանի Կրթության վարչության պետ Ս. Ղուկասյանի դեմ: Ու քանի որ նա իր ողջ գործունեությունը կապում է մարզպետի հետ ու միաժամանակ ցուցմունքներ է տալիս իր ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրեններին, հնարավոր է, որ «զոհերը» շատ լինեն: Աշտարակցիները պատմում են, որ իրենց մարզպետարանում հիմա «մեռած վիճակ» է, մարզպետը սարսափած է եւ կատաղած է Հրանտ Մարգարյանի վրա, որ կրքերը բորբոքել է ու իրենց կրակն է գցել: «Եթե մարզում անգամ մի դաշնակցական դատապարտվի, շղթայական ռեակցիայով մյուսներին իր հետ է տանելու: Բոլորն իրար հետ հանցավոր կապի մեջ են»,- ասում են մեր զրուցակիցները: