Կոմունիստների օրոք տիկին Լենան շատերին է օգնել

03/06/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տիկին Լենայի հարեւանները շատ անհանգստացած են, ահազանգում են բոլորին՝ վստահեցնելով, որ նա ծայրահեղ վատ վիճակում է եւ օգնության կարիք ունի: «Շատ կիրթ եւ լավ կին է: Ժամանակին բոլոր հարեւաններին օգնել է, ինքը առաջ շատ հասնող էր, մեկն օգնության կարիք էր զգում՝ անմիջապես արձագանքում էր: Ինչով կարողանար հասնում էր բոլորին, բայց հիմա ինքն է անպաշտպան վիճակում, իսկ իրեն ձեռք մեկնող չկա»,- ցավով պատմում են նրա հարեւանները՝ ուղեկցելով նրա տուն: Պատուհանից նայող տիկին Լենային հարցնում եմ՝ կարելի՞ է ներս գալ, սակայն նա չի պատասխանում: Քիչ հետո ասում է՝ «Եկեք այսպես զրուցենք»: 66-ամյա տիկին Լենան չի ասում, որ ինքը պարզապես չի կարող հյուր ընդունել, փոխարենը հարեւաններն են շշնջալով ասում, որ հանկարծ նա վատ չզգա: Պարզվում է նրա տան դուռը դրսից կողպված է, դրա համար էլ չի կարող հյուր ընդունել: Եթե անգամ դուռը կողպված չլիներ` դրանից ոչինչ չէր փոխվի, որովհետեւ ոտքերն անշարժ են: Դեֆորմացնող արթրոզ են ախտորոշել, առաջին կարգի հաշմանդամ է: Ոտքերը չի կարողանում շարժել, իսկ սրբանոսկրերը մաշվում են ու գրեթե չի կարողանում շարժվել: Նրա ֆիզիկական վիճակը թեթեւացնելու համար դեղորայք է անհրաժեշտ, որը թանկ է, իսկ նրա 9000 դրամ թոշակը հազիվ բավականացնում է գոյատեւելուն: Բժիշկը «Ռումալոն» դեղն է նշանակել, որը, նրա հավաստմամբ՝ շատ թանկ արժե: Աղջիկ ունի, ամուսնացած է եւ, մոր խոսքերով՝ հազիվ իր ընտանիքն է պահում: «Մի անգամ դիմեցի «Փարոս», ուրիշ ճար չունեի: Ասեցին՝ ձեզ ոչ մի բան չի հասնում: Ամուսինս 2 ամիս առաջ է մահացել, նա ինձ քիչ թե շատ խնամում էր: «Փարոսից» ասեցին, որ մեքենա կա ձեր վրա գրված` դրա համար էլ օգնություն չի հասնում»: Ամուսնու 40 տարվա մեքենան է, որը տիկին Լենան, եթե անգամ սովից մեռնի էլ՝ չի վաճառի, քանի որ հիվանդանոց հասնելու համար հարեւաններին խնդրում է իրեն տեղափոխել: Շտապօգնության վրա հույս չի դնում, որովհետեւ հաճախակի վատանում է, եւ մեքենա չունենալու դեպքում իր 9000 դրամ թոշակով հազիվ կկարողանա 3 անգամ շտապօգնություն կանչել, այն էլ վստահ չէ, թե ժամանակին կժամանեն ու իր կյանքը կփրկեն: Սեփական մեքենան նրա փրկությունն է, իսկ «Փարոսի» գրասենյակից պահանջում են մեքենան վաճառել, որից հետո միայն նպաստի մասին կմտածեն: Հարցնում եմ՝ վերջին անգամ ե՞րբ է բուժվել: Ասում է՝ «Ինչ անկախության ենք դիմել, կարգին չեմ բուժվել: Ո՞վ ռիսկ կանի հիմա բուժվել: Հենց էլ ցավերին չեմ դիմանում` ցավազրկող դեղ եմ խմում, որ անզգայանամ, թե չէ՝ ի՞նչ բուժվել»,- ասում է Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտած տիկին Լենան, ով «Գարուն» կարի միավորումում 50 տարի արտադրամասի բարձրակարգ մասնագետ է աշխատել: Նրան խնամում է բարեկամը. առավոտյան այցելում է, ուտելու բան է թողնում սեղանի վրա, օգնում է զուգարան գնալ եւ դրսից բանալիով դուռը փակում է, իսկ երեկոյան կրկին գալիս է, պառկեցնում է նրան ու գնում: Տիկին Լենան անօգնական է: Հեռուստաալիքներով մշտապես հետեւելով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթներին եւ «մարդասիրական» կոչերին` մտածել է, որ նա անպայման իրեն կօգնի, խնդրանքը չի մերժի: «Զանգահարեցի Ազգային ժողով, ուզում էի խնդրել, որ գումարով կամ դեղորայքով օգնի: Երեւի քարտուղարուհին էր, էնպես կոպիտ խոսեց, որ լացս եկավ, թե՝ բա ինքը ստեղ չի, ի՞նչ եք ուզում իրանից… շատ վիրավորվեցի, ստորացած զգացի ինձ: Դրանից հետո որոշեցի, որ նստած մեռնեմ էլ` ոչ ոքի չեմ դիմի»,- հիշելով իր արած քայլը` վիրավորված պատմում է տիկին Լենան: Ասում է, որ իրեն հարեւաններն են օգնում՝ պատուհանից միշտ ինչ-որ բան փոխանցելով: Տիկին Լենայի ամեն խոսքից հետո հնչում է «կոմունիստների օրոք» բառերը: Կոմունիստների օրոք տիկին Լենան կարիքի մեջ գտնվող իր մերձավորներին, հարեւաններին օգնել է ամեն ինչով: Այդ ժամանակաշրջանի մասին հիշելիս` մի տեսակ ինքնավստահ է դառնում, կարծես այն ժամանակների տիկին Լենան վերադառնա իր մեջ, ու ինքն իրեն շատերին պիտանի, կարեւոր մարդ զգա: Նա այնքան է շոյվում այդ տարիների տիկին Լենայի մասին խոսելիս, որ ուզում ես նրան վերադարձնել անցյալ, որպեսզի գոնե մի պահ մոռանա ներկայիս իր հիվանդության ու անպաշտպան լինելու մասին: