Խոշար ձեռնարկությունները չեն մասնավորեցվել

03/06/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Պետական գույքի մասնավորեցման շուրջ լայն քննարկում է ծավալվել ԼՂՀ Ազգային ժողովի մայիսի 31-ի նիստում, որտեղ քննարկվել է մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի 2005թ. տարեկան հաշվետվությունը: Պատգամավորները տարբեր կարծիքներ են արտահայտել հանրապետությունում իրականացվող պետական գույքի մասնավորեցման սկզբունքների եւ ձեւերի վերաբերյալ:

ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանը, ներկայացնելով հաշվետվությունը, փաստեց, որ նախատեսված 51 ձեռնարկություններից 2005-ին մասնավորեցվել է ընդամենը 7-ը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ցուցակում մնացել են խոշոր եւ չաշխատող ձեռնարկությունները, որոնց գործունեության համար մեծ գումարներ են պահանջվում:

Տեղեկացնենք, որ կառավարությունը յուրաքանչյուր սեփականատիրոջ հետ պայմանագիր է կնքում, ըստ որի, վերջինս պարտավորվում է որոշակի ներդրումներ կատարել եւ աշխատատեղեր բացել: Գործընթացը վերահսկվում է կառավարության կողմից: Նախարարի խոսքերով, 2005-ին պայմանագրային պարտավորությունները չեն կատարել 5 ընկերություններ, որոնց թվում է «Սիրկապ Արմենիա» ընկերությունը, որը տարիներ առաջ ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի կենտրոնում գտնվող նախկին «Ղարաբաղ» հյուրանոցի վերակառուցմանը, ինչը մինչեւ հիմա չի ավարտվել: Ընկերությունը չի կատարել նաեւ Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում նախատեսվող ծրագրերը: Ա.Ծատուրյանի հավաստմամբ, ընկերության հետ բանակցություններ են ընթանում պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ: «Ամենայն հավանականությամբ, ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2007-ի դեկտեմբերի 31-ը»,- ավելացրել է նախարարը:

Պայմանագրային պարտավորությունները չի կատարել նաեւ «Մհեր» ընկերությունը` Շուշիի երաժշտական գործիքների արտադրության մասով: «Դվին» ընկերությունը, որը պետք է ճտահանման արտադրամաս բացեր, թռչնագրիպի հետ կապված հանգամանքներից ելնելով, որոշեց ծրագիրը փոփոխության ենթարկել: Փոխարենը նախատեսվում է խոշոր եղջերավոր անասունների ֆերմա ստեղծել:

«ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբի անդամ Գեղամ Բաղդասարյանը նիստի ժամանակ իր դժգոհությունն արտահայտեց առ այն, որ կառավարությունը շտապում է մասնավորեցման գործընթացում եւ ցածր գներով է պետական գույքը մասնավորեցնում, «այնինչ պետությունն այդ ռեսուրսները կարող է օգտագործել ի շահ բոլորի»: «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանն առաջարկեց մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցուցակից հանել այն օբյեկտները, որոնք ավերվել են կամ որոնցից ոչինչ չի մնացել: Նա նաեւ նշեց, որ կառավարությունը հետեւողականորեն չի վերահսկում մասնավորեցման գործընթացը, մատնանշելով, որ կան ձեռնարկություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով մեծ պարտքեր են կուտակում, սակայն տնօրենը ձեռնարկության համար, ասենք, մեքենա է ձեռք բերում եւ այլն: Իսկ հետո Ազգային ժողովին առաջարկում են այդ պարտքերը ներել: Իսկ Գեղամ Բաղդասարյանին հետաքրքրում էր այն հարցը, թե ձեռնարկության «քանդման» համար որեւէ տնօրեն պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ: Պարզվել է, որ նման դեպք չի եղել:

Իսկ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ մասնավորեցման ծրագիրը պետք է հնարավորինս արագացնել, «քանի որ ցանկում ընդգրկված ձեռնարկություններից գնալով բան չի մնում»: «Կարծում եմ, անհրաժեշտ է ավելի թափանցիկ դարձնել մասնավորեցման գործընթացը»,- ասաց Ա. Հարությունյանը: