Ու՞մ շահերն է պաշտպանում ԱԺ-ն

03/06/2006

Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը 2006թ. մարտի 1-ից ապրիլի 25-ն ինտերնետային հարցում է անցկացրել բիզնեսի եւ քաղաքականության թեմայի շուրջ։ Առաջարկված երեք հարցերին 231 մասնակիցները տվել են այսպիսի պատասխաններ։ Բիզնես էլիտայի ներկայացուցիչներից հարցման մասնակիցների 25%-ը ամենաարհեստավարժ քաղաքական գործիչ համարել է Խաչատուր Սուքիասյանին։ Երկրորդ տեղում Գուրգեն Արսենյանն է (15%), երրորդը՝ Գագիկ Ծառուկյանը (8%)։ Մեծամասնությունը (33%-ը) բիզնեսմեններից ոչ մեկին արհեստավարժ քաղաքական գործիչ չի համարում։ Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը (84%) բացասաբար է վերաբերվում բիզնես էլիտայի քաղաքականացմանը եւ գտնում է, որ այդ երեւույթը խոչընդոտում է երկրի տնտեսության արագ զարգացմանը։

Հաջորդ հարցի արդյունքները նույնպես անսպասելի չեն։ Հարցվածների 81 տոկոսի կարծիքով` ՀՀ Ազգային ժողովն իր ներկայիս կազմով բիզնես էլիտայի շահերը պաշտպանող մարմին է։ Միայն 7 տոկոսն է գտնում, որ մեր խորհրդարանը արտահայտում է հասարակության շահերն ու պաշտպանում դրանք։

Նորմալ երկրներում այսպիսի կարծիքի դեպքում կարելի կլիներ ենթադրել, որ հաջորդ ընտրությունների ժամանակ խորհրդարանի կազմն այլ բովանդակություն կունենա, եւ գործարար պատգամավորները մեծ թիվ չեն կազմի։ Սակայն դատելով զարգացումներից՝ մեր պարագայում ամեն ինչ կընթանա հակառակ ուղղությամբ։