«Փաստ չէ, որ լուծելով Հարավային Կովկասի խնդիրները՝ այս կամ այն ուժը հնարավորություն կստանա նաեւ դրանից հետո այնտեղ գործելու: Բացառված չէ, որ այդ խնդիրները կարող են լուծում ստանալ աշխարհաքաղաքական կենտրոններից որեւէ մեկի կողմից՝ հենց հօգուտ ընդդիմախոսի: Այս տարածաշրջանում իրավիճակն այսօր խիստ պայթունավտանգ է ու խճճված, եւ բացառված չէ, որ տվյալ դեպքում Ռուսաստանն ավելի լավ է սպասի: Մենք պետք է մանեւրելու ազատություն ունենանք, մեր օգնությունը չփաթաթենք ուրիշի վզին, մեզ չծանրաբեռնենք պարտականություններով, քանի որ հենց համբերատար խաղացողին է շահույթը բաժին հասնում»: Այսպիսի կարծիք է արտահայտել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետինստիտուտի (ՄԳԻՄՕ) Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վլադիմիր Դեգոեւը:
Նա մեկնաբանել է նաեւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: «Չափազանցված են տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ին հաջողվել է Ադրբեջանում եւ Վրաստանում ստեղծել ինչ-որ ենթակառուցվածք, որն օգտագործելով՝ նրանք կարող են Իրանին կետային հարվածներ հասցնել: Եթե ամերիկացիներն իրոք գնան այդ քայլին, այսինքն՝ Հարավային Կովկասն օգտագործեն Իրանի վրա ռազմական ճնշում գործադրելու նպատակով, ապա Մոսկվան ստիպված կլինի արձագանքել: Իրավիճակն այնպիսին է, որ մեր տան առջեւի պարտեզում ինչ-որ մեկը խաղ է սկսել լուցկիներով եւ ցախով: Միանգամայն ակնհայտ է, որ Իրանի պատասխանը չափազանց կոշտ կլինի, իսկ գուցեեւ` ասիմետրիկ»,- հայտարարել է Դեգոեւը:
Նա չի բացառում նաեւ, որ մեծացնելով Իրանի վրա ճնշումը, այդ թվում եւ` ներքին գործոններն օգտագործելով եւ միաժամանակ լարվածություն ստեղծելով` Ռուսաստանի հարավային սահմանում ամերիկացիները Պուտինին ինքնատիպ ազդանշան են տալիս մեծ ութնյակի՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի նախաշեմին: Հայտնի է, որ Ռուսաստանը մտադիր է այդ ֆորումում հայտարարել գլոբալ էներգետիկ անվտանգությունն ապահովելու իր գերակա դերի մասին: «Գագաթաժողովը կարող է ձախողվել անսպասելի իրադարձությունների պատճառով, կարող է եւ անցնել դրանց ուղեկցությամբ, ինչը Ռուսաստանին կդնի լավ խաղաթղթերով վատ խաղացողի կարգավիճակում: Այսպիսով, Ռուսաստանը հաղորդագրություն է ստանում այն մասին, որ մինչեւ իր գերակա դերի մասին խոսելն արժե մտածել, թե բացառվո՞ւմ են արդյոք նման գործընթացները մեր դեպքում»,- նշեց պրոֆեսորը: Ինչպես նշեց Դեգոեւն, ակնհայտ է Ռուսաստանի նպատակամղված շրջափակումը բոլոր կողմերից: «Նախ՝ Վիլնյուսի ֆորումը՝ այսպես կոչված ժողովրդավարական աղեղի երկրների մասնակցությամբ, ապա Կիեւում կայացած ՎՈՒԱՄ-ի գագաթաժողովը, որը այդ աղեղի սահմաններն ընդլայնում է մինչեւ Կասպյան ավազան»: «Դա Պուտինի համար նշան է, որը, իհարկե, չի վկայում ՎՈՒԱՄ-ի երկրների՝ որոշակի ռազմական հենադաշտի վերածվելու մասին, սակայն որոշ իմաստով նեղացնում է Ռուսաստանի մանեւրելու հնարավորությունը, դնում նրան ոչ այնքան հարմար դրության մեջ՝ թույլ չտալով Ռուսաստանի իշխանություններին թուլանալ»:
Նրա կարծիքով՝ այս իրադրության մեջ Ռուսաստանը պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի եւ հակափաստարկներ ունենա իրադարձությունների բոլոր հնարավոր զարգացումների դեպքում: