Պտտվիր, անխափան պտտվիր կարուսել

03/06/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամառային արձակուրդների մեկնարկին զուգահեռ մարդաշատ են դառնում մայրաքաղաքի մանկական ժամանցային վայրերը, սակայն տարեցտարի նորամուծվող կարուսելների եւ շարժական ատրակցիոնների մատչելիությունն ու սպասարկումը դեռեւս շահեկան չեն երեխաների համար։

«Օղակաձեւ» զբոսայգում տեղակայված «Լունապարկ» մանկական ժամանցային ծառայությունից օգտվող Կենտրոն համայնքի բնակիչ Նազիկ Սարդարյանը նկատում է, որ «Լունապարկի» իրար վրա խցկված կարուսելներից օգտվող երեխաների ուրախությունը կարճատեւ է լինում, քանի որ եւ ժամանակն է քիչ, եւ գները` բարձր։ «Տոմսերի տրցակ պիտի ունենաս, որպեսզի ստիպված լինես երեխաներին լացացնելով դուրս բերել այգու տարածքից։ Ամեն անգամ գալուց զղջում եմ. աղմուկը շատ է, խաղերի տարիքային հստակ տարբերակում չկա։ Կարելի էր միջանկյալ կանաչ օազիսներ թողնել, որպեսզի երեխաները զբոսնելու տեղ ունենային»,- ասում է երկու մանկահասակ երեխաների մայրը։ Նա դժգոհում էր նաեւ Կոմայգու չվերանորոգված եւ անմխիթար վիճակում հայտնված կարուսելներից։ «Այնտեղ երեխաներն էսթետիկ ոչ մի զգացողություն չեն ունենում։ Այգու միակ նորամուծությունը գնացքն է, որի մեկ պտույտի արժեքն անցած տարի 70 դրամ էր, գարնան սկզբներին` 100, իսկ հիմա 150 դրամ է։ Դրանք չարդարացված գներ են, մանկական էշելոնի գունանախշերն անգամ չեն թարմացվել։ Եթե միջազգային չափանիշներով առաջնորդվենք, ուրեմն սանէպիդկայանից պիտի գան ու փակեն այդ կարուսելները»,- հավելում է քաղաքացի Սարդարյանը։ 2003թ. մայրաքաղաքի կանաչ տարածքների, այդ թվում` այգիների պահպանման եւ խնամքի գործառույթը վերապահված է համատիրություններին, իսկ վերջիններս էլ դրանք վարձակալության հիմունքով շահագործման են հանձնում համապատասխան տնտեսվարող սուբյեկտների։ 1998-ից 30 տարի ժամկետով («Օղակաձեւ զբոսայգու մի հատվածի վարձակալ է ճանաչված «Լունապարկ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Սուրեն Գյուլամբարյանը նշում է, որ ատրակցիոնների պտույտի տեւողությունն ինքնակամ որոշում չէ, այլ բխում է սահմանված միջազգային չափանիշներից, քանի որ սարքավորումները ներկրված են Իտալիայից եւ Չեխոսլովակիայից։ «Ամեն տարի մենք համալրում ենք դրանք, որպեսզի մեր երեխաները ոչ միայն հեռուստացույցով դիտեն, այլեւ մեզ մոտ վայելեն այդ խաղերը։ Պտտելու տեւողությունը կարճ է սահմանվում, որպեսզի երեխաները չքնեն այդ ընթացքում»,- բացատրում է ընկերության տնօրենը։ Պետք է նկատել, որ ատրակցիոնների սեղմակը կառավարող երիտասարդ հսկիչներն անբարեկիրթ եւ անբարեխիղճ վարվեցողությամբ են սպասարկում երեխաներին եւ ծնողներին հորդորում, որպեսզի վերջիններս իրենց փոքրիկներին հարմարեցնեն աթոռներին եւ ամրացնեն շղթաները, ու առանց ստուգելու անվտանգության նախապայմանները` շտապում են սեղմել կոճակը։ Արտասահմանյան մակնիշի ուրախ գույներով ատրակցիոնների անվտանգության խոցելիությունը նշմարելի է անգամ անզեն աչքով. դրանց մի կողային մասերը «անպաշտպան» են, եւ մի փոքր անզգույշ եւ կտրուկ շարժման դեպքում երեխան կարող է դուրս գալ արագընթաց մեքենաների եւ գնացքների հունից։ «Լունապարկի» (ինչո՞ւ միայն «Լունապարկի») անբաժան շրջմոլիկ ուղեկիցներն են մուլտհերոսներին նմանակող փնթի հանդերձանքով վաճառականները, որոնք ամեն պահի ոտքի տակ ընկնելով` այգու այցելուներին առաջարկում են միասին լուսանկարվելու ծառայություն եւ գազավորված փուչիկներ (արժեքը` 200 դրամ), որոնք հաջորդ վայրկյանին հօդս են ցնդում։ Իսկ լացակումած երեխաները ծնողներին պարտավորեցնում են գնել երկրորդը, երրորդը եւ այսպես շարունակ, մինչեւ որ հարկադրված լքում են տարածքը։ «Լունապարկ» ՍՊԸ-ի տնօրենն այս առնչությամբ նշում է, որ ոստիկաններն անընդհատ պայքարում են «հեռուստացմփորիկների» դեմ, «բայց մի կողմից նրանց հանում են, մյուս կողմից ներս են խուժում»։ Հարց է առաջանում, այդ դեպքում ո՞ւմ դրածոներն են երկու կոպեկ վաստակող «գիքորները»։

Այս տարվա հունվարի 1-ից գործող «Տեխնիկական ապահովման պետական կարգավիճակի մասին» օրենքի համաձայն` համբարձիչ սարքերը, կարուսելները, ֆունիկուլյորները շահագործող տնտեսվարող սուբյեկտները իբրեւ վտանգավոր օբյեկտներ պետք է մինչեւ սեպտեմբերի 1-ը ռեեստր անցնեն Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում, սակայն գործող կազմակերպություններից եւ ոչ մեկը մինչ օրս նույնիսկ իրազեկված չեն ոչ օրենքի, ոչ էլ դրանից բխող կարգերի մասին։ Կենտրոնի տնօրենը տեղեկացնում է, որ մինչեւ օրենքի ընդունումն այդ կառույցները չեն վերահսկվել ոչ մեկի կողմից։ «Մենք էլ ենք մտահոգված, կարուսելներն իրենցից մեծ տագնապ են ներկայացնում, քանի որ դրանց մի մասն ինքնաշեն եղանակով են հավաքվում»,- ասում է Աշոտ Պետրոսյանը։

«Հաղթանակ» զբոսայգու 16.500 քմ տարածքը 25 տարի շահագործման ժամկետով վարձակալ համարվող «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի տնօրեն Թորոս Ումրիկյանը նշում է, որ այգու շուրջ 40 ատրակցիոնների տեխզննումը յուրաքանչյուր տարի անցկացվում է սեփական ուժերով, քանի որ դա առաջին հերթին իրենց հեղինակության խնդիրն է։ Յուրաքանչյուր սեզոնի վերջում կատարվում է շահագործվող ատրակցիոնների տեխնիկական վիճակի վերաբերյալ փորձագիտական ուսումնասիրություն, իսկ հաջորդ սեզոնից մեկ ամիս առաջ` փորձարկման աշխատանքներ։ «Ներկա դրությամբ` պատրաստվում ենք հունիսմեկյան տոնական միջոցառումներին։ Եվ այս պահին հայտնաբերվել է, որ վնասված է «Տոռնադո»-ի ճոպանը, մասնագետները նորոգում են այն։ Այս տարի մանրակրկիտ տեխզննում է անցել նաեւ «Պտտվող անիվը» («Սատանայի անիվ»)` Երեւանում գտնվող վերջինիս արտադրած գործարանի գլխավոր ինժեների կողմից, որի գնահատմամբ` «անիվը» գտնվում է հոյակապ վիճակում եւ 15 տարի եւս ատրակցիոնը կարելի է շահագործել։ Յուրաքանչյուր ատրակցիոնի փաստաթղթում զետեղված է նրա շահագործման տեւողությունը եւ տարիքային սահմանափակումները, նաեւ նախատեսված է պտույտի ժամանակը, օրինակ` ճոճվողների համար սահմանված է 1-3 րոպե, «Պտտվող անիվի» համար` 6 րոպե։ Չնայած ամեն ինչ հաշվարկված է, սակայն տեխնիկան ունի վտանգի գործոն, այդ իսկ պատճառով առավել վտանգավորները ես չեմ վստահում երիտասարդներին, այլ` միայն փորձառու հսկիչներին, որոնք ցանկացած պահի կարող են արգելակել շարժիչը։ Միջազգային չափանիշներով, 1000 տեղանոց զբոսայգու համար տարեկան հնարավոր են 10-15 միջադեպեր, նույնիսկ` 1-3 զոհ։ Մենք աշխատում ենք, որպեսզի նման դեպքեր չգրանցվեն։ Մեր զբոսայգին այսօր Մոսկվայի Գորկու եւ Իզմայիլով պարկերին համարժեք զբոսայգի է` սպասարկման առումով։ Իհարկե, չենք կարող համեմատվել 10-15 մլն բնակչություն ունեցող եվրոպական քաղաքների հետ։ Մենք մեր ուժերով ենք պահում այգին, առանց պետական օժանդակության, իսկ ատրակցիոնների գները սկսվում են 30.000 ԱՄՆ դոլարից։ «Պտտվող անիվը» ներկա շուկայական գներով արժե 180.000 ԱՄՆ դոլար` հավելած փոխադրման, տեղադրման արժեքը եւ խոշոր մաքսատուրքերը, որոնք միասին կազմում են 300.000 դոլար։ Անիմաստ եւ անհեթեթ է ձեռք բերել թանկարժեք տեխնիկա եւ դրանք աշխատեցնել 50-100 դրամով։ Մեր բնակչությունը քիչ է»,- ասում է «Ուրախ ժամանցի» տնօրենը։ Շուրջ 10 տարի է, «Հաղթանակ» զբոսայգում Երեխաների պաշտպանության միջազգային օրն ընկերության կողմից կազմակերպվում են անվճար ծառայություններ եւ տոնահանդեսներ եւ այդ օրերին այցելուների թիվը հասնում է 80-100.000-ի։

Պրն Ումրիկյանի խոսքերով, բարեգործական ակցիաների նպատակն է, որ ծնողները երեխաներին ծեծելով չտանեն այգուց։ Հայկական «դիսնեյլենդների» պատմությունն այսքանով համարենք ավարտված, եւ փաստենք, որ առանց պետական անմիջական հովանավորչության եւ համայնքային աջակցման ծրագրերի ոտնահարվում է անապահով մանկական ազգաբնակչության ազատ ժամանցի իրավունքը։