Տարբեր երկրներ ներկայացնող կինոաշխատանքները բավականին ներկայանալի եւ հետաքրքիր են: Առաջին հերթին` բարձրացվող թեմաների շնորհիվ: Գրեթե բոլոր ֆիլմերի հիմքում մարդն է, ով տարբեր խճճված ու արտառոց իրավիճակներում փորձում է մարդ մնալ: Եվ շատ ֆիլմերում հերոսները կանայք են, կանայք, որոնք երջանկություն ու կայունություն են որոնում: Իրանական «Գալանե» ֆիլմը պատմում է պատերազմ տեսած, հարազատներին կորցրած գեղջկուհու մասին, «Գրբավիցա» ֆիլմի հիմքում Բալկանյան պատերազմից հետո իր եւ դստեր կյանքը կայունացնել ցանկացող կնոջ պատմություն է, իսպանական «Ժամանակի առասպելի» հերոսուհին ձայնը կորցրած գնչուհի է, գերմանական «Ամառը Բեռլինում» ֆիլմի հերոսուհիները երկու կանայք են, թայվանական «Երեք ժամանակների» հիմքում սիրային պատմություններ են, իսկ «Քնած երեխան» մարոկկացի երիտասարդ կնոջ մասին է, ում ամուսինը հարսանիքի հաջորդ օրն արտագնա աշխատանքի է մեկնել եւ չի վերադարձել: Սիրո եւ ջերմության սպասումը կնոջն ավելի ուժեղ են դարձնում, ինչ պայմաններում ու իրավիճակներում էլ որ նա ապրի: Եվ նրա զգացմունքները բոլորին են հասկանալի: «Ոսկե ծիրանի» ընտրությունը շատ նուրբ է արված, եւ այդ պատմությունները կարող են ծանոթության ու երկխոսության առիթ դառնալ: Մրցութային ծրագրում նաեւ երկու հնչեղ անուններ կան` իսպանացի կինովարպետ Պեդրո Ալմոդովարն ու լեհ կինոփիլիսոփա Քշիշտոֆ Զանուսսին, որոնք մեր «Ոսկե ծիրանին» են ուղարկել իրենց նոր ֆիլմերը: Մի քանի օր առաջ Կաննի փառատոնում ցուցադրված եւ երկու մրցանակի արժանացած «Վերադարձ» ֆիլմն Ալմոդովարի հերթական գովքն ու հիացմունքն է կին էակներին: Եվ իզուր չէ, որ Կաննի «Ոսկե արմավենուն» արժանացան հենց վերադարձի ճանապարհին կանգնած տարբեր տարիքի հինգ իսպանուհիները, որոնց կյանքից անբաժան են ցավն ու հումորը: Իսկ Զանուսսիի «Պերսոնա նոն գրատա» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերից մեկը Նիկիտա Միխալկովն է կատարում, հոգեբանական դրամա է: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի ցանկությունը ֆիմերի մրցակցությունը իտրիգներով լի դարձնելն է, քանի որ, ինչպես ցույց տվեց նախորդ փառատոնների փորձը` ուշադրության կենտրոնում են հայտնվում միայն փառատոնի բացումն ու փակումը: «Փառատոնը ֆիլմերն են»,- ասաց նա: Այս տարվա մրցակցությունը շատ հետաքրքիր է լինելու, քանի որ ներկայացված ֆիլմերը շատ մրցունակ են ու ազգային շտրիխներով հագեցած: «Մենք նույնիսկ որոշել էինք, որ եթե Ալմոդովարի ֆիլմը Կաննում գլխավոր մրցանակ ստանար, մենք այն Երեւան չէինք բերի, որպեսզի ժյուրիի վրա ճնշում չլինի»,- ասաց Մ.Ստամբոլցյանը: Իսկ փառատոնի բեմադրիչ Արմեն Մազմանյանը փառատոնի ներքին բովանդակությունը բարձրացնելու համար որոշել է ավելի «զուսպ, կոռեկտ ու կոնկրետ» բացման արարողություն անել. «Համերգային ծրագիրը ոչինչ չի տալիս փառատոնին, մենք տոնական տրամադրությունն ուզում ենք փողոց տեղափոխել»:
Փառատոնի բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում` «Նամուս» ֆիլմի ցուցադրությամբ: «Նամուսն» առաջին հայկական խաղարկային ֆիլմն է, որը նկարահանվել է 1926 թվականին եւ որն արդեն թարմացված ու թվայնացված տոնում է իր 80-ամյակը: Հայկական «Պարադիզ» ընկերության եւ ֆրանսիական «ARTE» մշակութային հեռուստաալիքի հետ համատեղ իրականացրած աշխատանքի շնորհիվ «Նամուսը» ոչ միայն թվայնացվել է, այլեւ` հայերեն, ռուսերեն ու ֆրանսերեն տիտրեր ձեռք բերել եւ հստակ երաժշտական ձեւավորում ստացել: Բարձր տեխնոլոգիաները փոխարինել են նախկինում համր ֆիլմերի ցուցադրության ընթացքում աշխատող դաշնակահար-տապյորներին: Նորացված «Նամուսի» պրեմիերան փառատոնի հնչեղ սկիզբն է լինելու: Բացման հանդիսության այլ մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն կազմակերպիչները խոստանում են` այն երկար չի տեւի եւ կինոդիտումները փառատոնի ետնամասում չի թողնի: Մնում է ցանկանալ միայն, որ «Ոսկե ծիրան» ինտերնետային կայքն արդեն մոտ օրերս ակտիվ եւ արագ արձագանքման ոճով աշխատի եւ աշխարհին ծանոթացնի փառատոնի նորությունների հետ: