«Հին ժողովուրդները հոգնած, ծույլ եւ հեգնանքով են նայում աշխարհին»

03/06/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը շատ հարցերում սուր եւ անզիջում դիրքորոշում ունի: Տաղանդավոր ու աշխատասեր մուլտիպլիկատորը լավ հայրենասեր է, իսկ Հայրենիքը նրա համար վերացական, շողշողացող պատկերացում չէ, այլ շատ կոնկրետ, գուցեւ` ոչ այնքան հրապուրիչ, բայց շատ սիրելի վայր է:

– Ձեր կարծիքով լա՞վ է, որ մեր հասարակությունը չափազանց քաղաքականացված է եւ քաղաքական տեղաշարժերով ավելի շատ է հետաքրքրվում, քան, ասենք, արվեստով:

– Քաղաքականությունը մեր կյանքն ավելի լավը կամ վատը դարձնելու ցանկություն է: Մտածելն ու վերլուծելը յուրաքանչյուր նորմալ մարդու պարտականությունն է, եւ ուրեմն ամեն ինչն էլ քաղաքականություն է: Մանկապարտեզի աշխատանքը, այնտեղի սննդի լավ կամ վատ լինելը եւ այդ սննդի որակը լավը դարձնելը նույնպես քաղաքականություն է:

Օրինաչափ է, որ բոլորը քաղաքանությամբ են հետաքրքրվում, որովհետեւ բոլորն էլ վատ են ապրում եւ փորձում են վատ ապրելու պատճառները հասկանալ: Ինձ հաճախ քաղաքականության մեջ քիթս խոթելու մեջ են մեղադրում, ես ասում եմ` պատկերացում անգամ չունեմ` ով ինչ կուսակցությունից է:

– Հավատ ներշնչող, ժողովրդին համախմբող առաջնորդ կամ հերոս կարո՞ղ է հայտնվել: Եվ ինչպիսի՞ն նա պետք է լինի:

– Հերոսի հայտնվելուն չեմ հավատում: Սահակաշվիլիներն ու Յուշչենկոներն այնքան վարկաբեկեցին հերոսի կերպարը, որ եթե այդպիսին նույնիսկ հայտնվի, նա պարզապես հերթական ծիծաղելի խրտվիլակը կամ վճարովի խամաճիկը կլինի: Այսօր հերոսներ չկան: Բոլոր ժամանակների հերոսները նման են լինում Չե Գեւարային կամ Ֆիդել Կաստրոյին: Ազգին առաջնորդելու պատասխանատվությունն իր վրա վերցնելն այսօր էքստրեմալ գործ է, քանի որ «երկաթյա ձեռք» է պահանջվում: Առանց «երկաթյա ձեռքի» ոչինչ չի ստացվի: Առաջնորդը չինովնիկ չի կարող լինել: Ավելի շուտ հոգեւոր հովիվներ են պետք, որոնք չկան: Հասարակության փոփոխվելը, չարանալը տրամաբանական պրոցես է: Մտահոգության առիթն այն է, որ մարդկանց մեջ ֆալշ ու ցինիզմ է հայտնվել, քանի որ չկան հոգեւոր հովիվները, եւ նա չգիտի` ո՞ւմ ետեւից գնալ: Բոլոր ժամանակներում էլ չինովնիկները, նույնիսկ նրանք, ովքեր գողության են ընդունակ, որպես կանոն, հովիվներին հարգում են եւ պատրաստ են լսել նրանց: Եթե, իհարկե, այդ հովիվները չինովնիկներից սեփական կարիքների համար փող խնդրելու չեն գալիս, այլ` մտածում են ազգային շահերի մասին: Ժողովուրդը չի ուզում, որ իրեն սովորեցնեն, այլ` երկխոսություն է ուզում: Իսկ ինտելիգենցիան ամեն ինչի մասին մակերեսային պատկերացում ունի: Վերլուծել կարողացող մարդկանց ձայնը, որպես կանոն, չի լսվում, նրանք խոսացողների առաջին շարքերում չեն, նրանք ամբիոն եւ բարձրախոս չունեն: Լուրջ, քննադատական վերլուծություններ երբեւիցե լսե՞լ եք: Ոչ, մենք միայն ճիշտ ենք գործում, եւ ուրախությամբ մեզ զոհ ենք զգում: Հաղթողների ոգի է պետք երեխաների մեջ դաստիարակել, այլ ոչ թե` զոհերի: Այո, մեզ մորթեցին, բայց հարց է ծագում` ինչո՞ւ եւ ի՞նչ պետք է անել դրանից հետո:

– Ի՞նչ:

– Ես իմ նախնիների մահվան մեջ միայն մեկ իմաստ եմ տեսնում` ես պետք է ավելի հեռու գնամ, քան նրանք: Եվ եթե Թուրքիայում չկա եւ չի էլ կարող լինել իմ մակարդակի մուլտիպլիկատոր, նշանակում է, որ թուրքերն այս պայքարից ոչինչ էլ չեն շահել: Իմ պապը մահացել է, բայց դուք, թուրքերդ` պարտվել եք: Եվ քանի դեռ մենք կենդանի ենք, նրանց կոմպլեքսները չեն անցնի: Մենք կանք, մի մոռացեք` Գյուրզադյան ու Քոչար ունենք: Իսկ մենք մեզ կենդանի-կենդանի թաղում ենք, թեեւ արդեն եզրափակիչ ենք դուրս եկել:

– Տպավորություն չի՞ ստեղծվում, որ մեր կյանքում ամեն ինչ բեմադրված է:

– Ամեն ինչն էլ բեմադրվում է, եւ քանի որ ռեժիսորները հիմնականում ամերիկացիներն են լինում, նրանք վատ են բեմադրում: Ամերիկացին ամեն ինչին իր սեփական չափանիշներով է մոտենում: Լսել եմ, որ Հայաստանում պատրաստվում են տարածաշրջանի ամենամեծ Դիսնեյլենդը կառուցել ու սպորտը զարգացնել, եւ դրանց շնորհիվ ապահովել երկրի ֆինանսական հոսքերը: Ես այդ նախագծի հեղինակներին պատասխանեցի` սպորտ ասելով, դուք, երեւի, գոլֆը նկատի ունեք, քանի որ սովոր չեք հարցնել` թե ի՞նչ են խաղում ուրիշ ազգերը: Ամերիկացիները երբեք հաշվի չեն առնում տվյալ ազգի մենթալիտետը: Ես այսօրվա դեմոկրատիան չեմ ընդունում, դա հեքիաթ է, որը ապուշների համար են հորինել: Երբ ռմբակոծում էին Հարավսլավիան, հարավսլավացիները կարող էին իրենց երջանիկ զգալ, քանի որ հնարավորություն ունեին քվեարկել` պե՞տք է, թե՞ ոչ իրենց փողոցներում լապտերներ տեղադրվեն: Դա է ժամանակակից դեմոկրատիան:

– Լայնամասշտաբ արտագաղթը թուլացնո՞ւմ է մեզ:

– Երկրից մտածող բնակչության հեռանալուն հանգիստ, նույնիսկ անտարբեր ցինիզմով եմ վերաբերվում: Յուրաքանչյուր ազգ բնականոն է զարգանում, քանի որ բնական ընտրություն գոյություն ունի: Երկրից հեռանում են նրանք, ովքեր պետք է հեռանան: Ուրեմն, նրանք չէին մեր գենոֆոնդի կրողները եւ թող մնան թեկուզեւ վիզուալ ոչ գեղեցիկ, բայց կենսաբանորեն ակտիվ եւ ուժեղ մարդիկ: Կենսունակ մարդիկ նրանք են, ովքեր հանգիստ եւ սառնասրտորեն, առանց բանաձեւեր հնարելու ապրում են եւ գիտեն, որ այստեղ է իրենց Հայրենիքը: Իսկ ովքեր գիտակցաբար են որոշում` թե որտեղ պետք է ապրեն, արդեն պոպուլյացիայի համար կորսված են, նույնիսկ, եթե նրանք էյնշտեյններ են: Հեռացողները չեն կարող ցեղի, ազգի շարունակողները լինել:

– Ստացվում է, որ գիտակցությունը միայն վնասում է:

– Անհատին չի վնասում, իսկ ազգին` միեւնույն է: Պատմությունը միայն թվեր եւ տարեթվեր չի, պատմությունը ժառանգականության գիտակցումն է, այն մի սերնդի կյանքով ու մահով չի վերջանում: Մեր ապրածը ոչինչ է, եւ չի կարող ազդել պրոցեսի վրա: Մեր ժողովրդի թիկունքում հազարամյակներ են, առջեւում` նույնպես: Եվ այսօրվա մի քիչ չարացած ու դժգոհ լինելը ոչինչ չի նշանակում պատմության համար: Մարդիկ նույնն են, պարզապես կուլտուրան են կորցնում, դրա պատճառով էլ ես տանել չեմ կարող այսօրվա մտավորականներին: Տարիներ առաջ ժողովուրդը պատրաստ էր ինտելիգենցիայի բերանին նայել: Իսկ հիմա մարդիկ անդաստիարակ են, եթե մի քիչ դասատիարակություն ու պատիվ ունենային, կվերադարձնեին կորցրած բջջային հեռախոսները, դրամապանակները: Հիմա արժեքներն են ուրիշ: Շատ եմ սիրում եւ պաշտում մեր ազգին բնորոշ մի առանձնահատկություն` նույնիսկ ամենապաթետիկ իրավիճակներում մենք պահպանում ենք մեր հումորի զգացումը եւ հեգնելու հնարավորությունը: Հայերի ռեակցիան բացատրել չեմ կարող, այն ամբողջովին ձայնարկությունների վրա է հիմնված: Օրինակ, ինչպե՞ս կարելի է բառերով բացատրել մեր «Ի-ի՜» արտահայտությունը: Դա անփոխանցելի է: Եվ այդ բանի համար ես հպարտ եմ, որ հայ եմ: Ես բացարձակ լուրջ եմ ասում: Հայի դեմքին գրեթե միշտ հեգնանք կա եւ սեփական առավելության գիտակցումը: Եվ, որ շատ կարեւոր է, այդ առավելությունն ագրեսիվ չէ: Հային ոչինչ չի զարմացնի, յուրաքանչյուրից առնվազն հինգ հազար տարվա պատմություն է հեղում: Բոլորս էլ բնազդաբար, այլ` ոչ մեզ նման հինավուրց պատմություններ ունեցող ազգերին, բավականին քամահրանքով ու բայրացակամ ենք վերաբերվում: Այլ ազգերը խելացի են, բայց ոչ երբեք` մեզ նման իմաստուն: Հին ժողովուրդներն, օրինակ, հայերը, հրեաները, հույները կամ իտալացիները հոգնած, ծույլ եւ հեգնանքով են նայում աշխարհին: Նույնիսկ եթե նրանք իրենց կյանքում միայն երեք գիրք են կարդացել, նրանք անգիտակցորեն իրենց մեջ հոգնած իմաստություն են կրում, գիտեն, որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է:

– Չե՞ք կարծում, որ երիտասարդների համար հիմա շատ ավելի բարդ է ապրել, սովորել եւ աշխատել Հայաստանում:

– Իհարկե, դժվար է: Բայց դա էլ կանցնի, պարզապես լավ կրթություն է պետք: Իսկ մեր կրթությունը ցնցումներ ապրեց, ապուշ դասագրքեր տպվեցին, բայց էդպես հո չի՞ մնա, կուղղվի: Հայ երիտասարդները կարող են անհեթեթ թվալ, լսած անգամ չլինել ճարտարապետական գլուխգործոցների կամ լավ գրքերի մասին եւ հեշտությամբ միֆերի զոհը դառնալ: Նրանք շարունակում են սովետական անուղեղ մարդկանց հորինած միֆերին հետեւել: Ընդունված է մեր քաղաքը վարդագույն համարել, եւ այդ պատճառով նրան պետք է սիրել: Ես, օրինակ, շատ եմ սիրում իմ Երեւանը եւ ուրիշ քաղաքներ սկզբունքորեն չեմ սիրում, բայց չեմ համարում, որ Երեւանը վարդագույն է եւ նույնիսկ` գեղեցիկ: Նա ավելի շուտ կեղտոտ մանուշակագույն է: Եվ երիտասարդները հակասության մեջ են ընկնում, նրանք էլ հո՞ տեսնում են մեր քաղաքի գույնը: Կամ էլ ասում ենք, որ Սեւանն ամենագեղեցիկ լիճն է, բա որ հանկարծ ետ վերցնենք Վանը, այդ ժամանակ ի՞նչ պիտի ասենք: Միլիոնավոր ավելի գեղեցիկ լճեր կան: Պետք չէ շփոթել լավն ու սիրելին: Սիրելին միշտ չէ, որ ամենալավն է: Իսկ մեզ մոտ դա ամեն քայլափոխին շփոթում են: Շատերն ապրում են եւ հեռանում են երկրից` իրենց սրտում նման ստերեոտիպեր ունենալով:

– Գուցե պե՞տք է լավ իմաստով ավելի մանր ու ոգեւորիչ ստերեոտիպեր հնարել:

– Քարերը, լեռները, «Ջերմուկն» ու իշխանն այդպիսի ստերեոտիպերի շարքում են: Յուրաքանչյուր մարդ սիրելու բնազդ ունի: Բայց հայերը չեն սիրում իրենց սերն ուղղել կողքին ապրող կենդանի մարդկանց վրա: Մենք կարող ենք բութ համառությամբ հպարտանալ, որ կոնյակ ենք արտադրում, եւ մոռանալ մեզ հատուկ ֆենոմենալ հատկությունների մասին: Կարող ենք սրբացնել խելագար, մարդասպան թագավոր Տիգրան Մեծին եւ մոռանալ Արտաշեսին: Տիգրան Մեծը մեզ Ալեքսանդր Մակեդոնացուն ու Նապոլեոնին է հիշեցնում, մենք նրան ենք պաշտում, բայց մենք ունենք այնպիսի թագավորներ, որոնք իրենց նմանը չունեն: Տիգրանի պապը` Արտաշեսը մեզ միայն որպես թատրոն սիրող թագավոր է հայտնի, բայց նա միակ ղեկավարն էր, ում բարկացրել էր Հռոմի կայսերական քաղաքականությունն, ու նա զորք էր հավաքել, որպեսզի ազատի ուրիշ ժողովուրդներին: Եվ ոչ թե նրանց նվաճելու նպատակով, այլ` ազատատենչ գաղափարներից ելնելով: Բայց Արտաշեսը չի տեղավորվում մեր այսօրվա ստերեոտիպերի մեջ, եւ մենք նրան մեր պատմության ետնամասում ենք դնում, իսկ նրա թոռ Տիգրանին փառաբանում ենք: Պատվի համար մղվող պատերազմը մեր վզին փաթաթված ստերեոտիպերից դուրս է:

– Հայկական միֆերից մեկն էլ նա է, որ կինը միշտ պիտի տղամարդու թիկունքում մնա: Այդ միֆը վերանայման կարիք ունի՞:

– Կանայք այդքան հիմար չեն, որ տղամարդկանց նման իրարից իրավունքներ խլեն: Երբ ասում են, որ կին հրամանատար չկա, պետք է հասկանալ, որ կինը լիակատար ապուշ չէ, որ գիշեր-ցերեկ նապոլեոնական երազանքներ փայփայի ու գնա նվաճի, ասենք, Իտալիան: Եկեք անկեղծ խոսենք, իսկ կանանց պե՞տք են նման ամբիցիաները: Կանայք ավելի խելացի են, քան տղամարդիկ: Մեծամիտ տղամարդիկ կարող են վիրավորվել, բայց փաստ է. երբ 90-ականների ցուրտը, խավարը ու սովը վրա եկան, ու թվում էր` կյանքը կանգ առավ, հենց կանայք ու աղջիկները, կարծես ոչինչ էլ չի եղել, գնացին սովորելու ու շարունակեցին ապրել: Նրանց համար այդ խոչընդոտները ապրելու խոչընդոտներ չէին: Նրանց ամուսիններն ու հայրերը պառկեցին բազմոցին ու սկսեցին փնովել կառավարությանը ու պետությանը` մտածելով` երկրից ո՞ւր գնալ, որ լավ լինի: Իսկ կանայք շարունակեցին ապրել` իրենց հետ վերակենդանացնելով երկիրը: Կինն ի սկզբանե ավելի իմաստուն ու իրատես է եւ առաջնորդ դառնալու մղումներ չունի, քանի որ քմծիծաղով է նայում տղամարդկանց ինքնահաստատվելու փորձերին: Նրա մոտ «Օ, ես արդեն կայսր եմ դարձել» երազանքը միայն ժպիտ է առաջացնում: