Վալերիան Մադաթովը ծնվել է 1782թ. մայիսի 18 (31)-ին Լեռնային Ղարաբաղի Ավետարանոց գյուղում, ազնվականի ընտանիքում: Ղարաբաղյան մելիքների շքախմբի հետ 15-ամյա Մադաթովը մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Մելիքները Պետերբուրգ էին գնում պաշտպանություն խնդրելու Ղարաբաղի քրիստոնյա բնակչության համար, որոնք պարբերաբար հարձակումների էին ենթարկվում մահմեդականների կողմից:
Մադաթովը ցանկություն հայտնեց Պետերբուրգում ծառայության անցնել ռուսական բանակում, քանի որ նրա կարծիքով միայն այդպես կարելի էր պայքարել թշնամու դեմ, սակայն նրա խնդրանքն անմիջապես չկատարվեց: Նա արդեն վերադարձի ճանապարհին էր, երբ ետ կանչվեց մայրաքաղաք: Ռուսամետ կողմնորոշում ունեցող արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը եւ Հովհաննես Լազարյանն օգնեցին երիտասարդին: Մադաթովին շնորհվեց ենթասպայի կոչում, եւ նա ծառայության անցավ Պրեոբրաժենսկի գնդում: Որոշ ժամանակ անց նրան այնտեղից տեղափոխեցին Պավլովյան գրենադյորային, իսկ այնուհետեւ՝ ռուսական բանակի հետեւակային գնդերից մեկը: Ազդեցիկ կապեր չունենալով՝ Մադաթովը զինվորական գործում առաջ գնալու հնարավորություն առանձնապես չուներ: Այդ պատճառով շուրջ տասը տարի նա ծառայեց որպես ենթասպա:
Առաջին անգամ Մադաթովը մարտական գործողությունների մասնակցեց 1809թ. Դունայի մոտ, եւ Բրիալով ամրոցի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար ստացավ իր առաջին շքանշանը: Դրանից հետո շքանշանները սկսեցին անձրեւի պես թափվել նրա գլխին: Բագրատիոնի հրամանատարությամբ նա մարտնչեց Ռասսեւետում եւ պարգեւատրվեց «Քաջության համար» մակագրությամբ ոսկե սրով:
1810թ. սկզբին Մադաթովին հետեւակազորից տեղափոխեցին Ալեքսանդրյան հուսարական գունդ: Հեծելավաշտը ղեկավարելիս նա աչքի ընկավ հատկապես թուրքերի դեմ ունեցած մարտում, որտեղ դրսեւորեց հեծելազորային հրամանատարին հատուկ հատկանիշներ՝ արիություն եւ հմտություն:
Չաուշկա գյուղում Մադաթովը մխրճվեց հակառակորդի հետեւակային զորասյան շարքերը, իսկ 1810թ. Բարինի մարտում նա երկու հեծելավաշտով գրոհել պատրաստվող թուրքական հեծելազորին ցրեց: Մարտական սխրանքների համար Մադաթովը պարգեւատրվեց Գեորգիեւյան 4-րդ աստիճանի խաչով, ինչպես նաեւ` նրան շնորհվեց փոխգնդապետի կոչում:
Հայրենական պատերազմի սկզբին Մադաթովը գլխավորում էր Դունայից Վոլգա տեղափոխված Ալեքսանդրյան հուսարական գունդը, որը մտնում էր 3-րդ Արեւելյան բանակի կազմի մեջ: Հենց առաջին մարտում, որը տեղի ունեցավ Կորինում, առանձին հեծելազորային ջոկատը, Մադաթովի հրամանատարությամբ, պարտության մատնեց սաքսոնական հեծելազորին: Հետագա մարտական գործողություններում նա մշտապես ղեկավարում էր առաջավոր ջոկատները եւ պաշտպանում էր հետեւակը նահանջի դեպքում:
Երբ նապոլեոնյան բանակը սկսեց Ռուսաստանից փախուստի դիմել, Մադաթովն իր ալեքսանդրիականների հետ ամենագործուն մասնակցությունը ցուցաբերեց թշնամու հետապնդման եւ ջախջախման գործում: Ֆրանսիացիներին Բերեզինով տեղափոխելուց հետո նա հրաման ստացավ հասնել թշնամու զորասյուներին, կործանել նրանց փախուստի ճանապարհին գտնվող կամուրջները եւ ամեն կերպ խոչընդոտել նրանց առաջխաղացմանը: Մադաթովը փայլուն կերպով կատարեց այս առաջադրանքը, ամեն շաբաթ գերի վերցնելով հարյուր կամ հազարավոր գերիների եւ հետապնդելով թշնամուն մինչեւ Վիլնա: Այս մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար նրան շնորհվեց գնդապետի կոչում, բացի այդ, Մադաթովը պարգեւատրվեց ադամանդակուռ ոսկե թրով` «Քաջության համար» մակագրությամբ:
Դեկտեմբերի վերջին Մադաթովի գունդն այլ ռուսական առաջավոր գնդերի հետ անցավ Նեմանը եւ մասնակցեց Կալիշի մարտին: Սաքսոնական զորքերը ջախջախվեցին, եւ Մադաթովը, որը գերի էր վերցրել գեներալ Նեստիցի զորասյունը, պարգեւատրվեց Գեորգիեւյան 3-րդ աստիճանի շքանշանով:
Լայպցիգի մարտում Մադաթովը ձեռքից վիրավորվեց, սակայն մինչեւ մարտի վերջը ձիուց չիջավ: Այս ճակատամարտից հետո Մադաթովին շնորհվեց գեներալ-մայորի կոչում: Ողջ բանակը գիտեր Մադաթովի քաջության եւ ամենաբարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակության մասին, բոլոր զինվորները նրան սիրում եւ հարգում էին: Հաճախ կարելի էր նրանցից լսել. «Մադաթովի հետ ուր էլ գնաս` չես կորչի»: Գերմանիայի մարտերում նրա զինակից Դենիս Դավիդովն այսպես է արտահայտվում նրա մասին. «Աներեւակայելի աներկյուղ գեներալ է»:
Նշանակվելով հուսարական բրիգադի հրամանատար, 1815թ. Մադաթովը ռուսական օկուպացիոն կորպուսի կազմում մնաց Փարիզում, սակայն շուտով ետ կանչվեց եւ նշանակվեց սկզբում` Ղարաբաղի խանության, իսկ այնուհետեւ` հարեւան Շիրվանի եւ Նուխինյան խանությունների զորքերի հրամանատար:
Կովկասում Մադաթովը մնաց ավելի քան 10 տարի: Նա Երմոլովի ամենագործունյա եւ հավատարիմ օգնականն էր:
Զորքերի հրամանատարությունից բացի, Մադաթովը ստիպված էր զբաղվել քաղաքացիական ղեկավարման գործերով եւ իր համար այս նոր դերը ստանձնելով` նա մեծ համբավ ձեռք բերեց տեղի բնակչության շրջանում: Նրա զինակիցներից մեկը հիշում էր` «Իշխան Մադաթովի ռազմատենչ բնավորությունը, տեղի լեզուների եւ սովորույթների իմացությունը, ասիական եւ եվրոպական սովորույթների իմացությունը` իր ղեկավարած շրջաններում նրան դարձնում էին անփոխարինելի: Մեկի հետ ընկերաբար էր, մյուսին պարգեւատրություն էր խոստանում, երրորդին պաշտպանում անարդարությունից: Նրա բոլոր արարքներում երեւում էր մտքի ճկունությունն ու հեռատեսությունը»:
Խաղաղության ձգտելով, նա անձամբ էր բանակցություններ վարում լեռնային ժողովուրդների առաջնորդների հետ, ականջ չդնելով զգուշացումներին` հաճախ նրանց հետ հանդիպման էր գալիս միայնակ ու անզեն: Իր ղեկավարության հանձնված խանություններում նա միշտ մասնակցում էր դատավարություններին` «դիվաններին», հոգ էր տանում լեռնային շրջաններում կամուրջներ կառուցելու, Ղարաբաղյան հայտնի ձիերի բուծման զարգացման, շերամապահության, առեւտրի զարգացման մասին:
1826թ. պարսից արքայազն Աբբաս Միրզան անակնկալ կերպով իր մեծաքանակ բանակով ներխուժեց Անդրկովկաս, եւ նրա զորքերից մեկը ներխուժեց Ղարաբաղ եւ սկսեց թալանել բնակչությանը: Մադաթովն այդ ժամանակ այնտեղ չէր, բուժվում էր թոքերի հիվանդությունից: Լուր ստանալով սկսված պատերազմի մասին, նա շտապեց Թիֆլիս եւ իր դասակով դուրս եկավ թշնամու դեմ:
Շամխորում թշնամուն հանդիպելով` Մադաթովն անմիջապես հարձակման անցավ: Ժամանակին օգտագործելով ռազմական խորամանկությունը, նա կործանիչ հարված հասցրեց պարսիկներին, կանխելով նրանց մուտքը Վրաստան:
Ելիզավետոպոլի (Կիրովաբադ) բախտորոշ մարտում Մադաթովը գլխավորում էր զորքերի առաջին գիծը: Հակառակորդը ջախջախվեց եւ թողնելով հրետանին եւ գումակները` սկսեց փրկությունը որոնել Արաքսի մյուս ափին: Թեեւ հաղթանակը վերագրվում էր Պասկեւիչին, նրա ժամանակակիցներից շատերը գտնում էին, որ Պասկեւիչը հաղթանակով պարտական էր ոչ թե սեփական ռազմական շնորհներին, այլ երմոլականների հոյակապ զորքերին եւ իրեն հպատակվող քաջ եւ վարժ գեներալներին:
1826թ. Մադաթովին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում: Իր մարտական գործունեությունը նա ավարտեց հենց այն վայրում, որտեղից որ սկսել էր` Դունայում, ուր տեղափոխվել էր 1828թ. գարնանը: Առանձին ջոկատներ ղեկավարելով, նա թուրքերին ստիպեց հանձնել Իսակչա եւ Գիրսովո ամրոցները, իսկ Բալկաններում հետախուզությամբ էր զբաղվում: Երբ զորքերը գրավեցին Վառնանը, տեղի կայազորը թույլտվություն ստացավ առանց զենքի անցնել Բալկանները: Երկարատեւ պաշարումից հոգնած, սոված եւ ցնցոտիավորված թուրքերի բազմությունը ձգվում անցնում էր աշնանային երկար ճանապարհներով, նրանցից շատերը հենց այդ ճանապարհներին էլ մահանում էին: Տեսնելով այս ամենը` Մադաթովը հրամայեց ճանապարհներին խարույկներ վառել, իսկ իր ջոկատի մարդկանց` հավաքել ճանապարհներին ընկած հիվանդներին եւ խնամել նրանց: Նրա ջոկատի զինվորներն իրենց հացը կիսում էին հիվանդների հետ: Մադաթովի վերջին սխրագործությունն էր Շումլուի մոտ գտնվող թուրքական հետեւակի գրավումը:
1829թ. ռուսական զորքերը սկսեցին անցնել Բալկաններով, սակայն Մադաթովը չմասնակցեց այդ գործողություններին, քանի որ նրա ղեկավարած 3-րդ կորպուսը մնացել էր պաշարված Շումլու ամրոցի մոտ:
Ադրիանապոլիսը ռուսների կողմից գրավելուց հետո Թուրքիան ճանաչեց իր պարտությունը: Սեպտեմբերի 2-ին խաղաղության դաշնագիր կնքվեց, իսկ Վալերիան Մադաթովը սեպտեմբերի 4-ին` ընդամենը 48 տարեկան հասակում` վախճանվեց: Նա մահացավ այնքան վաղուց տանջող թոքերի հիվանդությունից, որը գերհոգնածության արդյունքում ավելի էր սրվել: Շումլայի ամրոցը Մադաթովի մահից հետո ընկավ թուրքերի ձեռքը: Ի նշան մեծ զորավարի հանդեպ ունեցած հարգանքի, թուրքերը զինադադար հայտարարեցին եւ բաց արեցին ամրոցի դարպասները` որպեսզի Մադաթովի աճյունը հանգրվանի Սուրբ Գեւորգ եկեղեցու գերեզմանոցում: Մի քանի տարի անց Նիկոլայ I-ի ցանկությամբ Մադաթովի եւ նրա կնոջ` Սոֆյա Ալեքսանդրովայի աճյունները տեղափոխվեցին Պետերբուրգ: