Տեղակալ չեն գտնում

31/05/2006

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած կոալիցիայի նիստին, բացի ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից ու կոալիցիային նոր մաս կազմող ՄԱԿ-ից, մասնակցել է նաեւ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Տիգրան Թորոսյանի հավաստմամբ, Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկվել է ընդամենը չորեքշաբթի օրը կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը, որտեղ ընդգրկվելու է նաեւ ԱԺ նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի կոալիցիայի թեկնածուն Տիգրան Թորոսյանն է: Ի դեպ, դատելով երեկ ԱԺ-ում շրջանառվող լուրերից, ԱԺ-ն առաջիկա ամիսներին փոխնախագահ չի ունենալու, որովհետեւ կոալիցիան չի կարողանում որոշել, թե ում պետք է այն վերապահել: Ասում են` ամենացանկալի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, սակայն նա կտրականապես բացառում է այն, իսկ ՄԱԿ-ին, որը շատ է ուզում ստանձնել այդ պաշտոնը, պարզապես չեն տալիս: Ըստ լուրերի, ՄԱԿ-ին կտրվի եւս մեկ պաշտոն ու վերջ: Մեր տեղեկություններով, ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ լինելու է ՄԱԿ պատգամավոր Մնացական Պետրոսյանը, իսկ Անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի թափուր տեղը տրվելու է ՀՅԴ-ին: