Չնայած համեմատաբար նշանակալից ժամանակաընթացքին, այդ կազմակերպությունը փաստացի գործողություններով, ընդհանուր առմամբ, աչքի չի ընկել: Այս անգամ չորս պետությունների նախագահների առջեւ խնդիր է ծառացած՝ ՎՈՒԱՄ-ը դարձնել արդյունավետ: Սպասվում էր, որ Կիեւում կհայտարարվի դաշինքի՝ մշտապես գործող քարտուղարներով տարածաշրջանային կազմակերպության վերափոխման մասին: Բարեփոխված ՎՈՒԱՄ-ի գործառույթները հիմնականում պետք է տանեն տնտեսական համագործակցության եւ էներգետիկ անվտանգության ապահովման: Ընդ որում, հարց է ծագել՝ արդյո՞ք ի հայտ չի գա ռազմական բաղադրիչ: Դրական որոշման դեպքում դա կարող է հսկայական անակնկալ դառնալ առաջին հերթին Ռուսաստանի եւ Հայաստանի համար, մասնավորապես՝ Բելառուսի համար:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ առանձնահատուկ պարզաբանումների կարիք չկա: Երեւանին նույնպես, հասկանալի է, դա դուր չի գա, քանի որ կփոխվի Հարավային Կովկասի ռազմաքաղաքական դասավորությունը, եւ չի կրկնվի 12-ամյա վաղեմության «պարադոքսը», երբ Բաքվից Վրաստան ներմուծվող դիզելային վառելիքը լցվում էր հայկական տանկերի բաքերի մեջ, որոնց թնդանոթներն ուղղված էին դեպի ադրբեջանական բնակավայրեր: Եթե արդարացի լինենք, ապա ՎՈՒԱՄ-ի ռազմական համագործակցությունը զարգանում է նաեւ այսօր: Դեռեւս 1993թ., երբ ստեղծվեց ՎՈՒԱՄ-ը, Ուկրաինան Ադրբեջանին տանկեր վաճառեց: Ավելի ուշ Թբիլիսին Ուկրաինայից սկսեց սպառազինություններ գնել: Ի դեպ, Վրաստանն էլ Ադրբեջանին չի մերժել այստեղ արտադրվող ռազմական ինքնաթիռների ձեռքբերման հարցում: ՎՈՒԱՄ երկրները մի քանի տարի առաջ, միակ անգամ, համատեղ վարժանքներ անցկացրին Յագլուջայի վրացական հրաձգարանում. ադրբեջանական, վրացական եւ ուկրաինական զորամիավորումները նավթատարի պահպանություն էին նմանակում: ՎՈՒԱՄ-ի համատեղ ռազմական ներուժը չի զիջի ռուսաստանյանին: Առաջին հերթին՝ շնորհիվ Ուկրաինայի: Բայց հարցը միայն սպառազինության միասնական քանակը չէ, այլ ավելի շատ գերռազմավարական խնդիրները, որոնք կարող են կատարել ՎՈՒԱՄ երկրները: Վրաստանը եւ Ադրբեջանը կարող են ստեղծել ռազմավարական միջանցք, որը կմիացնի Կասպիցը (հեռանկարում Միջին Ասիայի երկրները) Սեւ ծովի հետ Ուկրաինայի ուղղությամբ, որն էլ իր հերթին պատուհան է հանդիսանում դեպի միավորված Եվրոպա: Կարեւոր է եւ այն, թե ինչ օգնություն ցույց կտան միմյանց ՎՈՒԱՄ երկրները տարածքային ամբողջականության խնդիրների լուծման հարցում: Ցավոք, այդ խնդիրը արդիական է միավորման բոլոր չորս պետությունների համար: Չնայած այն բանին, որ Ուկրաինան խուսափեց անջատողական դիմակայությունից, Ղրիմի թերակղզում քաղաքական իրավիճակը բավականին բարդ է: Կիեւը երկու ամիս առաջ շատ կարեւոր քայլ արեց` խստացնելով Քիշնեւին դիմակայող Մերձդնեստրի մաքսային հսկողությունը: Դրանով Կիեւը Քիշնեւին ոչ միայն նշանակալից տնտեսական եւ քաղաքական օգնություն ցուցաբերեց, այլեւ, գլխավորը՝ բարոյական: Ընդ որում, զգալի հարված հասցրեց Մերձդնեստրի անջատողական պատրանքներին: Մնում է ափսոսալ, որ Վրաստանն այդպիսի հարեւան չունի՝ ցխինվալյան ու սուխումյան անջատողականներն իրենց այդքան ազատ-արձակ չէին զգա, ինչպես հիմա: Չնայած, ամեն ինչ դեռ առջեւում է: Եվ, ինչպես ասվում է, ուժը միասնության մեջ է:
«Քվիրիս պալիտրա»