Հյուսիսային պողոտան ներսից եւ դրսից

31/05/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մեջբերենք. «Մինչեւ 20-ական թվականների իր քաղաքաշինական հյուսվածքով եւ դիրքով Երեւանն անտարբեր է եղել դեպի բիբլիական Արարատը եւ միայն Ա. Լ. Թամանյանի շնորհիվ քաղաքաշինական ճեղքում կատարվեց դեպի բարձր կարգի ազգային խորհրդանիշը: Ա. Թամանյանը, հակադրվելով ստեղծված հատակագծային ցանցին, քաղաքն ամբողջ երկարությամբ հյուսիսից-հարավ ճեղքեց տարածական նոր առանցքով՝ Հյուսիսային պողոտա անվամբ»,- գրված է N 774 որոշման մեջ, որի շարունակության մեջ ասվում է՝ «…Բայց չգտնվեց ճարտարապետա-գեղարվեստական վառ կերպար ունեցող առաջարկություն: Միայն ս.թ. հունիսի 8-ին Երեւանի գլխավոր ճարտարապետի (Նարեկ Սարգսյան) նախաձեռնությամբ քաղաքաշինության խորհրդին ներկայացվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման նոր ռազմավարությունը»:

Իսկ նոր ռազմավարությունը սահմանում էր, որ Հյուսիսային պողոտայի տարածքում կառուցվող «շենքերի բարձրությունը ընդունվում է 20-25մ, Օպերայի երկրորդ հարթակի առավելագույն բարձրությամբ»: Այսինքն՝ շենքերը պետք է ունենային առավելագույնը 5-6 հարկ: Սրանից հետո, 2001թ. ՀՀ կառավարությունն իր N 645 որոշումով հաստատում է Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող «պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտին 72.000 քմ տարածքով»: Նույն որոշման մեջ կառավարությունը Երեւանի քաղաքապետին թույլատրում է Երեւանի Թումանյան փողոցին հարող 5600 քմ հատվածում առանց մրցույթի, ուղղակի բանակցությունների միջոցով հողակտորներ տրամադրել: 2002թ. փոփոխություն է կատարվում N 645 որոշման մեջ՝ Հյուսիսային պողոտայի «պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտին դառնում է 82.700քմ»: Այսինքն՝ իրացվող գոտին 10.700 քմ-ով ավելացվում է: Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվում է հողամասերի վաճառքի գինը՝ «500 դոլարին համարժեք դրամից ոչ պակաս»: Եվ այսպես՝ որոշում՝ որոշման հետեւից… Ի՞նչ է եղել որ, «պետության» կարիքները ստիպում են:

Հյուսիսային պողոտայի կառուցապատման որոշումներին ուշադիր հետեւելով` կտեսնենք, որ գնալով մեծանում է նաեւ որոշում կայացնողների ախորժակը. վաճառքի հանված տարածքները նախատեսվածից ավելի են մեծանում, 5 ու 6 հարկի փոխարեն` կառուցվում են 9-17 հարկանի շենքեր: Չէ՞ որ ամեն մի հարկը ահռելի շահույթներ է բերում: Ջհանդամը, թե այդ ֆոնի վրա Օպերայի շենքը կրպակի տպավորություն կարող է թողնել:

Մայիսի 27-ին մասնակի բացվեց Հյուսիսային պողոտան: Որքան էլ զարմանալի է, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հյուսիսային պողոտայի բացման ժապավենը կտրելու արարողությանը չէր եկել: Բացման արարողությունը կատարեցին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ նախկին ու ներկա գլխավոր ճարտարապետները: Նրանց ներկայացմամբ Հյուսիսային պողոտայի առաջին՝ Պ1 հատվածում կառուցվել են 31.895 քմ ընդհանուր մակերեսով երեք շենքեր, որոնցից մեկը՝ կապույտը, բիզնես կենտրոն է: Ասվեց նաեւ, որ բոլոր տարածքների 70-80 տոկոսը վաճառվել է: Կատարված են շինարարության միայն շինմոնտաժային աշխատանքները: Ներքին հարդարման աշխատանքները գնորդներն իրենք են անելու: Նույնիսկ այդ վիճակում բնակարանային եւ օֆիսային տարածքների 1քմ-ն վաճառվում է 2000-2100 ԱՄՆ դոլարով: Ստորգետնյա ավտոկայանատեղիների 1քմ-ն՝ 1200-1400 դոլար: Մինչդեռ մասնագետների գնահատմամբ` այդ վիճակում կառուցապատողները 1քմ-ի համար ծախսել են ընդամենը 150-180 դոլար: Հիմա հասկանալի է, թե 6-7 հարկերի փոխարեն ինչո՞ւ 9-17 հարկեր կառուցեցին: Այսքանով հանդերձ՝ Պ1 հատվածի բարեկարգումը ոչ թե ներդրողների, այլ պետբյուջեի 132մլն դրամի հաշվին է եղել:

17 հարկ ունի շենքերից միայն մեկը, որն «աշտարակ» է կոչվում, որի յուրաքանչյուր հարկը մի բնակարան է: 9 հարկ ունի բիզնես կենտրոնի կապույտ շենքը: Շենքը ներքին շատ քիչ կտրվածքներ ուներ: Գնորդը պետք է ընտրի ընդհանուր սրահից իրեն դուր եկած հատվածը եւ կտրի իր ուզած ձեւով: Եթե, օրինակ, հանկարծ առաջին գնորդի խելքին փչի վերցնել մեջտեղի մասը, ապա մյուսները պետք է եղածով բավարարվեն: Բացի այդ, սրահներով մեկ՝ վերից վար պլաստմասսայե 10-15 հատ ինչ-որ անհասկանալի խողովակներ էին ձգվում: Շինարարներից մեկը մեզ տեղեկացրեց, թե դրանք «ժոլոբներ» են՝ անձրեւատարներ: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, գնում եք 100 քմ տարածք ու ձեր գրասենյակի տարածքով մեկ 6-7 ժոլոբներ են իջնում: Ստիպված պետք է ներքին կտրվածքն այնպես հարմարեցնեք, որ այդ խողովակները գոնե պատերի մոտով անցնեն, հակառակ դեպքում կարող է խողովակներից մեկը հայտնվել, ասենք, ձեր գրասեղանի կողքին, մյուսը՝ սենյակի մեջտեղում եւ այդպես շարունակ…: Կարծես թե դեռեւս կոյուղագծերի խնդիր կար, իսկ օդափոխիչ համակարգը դեռեւս հեռու է էլիտարի չափանիշներից: Մի խոսքով, էլիտար էր միայն անունը եւ արժեքը:

Հյուսիսային պողոտայի բացման արարողությանը ներկա էին նաեւ ներդրողներն ու կառուցապատողները: Ներդրողը «Նորդ Այլենդ» ընկերությունն է, որը ռուսական «Մակարիոս» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում: Ժամանակին ասում էին, թե այդ ընկերությունները պատկանում են Միխայիլ Խոդորկովսկուն, ավելի ճիշտ՝ «Յուկոս»-ին: Հետագայում Խոդորկովսկու գործի հետ այդ լուրերն էլ լռեցին: «Նորդ Այլենդ»-ի շենքից փոքր-ինչ ներքեւ արդեն ավարտին է մոտենում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի շենքը: Այդ հատվածում, ասում են, կառուցապատում է իրականացնում նաեւ ռուսական մեկ այլ գործարար, ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի փեսա եւ ալյումինի մագնատ Օլեգ Դերիպասկան: Լուժկովի շենքի կողքին կառուցվում է «Գառնի գրուպի» շենքը, որը պատկանում է դաշնակցական կուսակցության սփյուռքի կարկառուն ներկայացուցիչներին: Այսքանից հետո պարզ է դառնում, թե որքա՞ն մեծ է այդ տարածքի նախկին բնակիչների կորուստը, եւ ի՞նչ ասել է` «պետական կարիքը»: Կարծիք կա, թե բացի այն, որ ռուս եւ հայ այդ կառուցապատողներն այստեղ իրենց փողերն են լվացել, նաեւ ահռելի շահույթ են ստացել: Իսկ «տարածաշրջանի» կառուցապատողների իրավաբանական խորհրդատվությունն ապահովել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրների իրավախորհրդատվական ընկերությունը: Ասում են, որ այդ շենքերից մեկում երկհարկանի բնակարան եւ երկհարկանի գրասենյակի տարածքներ ունի Խոսրով Հարությունյանը: Բիզնես կենտրոնի 8-րդ հարկում հսկայական տարածք ունի ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որտեղ ասում են, հետագայում պետք է Ամերիկայից ֆինանսավորվող ինչ-որ քաղաքական-հետազոտական կենտրոն գործի: «Աշտարակ» կոչվող այս շենքում բնակարաններ ունեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սեփականատերերը` Նշան եւ Գեւորգ Աթայանները: Ի դեպ, ինչպես նշեցինք, «աշտարակի» ամեն մի հարկը մի բնակարան է: Բացի այդ, ով որ այդտեղ բնակարան կամ այլ տարածք է գնել, մինչեւ շենքի ավարտը, արժեքից բացի, պետք է հավելյալ 14 տոկոս էլ վճարեր: Իսկ ամբողջ աշխարհում ընդունված է, որ դա լինի 4-5 տոկոս: Սա էլ շահույթ ստանալու մեկ այլ վայրենի միջոց է:

Հյուսիսային պողոտայի կառուցապատման այս ողջ գործընթացն ամբողջացնելու համար, հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց բոլոր այն օրենքները, որոնք ընկած են կառուցապատման հիմքում: Այդ օրենքներից են բխել կառավարության համապատասխան որոշումները, որոնք վավերացրել է Ռոբերտ Քոչարյանը:

Հյուսիսային պողոտայի նախագիծն իրագործման առաջին իսկ օրից հասարակական մեծ բողոքների տեղիք է տվել: Եվ այդ բողոքի պատճառն այն էր, որ իշխանությունները մինչ նախագծի իրագործումը եւ հետո էլ թքած ունեին քաղաքի այդ հատվածներում բնակվող հարյուրավոր մարդկանց իրավունքների վրա: Ինչ խոսք, քաղաքի այդ հատվածը կիսաքանդ էր ու ավերված եւ վաղ թե ուշ պետք է կառուցապատվեր: Ի վերջո, այդ հարյուրավոր մարդկանցից շատերն էլ ապօրինի կամ կիսաօրինական կերպով էին այդ տարածքները զբաղեցրել: Բայց մեղավորը ոչ թե այդ սովորական մարդիկ են, այլեւ` այն պաշտոնյաները, որոնք ժամանակին համապատասխան գումարի դիմաց «թերի փաստաթղթեր» են տվել նրանց: Ինչ որ է՝ այդ մարդիկ այս երկրի քաղաքացիներ են եւ նրանց իրավունքները չպետք է անտեսել: Կարելի էր ագահություն չանել եւ մեկ-երկու շենք կառուցել, ու նրանց տեղավորել այդ շենքերում: Բացի այդ, կարող էին որպես նմուշ, թեկուզ` տուրիստների աչքի համար, երեւանյան մի քանի հին շենքեր պահպանել: Նույնիսկ կարող էին սովորական մարդկանց գրպանին մատչելի գներով բնակարանային շենքեր կառուցել, որոնց կարիքն այսօր կա, եւ շատ քչերն այսօր կարող են իրենց թույլ տալ «էլիտար» շենքերում բնակարան գնել: Հետաքրքիր զուգադիպություն. եւ Մոսկվայի, եւ Երեւանի ունեւորները մի տեսակ խուսափում են ապակեպատ նորակառույց բարձրահարկ շենքերում բնակարաններ գնելուց: Օրինակ, Մոսկվայում նույնիսկ գերադասում են ստալինյան շրջանի շենքերում բնակարան գնել: Ասում են՝ ավելի անվտանգ է: Պատճառը՝ շինարարությունների մեջ համապատասխան մասնագետների բացակայությունն է:

Իհարկե, քաղաքը պետք է զարգանա, պետք է կառուցվի: Բայց պետք է հստակ ծրագիր լինի, թե Երեւանի ապագան ինչպիսին է լինելու: Թե չէ՝ ով որտեղ հնարավոր էլիտար շենքի տեղ է տեսնում, հիմք է գցում: Եթե այս բոլոր հարցերի պատասխանները ճիշտ տրվեին, մարդկանց նկատմամբ դաժան ու բռնի որոշումներ չկիրառեին, շենքերի որակն ու քաղաքի զարգացման ծրագիրը, դեմքն ապահովեին, այդ դեպքում գուցե թե երեւանցիներն իսկապես հպարտանային Հյուսիսային պողոտայի գեղեցկությամբ: