Երկաթե վագոնի բնակիչները

31/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սենիկի ընտանիքը սիրված է ողջ գյուղի կողմից: Գյուղում նրանց փնտրելիս բոլորը Սենիկի մասին ասում են՝ «Շատ աշխատող, լավ մարդ է»: Սենիկն այն հազարավոր մարդկանցից մեկն է, ով ճգնաժամային տարիներին հայտնվել է փողոցում: 1993 թվականից ապրում են Գեղարդի գյուղապետարանի շենքի հարակից տարածքում տեղադրված վագոնի մեջ: Մինչ այդ, հայրական տունը գրավ դնելով՝ 22.000 ռուբլի վարկ է վերցրել, որպեսզի տուն կառուցի իր ընտանիքի համար, սակայն, երբ երկրում ամեն բան գլխիվայր շրջվել է, դրամն ու ռուբլին շփոթեցրել են մարդկանց՝ նրա տոկոսներն այնքան են ավելացել, որ հայրական տունը վաճառել եւ պարտքն է մարել: Ընտանիքով փողոցում է հայտնվել այնքան ժամանակ, մինչեւ երկաթե այս վագոնը գտել է: Սենիկը 4 երեխա ունի: Այդ երեխաների աչքերը դժվար կենսակերպից կորցրել են իրենց փայլը: Վագոն-տնակում նրանց պայմանները հնարավոր չէ նկարագրել. կարելի է ասել, որ դրսում են ապրում: Տանիքի վրա քարեր են դրել, որպեսզի ուժեղ քամին տանիքի երկաթե, բարակ ծածկոցները չքշի-տանի: Ասում է, որ երեխաները սկսել են հաճախակի հիվանդանալ, սակայն չեն կարողանում նրանց բժշկի տանել: Բժիշկներից մի տեսակ վախենում են: Փոքր աղջկա նշիկները ժամանակին բորբոքվել են։ Երեխային տարել են Գառնիի հիվանդանոց: Թեեւ բժիշկն ասել է, որ անհապաղ պետք է վիրահատել, այդուհանդերձ չի վիրահատել անհրաժեշտ 40.000 դրամը չմուծելու պատճառով: Ստիպված հիվանդ երեխային այդ վիճակում տուն են բերել: Հիմա վախենում են կրկին գնալ հիվանդանոց, որովհետեւ կարող է ավելի բարդ հիվանդություն հայտնաբերեն ու դարձյալ տուն ճանապարհեն: «Հիմա Անիս հիվանդ է, չի աճում, չի մեծանում»,- պատմում է հայրը ու աչքերը լցնելով` ասում է, որ կնոջ մոտ էլ էպիլեպտիկ նոպաներ են լինում, թեեւ գյուղում այդ մասին չգիտեն: «Փարոսից» ստացած 29.000 դրամ նպաստով ոչ մի հարց չեն կարողանում լուծել: Սենիկը սիրում է աշխատել, բանվորություն է անում՝ մեկի անասունն է պահում, մեկի խոտն է հնձում, մյուսի անասնագոմն է մաքրում: Ասում է՝ «Ամեն ինչ ձեռքիցս գալիս ա, ամեն գործ կանեմ երեխեքիս պահելու համար, միակ բանը, որ չեմ կարում անեմ՝ էդ պատ շարելն ա»: Կինն ամեն առավոտ գնում է դաշտերից կանաչեղեն հավաքելու, որպեսզի երեխաներին կերակրելու բան ունենան: Մեր այցելության ժամանակ նա «տանը» չէր, գնացել էր «բանջար» հավաքելու: Սենիկի խոսքերի մեջ միայնություն կա, որովհետեւ երեխաների խնամքը մեծ հաշվով իր ուսերին է: Կնոջ առողջական վիճակն անկանխատեսելի է, քանի որ հաճախակի է անկողին ընկնում: Կարիքները խեղդում են Սենիկին. «Որ տուն չկա՝ ոնց որ մեջքդ կոտրվի: Երեխեքս մեծանում են, էս վագոնում ապրել չի լինում էլ: Բախտս բերեց` լավ մարդիկ կան, ինձ օգնում են, հողատարածք են առել»: Սենիկի ընտանիքին ձեռք են մեկնել «Թուֆենկյան» եւ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական կազմակերպությունները: Կազմակերպությունների ներկայացուցիչները 345.000 դրամ հատկացնելով՝ այս ընտանիքի համար գնել են 1250քմ հողատարածք, որպեսզի հողագործությամբ զբաղվելով՝ կարողանան երեխաներին կերակրել: «Երեւի վագոնը հանեմ, տանեմ էդ հողատարածքում դնեմ, որովհետեւ էս գյուղապետարանի տարածքն ա: Հիմա հնարավորություն չունեմ էդ հողի մեջ տուն սարքեմ: Վագոնն էլ մինչեւ հասցնեմ էնտեղ՝ կփլվի, իրարահան կլինի, չգիտեմ ոնց պիտի անեմ»,- ասում է Սենիկը, որը հողատարածքի մասին խոսելիս ոգեւորվում-ուրախանում է: Երեխաներից Ալինան հարցերին կարճ ու կոնկրետ է պատասխանում, որովհետեւ հոգնած է: Ասում է, որ արթնանում է, գնում է դպրոց, իսկ վերադառնալուն պես լծվում է տնային գործերին: Չի հասցնում նույնիսկ դաս սովորել, ավելի կարեւորում է հորն օգնելը: Սենիկենց վագոնի մեջ, ուր երկաթե մահճակալներ են դրված, «ավելուկների» շարան է պարանով կախված: