Պատվաստումներ՝ կարմրախտի դեմ

31/05/2006

Դեռ չենք հասցրել թոթափվել թռչնագրիպի վտանգից, երբ մեզանում մեկ այլ վիրուս ատամները սրել է: Հատկապես դպրոցներում շատացել են կարմրախտի տարածման դեպքերը: Շատերն այդ պատճառով նույնիսկ վախենում են երեխաներին դպրոց ուղարկել: Սակայն, ի տարբերություն դպրոցականների ծնողների՝ մասնագետները կարմրախտի տարածումը դիտում են իբրեւ նորմալ երեւույթ եւ, ինչպես միշտ, կոչ են անում ամենեւին խուճապի չմատնվել: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը հաստատեց կարմրախտ հիվանդության տարածման հետ կապված շրջանառվող լուրերը, սակայն նա կարմրախտի առկայությունը համաճարակաբանական տեսանկյունից համարում է օրինաչափ: Նա խոսքերով՝ կարմրախտի պատվաստումները սկսվել են միայն 2002 թվականից, հետեւաբար ներկայիս վարակակիրը հանդիսանում է այն կոնտինգենտը, որը մինչ այդ կարմրախտի դեմ չի պատվաստվել: Կարմրախտը համարվում է օդակաթիլային ինֆեկցիա, ինչի պատճառով էլ վարակն արագ տարածվում է: Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա Լ. Թորոսյանը վստահեցնում է, որ դրանք ակտիվ կերպով արվում են, մասնավորապես` մեկուսացվում են վարակակիրները, պատվաստումներ են արվում, խիստ հսկողություն է սահմանվել: Թեեւ Լ. Թորոսյանն ասում է, որ կարմրախտի ուսումնասիրությունների մոնիտորինգ է անցկացվում, այդուհանդերձ չնշեց, թե թվով քանի մարդ է վարակվել կարմրախտով՝ պատճառաբանելով, որ մայիս ամսվա վերջին կամ հունիսի սկզբին միայն պարզ կլինի, թե ամսվա կտրվածքով կարմրախտով քանի մարդ է վարակվել: Ի դեպ, գլխավոր մասնագետի հավաստմամբ՝ ի տարբերություն կարմրախտ հիվանդության, նախորդ տարվա համեմատ այս տարի կարմրուկի նվազում է նկատվում:

Լ.Ս.