Միխալկովների ընտանիքը լեգենդներով հարուստ գերդաստան է, որի յուրաքանչյուր անդամ իր տեղն է գտնում արվեստում: Դերասան եւ կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի կինը` Տատյանան երկար ժամանակ իր հայտնի ամուսնու ստվերում էր եւ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվել կարծես թե չէր ձգտում:
Սակայն տասը տարի առաջ Տատյանա Միխալկովան մեծ հաջողությամբ իրականացրեց «Ռուսական սիլուետ» նախագիծը, որը նպատակ ուներ աջակցել երիտասարդ մոդելյորներին եւ խրախուսել հայրենական հագուստի արտադրությունը: «Ռուսական սիլուետ» մրցույթը ոչ պետական եւ ոչ կոմերցիոն նախագիծ է, որը միավորում է ԱՊՀ եւ Բալթյան երկրների դիզայներներին: Եվ, ինչպես ասում է այդ բարեգործական ֆոնդի նախագահ Տ. Միխալկովան` «Մրցույթը թեւեր, շանս եւ ցուցադրվելու հնարավորություն է տալիս երիտասարդներին»: Տարբեր քաղաքներում եւ երկրներում ընտրվում են լավագույնները, որոնց Մոսկվայի ցուցադրությանն են հրավիրում, եւ լավագույն դիզայներներին հետագա աշխատանքի ու ուսման հնարավորություն տալիս: Մրցույթի գլխավոր մրցանակը ոչ թե գումարն է, այլ երիտասարդ հաղթող դիզայներին՝ սեփական նախագծերով հագուստի վաճառքի եւ Նորաձեւության հայտնի տներում ուսանելու հնարավորության ընձեռումը: Հայաստանում «Ռուսական սիլուետն» արդեն չորրորդ անգամ է անցկացվում: Այս տարի կիսաեզրափակիչ փուլ էին անցել 20 դիզայներներ, որոնցից ընտրվել են երեք լավագույնները` Աննա Ղարիբյանը («Երկուսը մեկում» հավաքածու), Սյուզի Ավետիսյանը («Հայկական այբուբեն» հավաքածու) եւ Նեկտար Վասիլյանը («Նեոֆոլք» տղամարդկանց հագուստի հավաքածու): «Մենք միշտ շատ դժվարությամբ ենք ընտրություն անում, Մոսկվա կարող են երկու դիզայներ մեկնել, սակայն ամեն տարի Հայաստանից մենք ավելի շատ մարդ ենք հրավիրում»,- ասաց Տ. Միխալկովան: Այս տարի էլ, հունիսի 11-ին Մոսկվայում կայանալիք եզրափակիչ փուլ կարող է հրավիրվել եւս մեկ հայ դիզայներ` Գեւորգ Վարդանյանը, ում ապակուց պատրաստված երեկոյան զգեստները հիացրել են Տ. Միխալկովային: Եվ ինչպես ասաց «Ատեքս» նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինա Դնոյանը` տիկին Միխալկովան շատ է ուզում խախտել ընդունված կարգը եւ ավելի շատ հայ դիզայներների ցուցադրվելու հնարավորություն տալ: Ժամանակակից ազգային մոդայի հեղինակությունը բարձրացնելը Տ. Միխալկովան շատ կարեւոր է համարում: Եվ խորհուրդ է տալիս ավելի ուշադիր նայել շուրջը` տաղանդավոր մարդկանց նկատելու համար:
– Քանի որ մեր մրցույթը շահույթ չի հետապնդում, մենք շատ ազատ ենք մեր ընտրության մեջ, կարող ենք մեզ շքեղություն թույլ տալ եւ լավագույններին օգնել: Մեր դիզայներները լայն պրոֆիլի մասնագետներ են, կարող են զգեստի պատրաստման ամբողջական փուլն ինքնուրույն իրագործել: Իսկ երիտասարդ, թարմ արյունն ու նոր գաղափարներն ամեն տեղ են պետք: Ամենահայտնի ֆրանսիական եւ իտալական մոդայի տները, որոնք հայտնի մոդելյորների անուններ են կրում, վաղուց արդեն մեկ մարդու նախագծած զգեստներ չեն առաջարկում, այնտեղ դիզայներների ամբողջ մի խումբ է աշխատում: Եվ մոդայի տներն իրենց աշխատողների անունները հրապարակել չեն ուզում, բայց բոլորս գիտենք, որ նրանցից շատերը ռուսներ են: Մոդան եւ՛ բիզնես է, եւ՛ արվեստ: Ինչ վերաբերում է արվեստին, մենք շատ ուժեղ ենք: Կաղում է բիզնեսը: Հմուտ մենեջմենթ է պետք, իսկ գաղափարները Ռուսաստանում շատ ավելի թարմ ու հետաքրքիր են, քան Փարիզում: Իսկ Չինաստանն, օրինակ, որքան էլ ակտիվ ու լավ աշխատի, միշտ արվեստի կարիք կունենա: Սակայն չի կարելի մեր հագուստի շուկան Թուրքիային ու Չինաստանին հանձնել միայն այն պատճառով, որ նրանց արտադրած հագուստն ավելի էժան է: Մոդան քաղաքական եւ տնտեսական մեծ նշանակություն ունի, չի կարելի մեր բազմամիլիոնանոց շուկան օտարներին փոխանցել: Տնտեսությունների պայքար է գնում, եւ Ռուսաստանը նոր է սկսում այդ պայքարի մեջ մտնել: Շատ նորաձեւության տներ 150 տարվա պատմություն ունեն, իսկ մենք սկսնակներ ենք: Կարեւորն այն է, որ դիզայներներն իրենց սեփական երկրներում ընդունված լինեն, որ հնարավորություն ունենան զգեստներն իրենց հայրենակիցներին վաճառել: Ես, օրինակ, միշտ հագնվում եմ ռուս դիզայներների մոտ:
– Հնարավո՞ր է, որ հայկական մոդան միջազգային ասպարեզում լուրջ հաջողություն ունենա:
– Հայ դիզայներներին պետք է ակտիվորեն հագուստի արտադրության մեջ ներգրավել: Չէ՞ որ կար ժամանակ, երբ Հայաստանում պատրաստված հագուստն ու կոշիկները ողջ ԽՍՀՄ-ն էր հագնում: Հիմա Հայաստանում հիանալի դիզայներներ կան, օրինակ, Նեկտարը, ով իր ստաժիրովկան անցել է «Կլոդ Բոնուչչի» նորաձեւության տանը, կամ կոշիկների դիզայներ Գագասը, ում նախագծած երկարաճիտք կոշիկներն Ալլա Պուգաչովան, Քրիստինա Օրբակայտեն եւ Աբրահամ Ռուսոն են հագնում: Ես էլ եմ հագնում Գագասի կոշիկները: Բայց էլի եմ կրկնում, դիզայները պետք է սեփական երկրում ընդունված լինի: Իսկ այն երկրում, որտեղ այսքան շնորհալի դիզայներներ կան, պետք է զարգանա նաեւ ազգային արտադրությունը: Հուսով եմ, որ հայ արդյունաբերողները դրան կնպաստեն: Կարող եմ ասել, որ Մոսկվայում հայ դիզայներները միշտ աչքի են ընկնում: Նրանք տարբերվում են իրենց մինիմալիզմով, խստությամբ եւ մեծ վարպետությամբ:
– Կնոջ համար հաջողության հասնելն ավելի բարդ է, քան տղամարդու համար: Դուք նման դժվարությունների հանդիպե՞լ եք:
– Բոլոր կանայք են հանդիպում: Ես գիտեմ, որ Հայաստանում շատ ուժեղ են ընտանեկան արժեքները: Դա շատ կարեւոր է, քանի որ, կարծում եմ, կնոջ համար ամենագլխավորը մայր լինելն է: Սակայն միաժամանակ ափսոսում եմ, որ կանայք` ստանալով փայլուն կրթություն եւ ունենալով բազմազան շնորհքներ, մուտք չեն գործում ոչ հասարակական կյանք, ոչ էլ բիզնես: Այդ երկու ցանկությունները համատեղելն է ամենաբարդը: Եվ, իհարկե, պետք է տղամարդկանց աջակցությունը:
– Տղամա՞րդը պետք է կնոջը հնարավորություն տա:
– Հաճախ հենց տղամարդիկ են իրենց կարծիքը թելադրում: Առանց նրանց համաձայնության դժվար է: Հաջողության է հասնում այն կինը, ով կարողանում է ընտանիքն ու սեփական գործունեությունը հավասարակշռել:
– Ինչպե՞ս է ձեր ամուսինն ընդունել ձեր գործունեությունը:
– Կարելի է ասել, որ նա սկզբում իմ գործունեությունը, մեղմ ասած, չէր ողջունում: Նա իմ աշխատանքը որպես կանացի հերթական քմահաճույք էր ընդունում: Չգիտեմ՝ ինչո՞ւ: Երեւի նրա մեջ ինչ-որ հայկական բան կա (ծիծաղում է.-Ն. Հ.): Արեւելյան մենթալիտետը տղամարդուն թելադրում է, որ կինը պետք է տանը նստի, ինքնուրույն երեխաներ դաստիարակի` չվստահելով դայակներին ու մանկապարտեզներին: Ես մենակ եմ իմ երեք երեխաներին պահել: Սակայն, ամեն դեպքում, երբ երեխաներն արդեն մեծանում են, ու կինը ազատ ժամանակ եւ օդ է ունենում, նա ուզում է ինչ-որ բան անել: Ես պարզապես երջանիկ եմ, որ այս տասը տարիների ընթացքում կարողացա «Ռուսական սիլուետով» զբաղվել: Այդ մրցույթն ինձ համար կարծես թե հերթական` չորրորդ երեխաս է դարձել:
– Ձեր երեխաները հիմա դժվար թե ձեր խնամքի կարիքն ունեն:
– Երեխաներս մեծացել են, ակտիվ կյանքով են ապրում: Անեչկան այս տարի միանգամից երկու ֆիլմերում է նկարահանվել, այդ ֆիլմերը շուտով «Կինոտավր» կինոփառատոնում կցուցադրվեն: Արտյոմն ու Նադյան էլ են կինոյով զբաղվում: Բոլորն իրենց գործն ունեն ու խիստ զբաղված են: