Կաննի այս փառատոնն աչքի ընկավ աննախադեպ անակնկալներով: Առաջին անգամ լավագույն դերասանուհու մրցանակը շնորհվեց ոչ թե մեկ, այլ 6 հոգու` աշխարհահռչակ իսպանացի Պեդրո Ալմոդովարի «Վերադարձ» ֆիլմի դերասանուհիներին, այդ թվում` ռեժիսորի սիրելիներ Կարմեն Մաուրային եւ Պենելոպա Կրուսին: Ժյուրիի կարծիքով, կանայք հավասար էին այդ ֆիլմում, եւ դժվար էր նրանցից որեւէ մեկին առավելություն տալ: Բանն այն է, որ տաղանդավոր Ալմոդովարն իր ֆիլմերում հիանալի ձեւով ներկայացնում է կանացի կերպարները` կնոջ հայացքով: «Վերադարձ» ֆիլմը եւս բացառություն չէր: Այն համարվում էր այս փառատոնի հաղթողի գլխավոր հավակնորդը, բայց ժամանակն է` Ալմոդովարի ֆիլմերը, որոնց հետ մրցելը դժվար է, չընդգրկել կինոփառատոների մրցութային ծրագրերում: Այնուամենայնիվ, Ալմոդովարը մրցանակ ստացավ նաեւ սցենարի համար: Իսկ Կաննի փառատոնում 2 մրցանակը միեւնույն ֆիլմի համար արդեն ճոխություն է եւ եզակի դեպք: Չինացի ռեժիսոր Վոնգ Կար Վայի գլխավորած ժյուրին նման ժեստ արեց նաեւ տղամարդկանց նկատմամբ` Ռաշիդ Բուշարեբի «Տեղաբնակները» ֆրանսիական ֆիլմի 5 դերասաններին շնորհելով 1 մրցանակ լավագույն դերասանի համար: Ռեժիսուրայի համար Կաննի մրցանակը շնորհվեց մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին` «Բաբելոն» ֆիլմի համար, որը նույնպես համարվում էր «Ոսկե արմավենու» գլխավոր հավակնորդներից մեկը: Ռեժիսորը համաշխարհային ճանաչում գտավ իր նախորդ ֆիլմերից մեկի` «21 գրամի» շնորհիվ: Ֆրանսիացի Բրյունո Դյումոնի «Ֆլանդրիա» ֆիլմը, որը պատմում է պատերազմի մասին, արժանացավ «Գրան պրիին»: Ժյուրիի մրցանակը եւս բաժին ընկավ անգլիական ֆիլմի՝ Անդրեա Արնոլդի «Կարմիր ճանապարհ» ժապավենին: Կարելի՞ է արդյոք բրիտանական ֆիլմերի նկատմամբ նման բարյացակամ վերաբերմունքը բացատրել նրանով, որ ժյուրիի կազմում 2 անգլիացիներ կային՝ դերասաններ Թիմ Ռոտն ու Հելենա Բոնեմ Քարտերը: Դժվար է ասել: Փոխարենը, Կաննից ձեռնունայն հեռացավ լեգենդար Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի դուստրը` ռեժիսոր Սոֆյա Կոպպոլան, որի «Մարիա Անտուանետա» ժապավենը ոչ մի մրցանակի չարժանացավ: Հիշեցնենք, որ Կաննի կինոփառատոնը ոչ միայն ամենահեղինակավորն է աշխարհում, այլեւ աչքի է ընկնում համամարդկային արժեքներ պարունակող եւ բարձրորակ ֆիլմերով: