Արսեն վախենում է Դարչինյանից

31/05/2006

Թեթեւագույն քաշային կարգում IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հունիսի 3-ին ռինգ դուրս կգա իր տիտղոսը պաշտպանելու համար։ Նրա մրցակիցն է լինելու մեքսիկացի Լուիս Մալդոնադոն։ Դարչինյանի համար իր ներկայիս մրցակիցները թույլ են թվում եւ նա ցանկանում է ուժերը փորձել ավելի բարձր քաշային կատեգորիաներում։ «Ես պատրաստ եմ հանդես գալ առաջին թեթեւագույն, թեթեւ եւ անգամ կիսաթեթեւ քաշային կարգում։ Իմ քաշային կատեգորիայում ոչ ոք չի ուզում իմ դեմ դուրս գալ եւ ոչ ոք չի ձգտում տիտղոսների միավորմանը։ Ես մտածում եմ հաջորդ քաշային կարգ տեղափոխվելու մասին։ Ցանկանում եմ չեմպիոնների հետ հանդիպել»,- հայտարարել է Դարչինյանը։

Իսկ առաջիկա մենամարտի կապակցությամբ հայ բռնցքամարտիկն ասել է. «Գիտեմ, որ ստիպված եմ լինելու ցույց տալ իմ ողջ ունակություններն ու ուժը։ Մալդոնադոն լավ մարտիկ է, եւ ես պատրաստ եմ նրա հետ մենամարտին։ Դիոսադո Գաբիի հետ իմ վերջին մարտին ես նախապատրաստվել էի ընդամենը 3 շաբաթ։ Այս մարտին ես պատրաստվում եմ արդեն ավելի քան 8 շաբաթ, գտնվում եմ հիանալի մարզավիճակում եւ հուսով եմ՝ կկարողանամ ցույց տալ իմ ուժը»։

Չեմպիոնական տիտղոսը նվաճելուց ի վեր Դարչինյանն իր բոլոր մենամարտերն ավարտել է ժամկետից շուտ եւ հույս ունի շարունակել այդ ավանդույթը։ «Մարդկանց դուր է գալիս, երբ բռնցամարտիկը հաղթում է նոկաուտով։ Այդ պատճառով յուրաքանչյուր մարտում ես ներդնում եմ իմ բոլոր ուժերը»,- ասել է Դարչինյանը։

Մալդոնադոն մեքսիկացի է, եւ այս մենամարտին կհետեւեն մեքսիկացի շատ մարզասերներ։ Սա այն պատճառներից մեկն է, որը ստիպում է Դարչինյանին համոզիչ հաղթանակ տանել։ Նոկաուտի ենթարկելով Մալդոնադոյին՝ նա ցանկանում է ապացուցել WBC վարկածով աշխարհի չեմպիոն Խորխե Արսեի երկրպագուներին, որ վերջինս խուսափում է իր հետ մենամարտից։ «Այս տարվա սկզբին ես հատուկ գնացել էի Մեքսիկա՝ Արսեի մենամարտին։ Ես ասացի նրան՝ ուզում եմ պարզենք, թե մեզնից ով է ավելի ուժեղ։ Նա ընդունեց իմ մարտահրավերը եւ խոստացավ, որ մենք ռինգում կհանդիպենք։ Իսկ այժմ հայտարարում է, որ ցանկանում է տեղափոխվել թեթեւ քաշային կարգ։ Կարծում եմ՝ նա վախենում է ինձանից։ Եթե չի ցանկանում ինձ հետ մենամարտել, թող այդպես էլ ասի։ Իսկ եթե ստիպված է տեղափոխվում ավելի բարձր քաշային կարգ, թող ինձ տեղյակ պահի, եւ ես նույնպես կբարձրանամ՝ նրան հանդիպելու համար»,- հայտարարել է Դարչինյանը։