Փարիզում մեկնարկել է Մեծ սաղավարտի 4 մրցաշարերից հերթականը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը։ Այլ կերպ այն անվանվում է «Ռոլան Գարոս», եւ այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 12 մլն 265 հազար եվրո։ Հանդիպումներն անց են կացվում բացօթյա գրունտե կորտերում։
Առաջին փուլի արգելքը հաղթահարել են Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Կորոլյովը, Միխայիլ Յուժնին եւ Դմիտրի Տուրսունովը՝ հաղթելով, համապատասխանաբար, Սեպպիին, Տուսարին եւ Նովակին։ Հաջորդ փուլ են դուրս եկել նաեւ Գաստոն Գաուդիոն, Խուան Կառլոս Ֆերրերոն, Սեբաստիան Գրոժանը եւ Ռադեկ Շտեպանեկը։