Մինչ ավիավթարի ենթարկված «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող A-320 ինքնաթիռի սեւ արկղերը դուրս կբերվեին Սեւ ծովի ընդերքից, եւ մինչ այդ արկղերի ինֆորմացիան կվերծանվեր, ռուսական լրատվամիջոցներն իրար ետեւից ավիավթարի պատճառների տարբեր վարկածներ են տարածում իրենց լրատվամիջոցներով: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ավելի շատ ռուսական քարոզչության ազդեցության տակ է: Երեկ «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթը նոր վարկածներ էր առաջ քաշել, որոնք եւս ավիավթարի ամբողջ մեղավորությունը բարդում են օդանավի անձնակազմի, վառելիքի պակասի կամ VIP ուղեւորների վրա: Ըստ թերթի, փորձագետները ենթադրում են, որ ինքնաթիռի ծանրաբեռնվածության պատճառով վառելիքը կարող էր չբավականացնել: Հրապարակման հեղինակը ենթադրում է, որ A-320-ի միջոցով կամ հայկական տուֆ քար են փորձել տեղափոխել Սոչիում շինարարական աշխատանքների համար, կամ հսկայական հայկական խաչքար: