ԱԺ-ում «կինդեր սյուրպրիզ» որակավորումը ստացած ՄԱԿ-ը շարունակում է զարմացնել իր նոր անակնկալներով: Չնայած իշխող կոալիցիային ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հայտարարած սառը պատերազմին, իրենք, այնուամենայնիվ, համաձայնեցին զբաղեցնել ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո թափուր մնացած պաշտոնները: Մեկնաբանելով սառը պատերազմից հետո կոալիցիայի շրջանակներում պաշտոններ զբաղեցնելը, նա կարծիք հայտնեց, թե այդ ամենն անում են` ազգի շահերից ելնելով: «Եթե 2 օրով կարող ենք հայրենիքին օգտակար լինել, այդ 2 օրն էլ օգտակար կլինենք, վերջ»,- թեման փորձեց փակել Գ. Արսենյանը: Բայց նա երեկ վերահաստատեց, որ կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի հետ ունեն գաղափարական հակասություններ: «ՀՅԴ-ն, որպես ձախ աշխարհաքաղաքական ընկալումներ ունեցող կառույց, շարունակում է մնալ ազատական գաղափարախոսություն կրող ՄԱԿ-ի կողմից վիճարկող կողմ: Մենք գաղափարախոսական լուրջ վիճաբանություն ունենք եւ դա շարունակվելու է»,- իրենց գաղափարական պայքարը չդադարեցնելու մասին ազդարարեց Արսենյանը: Այդ դեպքում, օրինակ, ՀՅԴ-ն ինչպե՞ս է պատրաստվում համագործակցել Գ. Արսենյանի հետ: Մեր հարցին ի պատասխան` ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանն ասաց, որ իրենք գործելու են կոալիցիոն հուշագրի շրջանակներում` հանուն որոշակի խնդիրների լուծման: Իսկ այդ համագործակցությունը չի պարտադրում գաղափարական նույնացում: ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների կարծիքով, այսօր կոալիցիոն հուշագիրը թարմացնելու եւ կոալիցիայի կազմը ֆորմալ ընդլայնելու կարիք չկա: Հ. Կարապետյանի ասելով, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն հայտարարել են բոլոր ուժերի հետ գործակցելու իրենց պատրաստակամությունը, եւ կարեւորն այն է, որ այդ ուժերը կիսեն կոալիցիոն հուշագրի մեջ ամրագրված գաղափարները: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով` այդ գործընթացը դեռ խմորվում է, եւ հետո պարզ կլինի` անհրաժե՞շտ է նոր հուշագիր, թե՞ ոչ: Իսկ մինչ այդ, Գ. Արսենյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են նոր գրավոր հուշագիր կնքելու: «Եթե մեր փոխհարաբերությունները ֆորմալացնելու գրավոր առաջարկ լինի, ապա մենք դրան դրական կարձագանքենք»:
Ա.Գ.