Սիգարի «հրատապ» խնդիրը

30/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ԱԺ-ում հազվադեպ է ընդունվում այնպիսի օրենք, որով նախատեսվում է հարկային կամ մաքսային դրույքաչափերի նվազում։ Կոնկրետ այս նախագծով առաջարկվում է սիգարների ներմուծման համար սահմանված 1 մլն 500 հազար դրամը (1000 հատի հաշվով) նվազեցնել մոտ 3 անգամ։

Տվյալ դեպքում օրենքի փոփոխության ընդունումը քննադատության ենթարկվեց նաեւ այն պատճառով, որ նախագծի հեղինակը ՄԱԿ խմբակցության պատգամավոր Մնացական Պետրոսյանն էր։ Սիգարի ներկրմամբ այսօր հիմնականում զբաղվում է գործարար Պավել Խաչատրյանը («Պումա», «Դիադորա» ընկերությունների ներկայացուցիչը), որն ընկերական հարաբերություններ ունի ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ։ Բացի այդ, տարբեր հրապարակումներ եղան, թե Գ. Արսենյանն ինքն է պատրաստվում սիգար ներկրել: Եվ օրինագծի ընդունումը դիտարկվեց հենց այս համատեքստում` նաեւ քաղաքականացվելով։ ՄԱԿ-ը փաստացի զբաղեցրեց ՕԵԿ-ի տեղն իշխանական կոալիցիայում եւ որոշ իմաստով մտավ պատասխանատվության տակ։ Եվ քանի որ օրինագծի ընդունումը համընկավ քաղաքական իրադարձություններին, ապա այն ընկալվեց որպես «վերեւների» կողմից ՄԱԿ-ին տրված պարգեւ։ Մի կողմից թողնելով քաղաքականությունը եւ բարեկամախնամիական հարաբերությունները` եկեք փորձենք հասկանալ` արժե՞ քննադատել այս փոփոխությունը, թե՞ ոչ։ Ի վերջո, քննադատության պետք է ենթարկվեն այն տնտեսական օրենքներն ու որոշումները, որոնք վնաս են հասցնում երկրին։ Գործարարի տեսակետից` սա իսկապես դրական քայլ է։ Դրույքաչափի նվազումը նշանակում է ցածր ինքնարժեք եւ ավելի մեծ սպառում։ Նույն տրամաբանությամբ, շահում է նաեւ սպառողը, քանի որ հաստատագրված վճարի բարձր դրույքաչափն, ի վերջո, դուրս է գալիս նրա գրպանից։

Սա չի խանգարում նաեւ տեղական արտադրողներին։ Ներմուծման դրույքաչափերի իջեցման դեմ հիմնականում բողոքում են նույն ապրանքի հայրենական արտադրողները` դա հարվածում է նրանց շահերին։ Այս դեպքում դա ընդհանրապես տրամաբանությունից զուրկ է, քանի որ Հայաստանում սիգար արտադրող չկա։

Մնաց պետության շահը, ավելի ճիշտ` վնասը, որը կարելի է դիտարկել բյուջե մտնող գումարների նվազում։ Եթե դրույքաչափը նվազում է, ըստ էության, նվազում են նաեւ այդ գումարները։ Արդյո՞ք դա այդքան աղետալի է։ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000թ. մարտին։ Ըստ այդ օրենքի, հաստատուն վճար մուծող են համարվում 10 հատից ավելի սիգար ներմուծողները։ Ըստ նույն այդ օրենքի` յուրաքանչյուր սիգարի համար սահմանված էր 3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` անկախ սիգարի արժեքից։ 2005թ. մայիսին տեղի ունեցավ փոփոխություն, որով 1000 ներմուծվող սիգարի համար սահմանվեց 1 մլն 500 հազար դրամ, հատին` 1500 դրամ։ 2005թ. Մաքսային պետական կոմիտեի տվյալներով Հայաստան է ներկրվել ընդամենը 400 հատ սիգար, որի դիմաց բյուջե է վճարվել 600 հազար դրամ։ Այս մասին երեկ մեզ տեղեկացրեց նախագծի հեղինակ Մնացական Պետրոսյանը։ Սակայն վերջինիս հավաստմամբ, իրականում հանրապետության շուկա է մտել 20 հազար հատ։

Պրն Պետրոսյանի ներկայացրած թիվն, իհարկե, սուբյեկտիվ գնահատական է։ Ծխախոտի ոլորտին մոտ կանգնած մարդիկ գտնում են, որ այդ շուկան Հայաստանում շատ փոքր է։ Սիգար ծխում է միայն ունեւոր խավը, այն էլ` ոչ բոլորը։ Եվ նրանք էլ գնում են ոչ թե այստեղի խանութներից կամ կրպակներից, այլ հիմնականում բերում են արտասահման կատարած այցելություններից կամ պարզապես նվեր են ստանում։ Հեղինակություն վայելող խանութներից մեկի սեփականատերը մեզ տեղեկացրեց, որ 2 ամսվա ընթացքում վաճառվել է ընդամենը 2 սիգար։

Սակայն այն, որ Մաքսային ներկայացված «400 հատ» թիվը չի արտացոլում իրական պատկերը` կարելի է ապացուցել ընդամենը 1 փաստով։ Այսօր Հայաստանում կարելի է սիգար գնել 1200 դրամով, այսինքն, ավելի ցածր` քան դրա համար նախատեսված 1500 դրամ վճարն է։ Սա նշանակում է, որ սիգար ներմուծողները շրջանցում են Մաքսայինը։ Պրն Պետրոսյանը նաեւ նշեց, որ Հայաստան մտնող սիգարների մեծ մասը գնվում է «duty free» խանութներից։ Ի մի բերելով` կարելի է ասել, որ մեր տնտեսությունը գործող օրենքից առանձնապես չի շահում եւ երեւի թե չարժե դրան չափից շատ ուշադրություն դարձնել։ Իսկ թե գործնականում ինչ օգուտ կտա փոփոխության ընդունումը, ցույց կտա ժամանակը։ Մ. Պետրոսյանը թեեւ չնշեց, թե ովքեր են լինելու պոտենցիալ ներկրողները, համոզմունք հայտնեց, որ դրական արդյունքը շոշափելի կլինի։ Նա առաջարկեց հետեւել սիգարի գծով վճարված գումարների դինամիկային` հավաստիացնելով, որ տարբերությունն այժմյան եւ ակնկալվող ցուցանիշների մեջ էական կլինի։ Մենք սիրով կհետեւենք պրն Պետրոսյանի խորհրդին եւ երեւի «ձեռքի հետ» էլ կպարզենք, թե, այնուամենայնիվ, ովքեր են այսօր այդքան մտահոգված սիգարի հայ սիրահարների շահերով։