Կառավարության շռայլ նիստ

30/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է Դուշանբեից վերադարձած վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Հիշեցնենք, որ վերջինս այնտեղ մասնակցում էր ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին։ Երեկվա նիստն աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ։ Մենք կփորձենք «ծաղկաքաղ» անել եւ ձեզ ներկայացնել առավել հետաքրքիր որոշումները։ Սկսենք նրանից, որ կառավարությունը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ ապահովել նախարարության ենթակայության «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի օգուտների հաշվին 2006թ. ընթացքում 950 մլն դրամ գումարի չափով ֆինանսական օգնության տրամադրումը «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ վերջինիս կողմից Ծաղկաձորի ճոպանուղու 4-րդ հերթի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու համար: Որքան գիտենք՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցները գոյանում են նվիրատվությունների հաշվին, ոչ թե պետության միջոցների։ Սակայն ավելի հետաքրքիր է այն, որ այդքան գովերգվող ավանդների վերադարձման համար նախատեսվել էր գրեթե նույնքան գումար՝ 1մլրդ դրամ։ Ընդ որում, արդեն պարզ է, որ այն չի բավարարելու, եւ հիմիկվանից հասկացնում են, որ մարդկանց մի մասը գումարները ստանալու է հաջորդ տարի։ Ստացվում է՝ ճոպանուղու 4-րդ հերթն ավելի կարեւոր է, քան իրենց ավանդների վերադարձին սպասող՝ հիմնականում տարեց եւ անապահով վիճակում գտնվող մարդկանց խնդիրները։ Այն դեպքում, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարիներ շարունակ տելետոնի շնորհիվ գումարներ է հավաքում Ղարաբաղում ճանապարհաշինության եւ վերականգնողական այլ աշխատանքների համար, հայրենի կառավարությունը 960մլն դրամ է տրամադրում ճոպանուղու 4-րդ հերթի կառուցմանը:

ՀՀ կառավարության երեկվա նիստից ուշադրություն գրավեց նաեւ այն որոշումը, որ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 105 մլն դրամ է հատկացրել ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը (ԱՏԶՆ)՝ «VEYA investment Limited» ընկերությանն ունեցած պարտքը մարելու համար։ Ռուսական այս ընկերությունը Հայաստանի փոխարեն վճարել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին 2002-2003թթ. անդամավճարի գծով կուտակած 250 հազար ԱՄՆ դոլարը։ ԱՏԶՆ Գիտության եւ տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Խանդանյանը մեզ տեղեկացրեց, որ Հայաստանն իր ունեցած պարտքերի պատճառով կարող էր զրկվել ձայնի իրավունքից։ Իսկ այդ ինստիտուտի դերը, պրն Խանդանյանի խոսքերով, շատ մեծ է. Հայաստանը հանդիսանում է դրա հիմնադիր անդամներից մեկը, եւ մեր երկրից այդտեղ աշխատում է 20-ից ավելի մարդ։ «Նախկինում կուտակված պարտքերը զրոյացվել են, վերջին տարիներին պարտաճանաչ կերպով վճարել ենք։ Մնացել էր «VEYA investment Limited»-ին ունեցած պարտքը, որը որոշեցինք փակել»,- ասաց պրն Խանդանյանը։ Իսկ հանուն ինչի՞ է այդ ընկերությունը որոշել մեզ լավություն անել՝ ըստ էության, պարտք տալ, այն էլ՝ առանց տոկոսի։ Ա. Խանդանյանը կոնկրետ պատճառ դժվարացավ նշել՝ համարելով ավելի շուտ որպես բարի կամքի դրսեւորում։ Նա նաեւ կարծիք հայտնեց, որ միգուցե ընկերության նման որոշման վրա ազդել է այն հանգամանքը, որ այնտեղ աշխատում են մեծ թվով հայեր։ Որոշումների թիվը շատ է եւ դրանց մեջ կան ոչ պակաս հետաքրքիրները։ Սակայն, չգիտես ինչու, կառավարությունն ամենահրատապը համարել էր բնապահպանությունը։ Նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսը նվիրված էր «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հողերի ռեկուլտիվացիայի (վերականգնման) խնդիրներին։ Թեեւ հենց բանախոսի՝ բնապահպանության փոխնախարարի խոսքերով, «գրվում են օրենքների սիրուն-սիրուն դրույթներ», բայց վերահսկելու մեխանիզմներ չկան։ Օրինակ, Սեւանա լճից թույլատրվում է որսալ «կարաս», սակայն ցանցում կարող է լինել նաեւ «սիգ», եթե այն չի գերազանցում ձկների ընդհանուր քանակի 10%-ը։ Հիմա ո՞վ եւ ո՞նց պետք է հաշվի՝ «սիգերը» 10% ե՞ն, թե՞ 11։ Փոխնախարարի կարծիքով, իրենց ուժերը բավարար չեն, եւ ակնկալում են իրավապահների օգնությունը։ Մնում է` վերջիններս համաձայնեն, իրենց բանուգործը թողնեն ու ձուկ հաշվեն։