Տիգրան-Մեծի 4 հասցեում, «Երեւան» կինոթատրոնի հարեւանությամբ եւ գրեթե հրապարակում գտնվող Պետական գույքի կառավարման վարչության եւ «Հանարդնախագիծ ինստիտուտ» ԲԲԸ շենքի տանիքում կառուցապատման աշխատանքներ են ընթանում՝ վեցերորդ հարկ են կառուցում:
Այս երեւույթը մեր ժամանակների Երեւանի համար խիստ բնութագրական է: Մայրաքաղաքում քիչ չեն այն շենքերը, որոնց վրա հարկեր են ավելացրել: Իհարկե, այս դեպքում խախտվում է շենքի եւ՛ ճարտարապետական տեսքը, եւ՛ սեյսմակայունությունը: Բայց երբ մենք նման մտահոգությամբ դիմում ենք կառուցապատողներին, նրանք մեզ են ներկայացնում օրենքով սահմանված բոլոր փորձաքննություններն անցած եւ թույլտվություն ստացած ճարտարապետական նախագիծ: Սա նշանակում է, որ եթե թույլ են տվել, ուրեմն կարելի է, եթե կարելի է, ուրեմն ոչինչ չի խախտվել: Մենք չենք բացառում, որ նման դեպքեր էլ են եղել, բայց վստահ ենք, որ մեծամասամբ այդպես չէ:
«Հանարդնախագիծ ինստիտուտի» տնօրեն Ֆելիքս Ղազարյանը հավատացնում է, որ դեռեւս խորհրդային տարիներին է նախատեսված եղել այդ շենքի վրա 6-րդ հարկ ավելացնելը, եւ Մհեր Մկրտչյան փողոցի կողմից մի փոքր հատվածում կառուցվել է, որտեղ գործում է «Ատոմպետհսկողություն» ընկերությունը: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է, եւ բոլոր թույլտվություններն էլ ունեն: Ուղղակի շենքը հետաքրքիր պատմություն ունի. դրա բաժնեմասի 48,67 տոկոսը տնօրինել է ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Քաղաքաշինության նախարարության, իսկ 51,33 տոկոսը՝ «Հանարդնախագիծ ինստիտուտը»: Երբ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի լիազորություններն ընդլայնվեցին, ու որոշ կառույցներ ավելացան նրա ղեկավարման ոլորտում, նա դարձավ սուպերնախարար եւ իր համար նախարարության շենք պահանջեց: Կառավարությունը նրան հատկացրեց Պետական գույքի կառավարման վարչության տարածքները, վերջինիս էլ տեղափոխեցին «Հանարդնախագիծ ինստիտուտի» շենքը: Մինչ այդ էլ վարչության որոշ բաժիններ վարձակալական հիմունքներով զբաղեցնում էին ինստիտուտի տարածքները: Հետո կառավարությունը 2005թ. 304 որոշմամբ իր բաժնեմասը՝ 4600 քմ, հանձնեց այդ վարչությանը: Բայց շենքի այն մասը, որը պետք է զբաղեցներ վարչությունը, ուներ ընդամենը 4100 քմ, մնացած 500 քմ պետք է կտրվեր ինստիտուտի անկյունային շինությունից, ինչը հարմար չէր: Երեք կողմերով փոխհամաձայնության են եկել եւ որոշել են, որ այդ միջանկյալ կառույցը մնա ինստիտուտին, դրա փոխարեն ինստիտուտը Պետգույքի կառավաման վարչության թեւի վրա իր միջոցներով ավելացնի 6-րդ հարկ եւ փակի 500 քմ-ի պարտքը: Ինչը եւ արվել է:
Ֆ.Ղազարյանի ասելով` շենքի՝ իրենց հատվածի 6-րդ հարկը որոշել են նպատակային օգտագործել: Ի դեպ, ինստիտուտը բաց բաժնետիրական ընկերություն է եւ, տնօրենի ասելով, ունի 333 բաժնետեր: Ֆ.Ղազարյանը հավատացնում է, որ նույնիսկ 90-ականների դժվարին տարիներին իրենք ապահովված են եղել նախագծային պատվերներով: Հիմա որոշել են ինստիտուտի ներսում ստեղծել նախագծերը փորձաքննության եւ տեխնիկական վերահսկողության ենթարկող կառույցներ: «Այսինքն` նախագծից հետո ամբողջ այն գործընթացը, որ կապված է որակի, տեխնիկական հսկողության հետ, նույնպես մենք կատարենք: Պատվիրողն այն հաստատելու համար չվազի քաղաքապետարան կամ այլ տեղ,- ասում է պարոն Ղազարյանը: -Մենք ուզում ենք այդ պարտականությունը վերցնել մեզ վրա եւ հեշտացնել նրա գործը: Մենք նույնիսկ ուզում ենք տարածքներ վարձակալության տալ այնպիսի շինարարական կազմակերպության, որը ունենա բարձր հեղինակություն, եւ պատվիրատուն իր կառուցապատման աշխատանքները նրան տա, չընկնի շինարար ման գա: Այսինքն՝ պատվիրատուն մտնի այս շենքը, ստանա եւ՛ նախագիծը, եւ՛ փորձաքննությունը: Ցանկացած պատվիրատուի համար դա շատ ձեռնտու է»: Կառուցապատողը քաղաքապետարանից ստանում է երկու թույլտվություն, առաջինը` շենքի ճարտարապետական առաջադրանքն է, երկրորդը՝ բոլոր փորձաքննություններով անցած նախագծի հաստատումը: Պարոն Ղազարյանի ասելով` իրենք ցանկություն ունեն նաեւ ստեղծել այնպիսի կառույց, որը լիազորություն ունենա կատարել քաղաքապետարանի երկրորդ՝ նախագիծը հաստատելու գործողությունը: Այս մասով արդեն շատ հետաքրքիր հեռանկարներ են բացվում: Նախագծող ինստիտուտ, որը կունենա իր նախագիծը փորձաքննող, վերահսկող, հաստատող կառույցներ, ինչո՞ւ չէ, նաեւ իրականացնող շինարար: Սա պատվիրատուի համար ձեռնտու տարբերակ է միայն առաջին հայացքից: Ավելի խորը դիտարկելուց այստեղ մեծ վտանգ կտեսնենք: Պատվիրատուն գայթակղվելով՝ ամեն ինչ մի շենքի ներսում՝ գաղափարից, կարող է չնկատել, որ իր նախագծի փորձաքննությունը, վերահսկողությունը եւ մնացած գործընթացները կարող է ձեւական բնույթ կրեն: Դե, պատկերացրեք, հնարավո՞ր է, որ նույն կառույցն իր նախագիծը փորձաքննի եւ չընդունի: Կամ նույն վերահսկողն ունեցող շինարարը որակով աշխատի: Քիչ է հավանական, չէ՞: Տպավորություն չստեղծվի, թե կասկածում ենք ինստիտուտում աշխատող մասնագետների վարպետության վրա: Ուղղակի այս պարագայում պատասխանատվությունն է թուլանում: Մի քիչ էլ տարօրինակ է թվում, որ քաղաքապետարանն իր լիազորությունները կիսի նախագծողի հետ: Չէ՞ որ, ոչ մեկը չի կասկածում, որ այդպիսի գործերի ժամանակ քաղաքապետարանի պաշտոնյաները մեծ գումարներ են աշխատում: Բայց պարոն Ղազարյանը հույս ունի: Այնպես, ինչպես քաղաքաշինության նախարար Ա. Հարությունյանն ընդառաջեց իրենց խնդրանքին եւ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ընկերությունը տեղափոխեց ինստիտուտի երրորդ հարկ՝ հեշտացնելով իրենց գործը: Ֆ.Ղազարյանը ժխտում է, որ Ա. Հարությունյանը որեւէ կապ ունի իրենց հետ: «Մենք անկախ ընկերություն ենք եւ քաղաքաշինության նախարարությանը չենք ենթարկվում»,- ասում է տնօրենը: Նախարարն էլ է ժխտում, որ կապ ունի ինստիտուտի եւ նոր կառուցվող 6-րդ հարկի հետ: Ուղղակի Ա. Հարությունյանը նրանց է տվել ԱԺ-ի նոր կառուցվող շենքի նախագծման պատվերը: Այստեղ մեզ մոտ կասկած է առաջացնում, որ հենց ինքն էլ կանգնած է այդ ինստիտուտի ետեւում: Հիշեցնենք, որ Ա.Հարությունյանը ԱԺ նախագահ ՕԵԿ առաջնորդ Ա. Բաղդասարյանի կուսակիցն էր ոչ վաղ անցյալում: Այդ կապն օգտագործելով է նա ինստիտուտին պատվեր տվել: Եվ որքան էլ ժխտի, թե ինստիտուտի հետ կապ չունի, կամ որքան էլ Ֆ. Ղազարյանը պնդի, որ նախարարն իրենց ընդառաջում է զուտ բարոյական տեսակետից, միեւնույն է, այս պատմության ետեւում Ա. Հարությունյանի հովանավորչությունն է երեւում:
Հ.Գ. Այս շենքն իր մեծությամբ ու դիրքով շատերին է գայթակղել: Ժամանակին դրա վրա աչք ուներ նաեւ քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյանը: Հիշեցնենք, որ շենքի 48 տոկոսի բաժնետերն այդ նախարարությունն էր: Ասում են՝ շենքը շատ էր դուր եկել Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին ու բազմաթիվ կուսակցությունների ղեկավարների: Բայց Ֆ.Ղազարյանի ասելով` ինքը կարողացել է դիմակայել բոլոր գայթակղություններին: