Երբ չտեսը տղա է ունենում

30/05/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երկուշաբթի օրը «Հայլուրն» իր առաջաբանը նվիրեց Հունաստանից վերադարձող Անդրեի եւ նրան ուղեկցող ողջ շքախմբի դիմավորման արարողությանը: Ռեպորտաժի պաթոսը թեեւ շատ էր, սակայն նաեւ հասկանալի՝ երիտասարդն, ի վերջո, հայ է, գրավել է 8-րդ տեղը, ապահովել է հաջորդ տարվա մասնակցի մուտքը եզրափակիչ, արդարացրել է այդ գործի մեջ ներդրած մեծ փողերը: Հաճելի էր բոլորիս: Այս ռեպորտաժին, սակայն, չհաջորդեց Սեւ ծովից առաջին սեւ արկղի դուրսբերման լուրը եւ ոչ էլ հայոց խորհրդարանում զարգացող իրադարձությունների մասին պատմող նյութը: Բնա՛վ: «Հայլուրի» հեռուստադիտողներին մատուցված հաջորդ նյութը ռեպորտաժ էր Արցախից՝ հայ ժողովրդին ներկայացվեց Անդրեի դառը մանկությունը, վարդագույն պատանեկությունն ու խոստումնալից երիտասարդությունը: Ղարաբաղ: Տարեց մարդիկ: Նաեւ մանուկներ: Դպրոց, որին բախտ է վիճակվել կրթել Անդրեին: Ահա եւ ինքը՝ Անդրեն, տակավին պատանի: Դպրոցի բեմից ինչ-որ բան է երգում ռուսական էստրադայից… Երբ մոտ երկու ամիս առաջ զրուցում էիք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, վերջինս դառնորեն պատմում էր, թե որքան դժվար է հաշտվել հայերի այն գավառամտությանը, երբ թվում է, թե մինչ մենք մշակույթ էինք ստեղծում, մնացած ազգերը դեռ ծառերի վրա էին: Եթե այդպես է, այդ դեպքում՝ ո՞ւմ եք հիմարացնում «Եվրատեսիլին» նախորդած եւ հաջորդած այդքան ագրեսիվ տեղեկատվությամբ: Հինգշաբթի Հ1-ը դարձյալ իր տաղավար էր հրավիրել արդեն մահու չափ ձանձրացրած մարդկանց նույն կազմին, այս անգամ` նաեւ քննարկելու «Եվրատեսիլում» առաջին տեղը զբաղեցրած «Lordi» խմբի «լեզուն եւ ոճը»: Քիչ ավելի ուշ բոլոր լրատվական ծրագրերում արդեն ԱԺ Երիտասարդության, մշակույթի եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն էր պատմում, թե ինչպես է ստացվում, որ երբ հայերն ուզում են` կարողանում են, եւ Անդրեին հանձնեց հուշանվեր-ժամացույց: Թերեւս ավելորդ է ասել, որ բոլորս էլ ցավում էինք մեր երկիրը ներկայացնող երգչի համար ու սպասում նրա հաղթանակին, եւ հաճելի էր, երբ առաջին անգամ մասնակցած երկիրը լավագույն տասնյակում զբաղեցնում է 8-րդ տեղը: Սակայն այս իրադարձությունը ներկայացնել որպես հայոց դարավոր իղձերի գագաթ, եթերը գիշեր-ցերեկ ողողել երգով, որն արդեն հասցրել է բոլորին ձանձրացնել` նշանակում է` բոլորին թուլամիտի կամ անճաշակի տեղ դնել: Անդրեն շնորհալի երիտասարդ է, սակայն մեր երկրում տեղի ունեցող եւ մեր երկիրը դրսում առաջին տեղի մակարդակով ներկայացնող մյուս արվեստագետներին ստորադասել «Եվրատեսիլում» պատվավոր, սակայն ութերորդ տեղ գրաված երգչին, իսկական գավառամտություն է: 2005 թվականին Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյանն իր բնակարանի վաճառքից ստացված միջոցներով նկարահանեց Շեքսպիրի «Համլետը»: Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում «Լավագույն դերի համար» անվանակարգում Մուրադ Ջանիբեկյանը զբաղեցրեց առաջին տեղը: Լոս Անջելեսի կինոփառատոնի ժամանակ գրավեց առաջին տեղն՝ այս անգամ արդեն լավագույն ռեժիսուրայի համար: Սակայն այս բոլորը մանրուք է եւ բնավ կարոտ չէ լուսաբանման, քանի որ հասարակությունն ավելի հեշտ եւ առանց իր ինտելեկտին նեղություն տալու՝ ընկալում է «Եվրատեսիլի» մասին ռեպորտաժները, քան, ասենք, Համլետի մենախոսությունը: Հոգեբանության թեկնածու Անժելա Վարդանյանը չի ընդունում մեր տեսակետը՝ ներկայացնելով իր հիմնավորումները. «Անդրեն արդարացրեց այդ գործում ներդրված ոչ փոքր գումարները: Նա մյուս տարվա եզրափակիչում ապահովեց հաջորդ մասնակցի մուտքը: Նա աստղ է, եւ շոու-բիզնեսի կանոնները թելադրում են, որ նրա մասին հետաքրքիր է ցանկացա՛ծ ինֆորմացիան: Կարեւորն այն է, որ նա լավագույն տասնյակում էր, այդքանն արդեն բավական էր»: Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հարություն Մարությանն, օրինակ, մեր դիտարկմանն ի պատասխան՝ նշեց, որ Անդրեի հերոսական անցյալի ներկայացումը, մանավանդ` պաշարված Ստեփանակերտում, տասնյակ հազարավոր այլ մարդկանց հետ, լրացուցիչ կռվան է ինչ-որ մի կերպարի հերոսականացման համար. «Դա կուռքի ստեղծման անհրաժեշտ էլեմենտներից մեկն է՝ այն, որ նա ունեցել է դժվարին մանկություն եւ պատանեկություն, սակայն իր աշխատասիրությամբ կարողացել է հասնել ինչ-ինչ նվաճումների: Պարզապես լրատվության մեջ ուռճացված պահը շատ էր»: Ըստ պարոն Մարությանի՝ դա պետական քաղաքականության, գաղափարախոսության դրսեւորում է. «Այս ողջ բարձրացված աղմուկն, իմ կարծիքով, մաս է կազմում պետական այն մոտեցման, որ մենք նորանկախ Հայաստանում կարողանում ենք ստեղծել եվրոպական մակարդակի ինչ-ինչ բաներ, մասնավորապես այնպիսի բնագավառում, ինչպիսին փոփ երաժշտությունն է, ուր կան տասնյակ, հարյուրավոր մրցակիցներ, բայց, ա՛յ, մեր երիտասարդ հանրապետությունը կարողանում է հաղթահարել այդ դժվարությունը եւ ներկայանալ եվրոպական մակարդակով: Ընդհանուր միտումը դա էր: Այսինքն, հազիվ մի բան են գտել եւ ցանկանում են դա վերածել շոուի: Ինչո՞ւ է այս պարբերականությամբ եւ այսկերպ լուսաբանվում՝ որովհետեւ Անդրեն դառնում է պետական գաղափարախոսության վինտիկ: Այն, որ եզրափակիչը դեռ չէր էլ սկսվել, սակայն մարդիկ արդեն միմյանց շնորհավորում էին Հ1-ով՝ «մեր հաղթանակը, նրա հաղթանակը, մերն ամենալավն է, մենք վերադառնալու ենք առաջին տեղով», ինձ համար չափազանց տհաճ էր, կարող եմ ասել՝ զզվելի էր: Եվ հակասություն էլ կար՝ մի կողմից ասում էին՝ մեր երգը լավն է, մյուս կողմից` խաղադրույքը կատարվում էր հայկական համայնքների քվեարկության վրա: Սա հակասություն է, որը քննություն չբռնեց եւ չհաղթահարվեց: Իմ կարծիքով` ամենահաջողվածը Բոսնիայի ներկայացուցիչների ելույթն էր: Նրանք իրենց գնահատականները ստացան հենց երգի շնորհիվ»:

Մեզ հետաքրքիր էր նաեւ դերասան Մուրադ Ջանիբեկյանի տեսակետը՝ ինչո՞ւ ամերիկյան միջազգային կինոփառատոներում իր զբաղեցրած առաջին տեղերի մասին լուրերը շռնդալից մեկնաբանությունների ու գնահատականների չեն արժանանում, ինչո՞ւ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը նրան հուշանվեր չի տալիս: Դերասանի կարծիքով՝ հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ հաջողություն ունենալու համար կա՛մ պիտի լինես, մեղմ ասած, ո՛չ ՀՀ քաղաքացի, կա՛մ «գալուբոյ», «իսկ եթե բախտդ բերում է, եւ կարողանում ես համատեղել միանգամից այս երկու արժանիքը, բոլոր դռները քո առաջ բացվում են»:

Վերջում դարձյալ կրկնենք՝ վերին աստիճանի հաճելի էր հայ կատարողին տեսնել եվրոպական նման մրցույթին՝ առաջին տասնյակում, սակայն այն ամենն, ինչ կատարվում էր մինչ մրցույթն ու հատկապես դրա առաջին փուլից հետո, հիշեցնում է այն չտեսի պատմությունը, որը տղա է ունենում…