Սահմանադրությանը սպասելիս

30/05/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ինչպես վերջերս հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ, ԼՂՀ Սահմանադրության մշակման աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Զալինյանը, Սահմանադրության մեջ կամրագրվի կիսանախագահական հանրապետության գաղափարը:

Ղարաբաղում, կարծես, երկրի որոշ զարգացումների «ձգձգումը» կապում են հենց Սահմանադրության ընդունման հետ: Ասենք` օմբուդսմենի ընտրությունը: Հայտնի է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը ԼՂՀ-ում ընդունվել է անցյալ տարվա փետրվարին, իսկ ուժի մեջ է մտել մարտից: Օրենքի համաձայն, 2 ամսվա ընթացքում պետք է ընտրեին պաշտպանին, սակայն մինչ օրս դա չի արվել: Հարցի առնչությամբ ԼՂՀ ԱԺ-ում ընդգրկված խումբ-խմբակցությունները տարբեր կարծիքներ ունեն, չնայած բոլորն էլ կարեւորում են այդ ինստիտուտի ստեղծումը: «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբի անդամ Գեղամ Բաղդասարյանը խիստ կարեւորում է օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը, մանավանդ, որ երկիրը չունի Սահմանադրություն եւ ՍԴ: «Ընդհանուր առմամբ, երկրում չունենք մարդու իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմներ: Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր խումբը չի կարողանում օմբուդսմենի թեկնածու առաջադրել, այն պատճառով, որ բացի երկրի նախագահից, թեկնածու առաջադրելու իրավունք ունեն նաեւ խորհրդարանի 1/5 պատգամավորները»,- ասաց նա: ԱԺ-ում պատգամավորների թվաքանակով 2-րդ` «Հայրենիք» խմբակցության անդամ Գագիկ Պետրոսյանը ոչ կոռեկտ է համարում խմբակցության կողմից թեկնածու առաջադրելը, քանի որ «ԱԺ-ում առկա է քաղաքական մեծամասնությունը»: Իսկ մեծամասնություն կազմող «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Յուրի Հայրապետյանը փաստեց, որ մինչեւ այժմ որեւէ թեկնածուի առաջադրման առաջարկ չի եղել: «Չգիտեմ, մնացածներն ինչո՞ւ չեն առաջադրում թեկնածու, բայց մեր խմբակցությունը նախընտրում է մինչեւ Սահմանադրության ընդունումն այդ հարցը չբարձրացնել, քանի որ երկրի գլխավոր օրենքում, հնարավոր է, ամրագրվեն պաշտպանի առաջադրման, ընտրության այլ մեխանիզմներ: Բայց, ամեն դեպքում, եթե մյուսների կողմից առաջարկություններ լինեն, պարզ է, որ ԱԺ-ն պարտավոր է քննարկել դրանք»,- ընդգծել է Յու.Հայրապետյանը: Պարզվում է` Սահմանադրության ընդունման հետ են կապված նաեւ երկրի դատաիրավական բարեփոխումները, որոնց մասին խոսում էին դեռեւս անցյալ տարի, ըստ որոնց, երկաստիճան դատարանից պետք է անցնեինք եռաստիճանի, սակայն մինչեւ օրս դա էլ է ձգձգվում: Պատճառը, ըստ ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանի, դարձյալ Սահմանադրության ընդունման հետ է կապված: «Կառավարության հետ համատեղ քննարկման արդյունքում հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ առայժմ վաղ է մեզանում դատաիրավական արմատական բարեփոխումներ իրականացնելը: Նախ` ելնելով այն նախապայմանից, որ մենք գտնվում ենք Սահմանադրության ընդունման փուլում, իսկ դատաիրավական համակարգի օրենքները Սահմանադրության ընդունման համար բազային են հանդիսանում: Սահմանադրության ընդունումից հետո դատական համակարգին վերաբերող օրենքներում կրկին փոփոխություններ կամ լրացումներ կատարելուց խուսափելու համար մենք նախընտրել ենք մինչեւ Գլխավոր օրենքի ընդունումը չանցնել դատաիրավական բարեփոխումների»,- նշել է Ռ. Մարտիրոսյանը:

Տեղեկացնենք, որ այժմ ԼՂՀ-ում դատական համակարգը երկաստիճան է` 1-ին ատյանի եւ Գերագույն դատարաններ: Ընդ որում, Գերագույն դատարանում գործում են Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները: Սահմանադրության ընդունումից հետո Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները կգործեն առանձին: Ռ. Մարտիրոսյանը նաեւ հույս ունի, որ այդ ժամանակ կունենանք նաեւ ՍԴ: