Հայտնի է, որ խորհրդային դարաշրջանի քաղաքական ու պետական հայտնի գործիչ Անաստաս Միկոյանը 20-րդ դարի 20-ական թթ. (1922թ.-ից) Խորհրդային իշխանության համար պայքարի կազմակերպիչներից եւ կուսակցության Հյուսիսկովկասյան շրջկոմի ԿԿ-ի Հարավարեւելյան բյուրոյի ղեկավարներից մեկն էր:
Հենց նրան էր վիճակված հարաբերություններ հաստատել տարբեր ազգերի հետ եւ ղեկավարել այդ բարդ տարածաշրջանը Քաղաքացիական պատերազմից հետո առաջին տարիներին: Այդ տարիներին նշված երկրամասի տարածքում էին այժմյան Ստավրոպոլի եւ Կրասնոդարի երկրամասերը, ներառյալ` Կարաչաեւո-Չերքեզիան եւ Ադիգեյի Ինքնավար մարզը, Ռոստովի մարզը, նաեւ Դաղստանի,Կաբարդինո-Բալկարիայի, Չեչենո-Ինգուշեթիայի եւ Հյուսիս-Օսական Ինքնավար Հանրապետությունները (1)։ Հետաքրքիր է Ստալինի, Օրջոնիկիձեի եւ Միկոյանի նամակագրությունը ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Կովկասում ընդհանրապես` ազգային-տարածքային բաժանումների հարցերի շուրջ: Միկոյանը հավատարիմ է հայկական այն ավանդույթին, թե միակ ճիշտ որոշումն այն է, որ կարող է ընդունելի լինել երկու կողմերին՝ հանուն տարածքների եւ ազգերի հետագա զարգացման: Նպատակահարմարություն եւ անաչառություն, բարի կամեցողություն եւ արժանապատվություն՝ ահա այն որակները, որ Միկոյանը դրսեւորում է ինչպես օս ժողովրդի, այնպես էլ ռուսական պետության նկատմամբ:
Սոցիալ-քաղաքական պատմության Ռուսաստանի պետական արխիվի Ստալինյան ֆոնդից մի քանի փաստաթուղթ կներկայացնենք, որոնք այդքան արդիական այդ օրինակով վկայում են փոքր ազգերի նկատմամբ ինչպես Ստալինի, այնպես էլ Օրջոնիկիձեի եւ Միկոյանի վերաբերմունքի մասին: Ինչպես նաեւ ժողովուրդների հայր Ստալինի եւ հայտնի բոլշեւիկ Օրջոնիկիձեի վերաբերմունքն են ցույց տալիս սեփական հայրենիքի՝ Վրաստանի նկատմամբ: Հետեւություններն ինքներդ արեք:
Ի. Վ. Ստալինի նամակը Ա. Ի. Միկոյանին, 23 մայիսի, 1925թ.
Ա. Ի. Միկոյանին
1. Ինձ մոտ էին եկել Տակոեւը եւ այլ օսեր: Գործին մանրամասն ծանոթանալն ինձ համոզեց, որ կարելի էր համաձայնել Հյուսիսային եւ Հարավային Օսեթիաները ինքնավար հանրապետության մեջ միավորելուն Վրաստանի կազմում: Հիմք կա կարծելու, որ ինգուշները դեմ կլինեն դրան, քանի որ Օսեթիայի երկու մասերի միավորման պլանը կարող է հեշտացնել Վլադիկովկասի՝ Օսեթիայի ձեռքն անցնելը: Այդ պատճառով այս հարցը հարկավոր է մանրամասն ուսումնասիրել բոլոր կողմերից:
2. Կարծում եմ՝ հարկավոր է Լեսկենն օսերին տալ ամբողջությամբ, դրա դեմ կաբարդինները չեն առարկի, իսկ Լեսկենի հարավային մասի առարկությունները կարելի է բանի տեղ չդնել:
3. Մոզդոկի շրջանն Օսեթիային միացնելու օսական պլանը ֆանտաստիկ է եւ անընդունելի, ինչի մասին ես ասացի օսերին: Կարծում եմ՝ օսական բնակչության ավելցուկը կարելի է տեղավորել ֆոնդային հողերում, որպեսզի հետագայում հնարավոր լինի օսական ուժերից կազմել ազգային շրջան՝ Ռոստովին ենթակա գործկոմով: Այս ամենը ես անձամբ իմ կողմից եմ գրում: Հայտնիր ինձ երկրամասի կոմիտեի կարծիքը:
Ա. Ի. Միկոյանի հեռագիրը Ի. Վ. Ստալինին, 8 հունիսի, 1923թ.
Ի. Վ. Ստալինին
Չնայած աշխարհագրական անհարմարությանը՝ Հարավային եւ Հյուսիսային Օսեթիաների տնտեսական ընդհանրացումը եւ միավորումը ազգային հարցի տեսանկյունից երեւի թե նպատակահարմար է: Սակայն միացյալ Օսեթիայի միավորումը Վրաստանի կազմում եւ Անդրկովկաս անցնելը հարվածի տակ է դնում Հյուսիսային Կովկասի ազգությունների ազգամիջյան հարաբերությունները եւ կարող է ճեղքվածք առաջացնել վերջերս ձեւավորված Հյուսիսային երկրամասում, որն իր առջեւ խնդիր է դրել հաշտեցնել երեք անհաշտ հակառակորդների՝ լեռնականներին, ուրիշ քաղաքներից եկածներին եւ կազակներին: Դա կարող է նախադեպ դառնալ, որ Չեչնիան, Կաբարդինը (եւ այլն) դառնան հանրապետություն, իսկ դա կարող է խաթարել առանց այդ էլ դժվարությամբ նրանց մեջ հաստատված հավասարակշռությունը: Պետք է ինքներս մեզ հաշիվ տանք՝ գնա՞լ արդյոք Հյուսիսային Կովկասի կազակական եւ առհասարակ ռուսական մասի լիակատար մեկուսացման ուղիով՝ 1) մտցնել դրանք Անդրկովկասի կազմի մեջ, կամ 2) գնալ Հյուսիսկովկասյան Լեռնցիների Հանրապետությունների Դաշնություն ստեղծելու ճանապարհով, ինչի արդյունքում Հյուսիսային երկրամասը պետք է վերածվի Հարավային Ռուսաստանի: Դրանով հյուսիսկովկասյան լեռնցիները դուրս են գալիս ՌՍՖՍՀ-ի կազմից կամ շարունակում են Հյուսիսային Կովկասի խորհրդայնացման սկզբից սկսված գիծը, որ միավորում էր լեռնցիներին կազակների հետ: Այս հնարավոր ուղիները մեզ հայտնի էին, երբ կազմավորում էինք Հյուսիսային երկրամասն այժմյան կազմով՝ ելնելով այն բանից, որ խորհրդային իշխանությունը չի կարող ուժեղ լինել առանց լեռնցիների եւ կազակների հաշտության: Ընդ որում՝ քաղաքական առումով նպատակահարմար ենք գտնում միացյալ Օսեթիան մտցնել ՌՍՖՍՀ-ի, ոչ թե Վրաստանի կազմի մեջ՝ նկատի ունենալով Վրաստանի ներքին հավասարակշռությունը: Օսեթիայի միավորվելուց հետո Վլադիկովկաս քաղաքը կմնա իր նախկին կարգավիճակով, այսինքն՝ ՌՍՖՍՀ-ի կազմում անկախ քաղաք, որն ընդամենը նստավայր կլինի թե՛ Օսեթիայի, թե՛ Ինգուշեթիայի համար՝ առանց այդ ինքնավար հանրապետությունների կազմի մեջ մտնելու: Մենք չենք խոսում այն դժվարությունների եւ անվերջանալի հակամարտությունների մասին, որոնք անտարակույս կծագեն Օսեթիայի եւ նրա հյուսիսկովկասյան հարեւանների միջեւ, եւ որոնց լուծումն ավելի դժվար կլինի: Օսեթիայի անջատման հարցում շտապելն աննպատակահարմար ենք համարում:
Ի. Վ. Ստալինի երկտողը Գ. Կ. Օրջոնիկիձեին, 29 հունիսի, 1925թ.
Անձամբ ես դեմ չէի օսերի պլանին, սակայն հաշվի առնելով Հարավ-Արեւելքի (կուսակցության հարավարեւելյան բյուրո) առարկությունները, երկմտում եմ եւ չեմ կարողանում որեւէ խորհուրդ տալ: Խնդրում են հետաձգել պատասխանը, մինչեւ երկուսս էլ միասին չհանդիպենք Միկոյանի հետ:
Գ. Կ. Օրջոնիկիձեի նամակը Ի. Վ. Ստալինին, 9 սեպտեմբերի, 1925թ.
Թանկագին Սոսո՛,
…Այժմ Օսեթիայի մասին: Այսօր ինձ մոտ էր եկել Տակոեւը եւ ցույց տվեց Հյուսիսային Կովկասի երկրամասի կոմիտեի որոշումը, որտեղ ասվում է, որ նրանք համաձայն են Օսեթիայի միավորմանը, սակայն պայմանով, որ միացյալ Օսեթիան մտնի ՌՍՖՍՀ-ի կազմի մեջ: Ավելի անպետք ու անիրագործելի որոշում դժվար է հորինել, իսկ այստեղ դա բամբասանքների առիթ է տալիս, թե Ռուսաստանն ուզում է Վրաստանից խլել Ցխինվալին: Տակոեւը նրանց վախեցրել է, եւ նրանք չգիտեն՝ ինչ եւ ինչպես անեն: Ես Տակոեւին ասել եմ մեր զրույցի մասին, նա հասկանում է, թեեւ ուրախ չէ հարցի նման դրվածքից: Երկրամասի կոմիտեի որոշումը նա ուղղակի ծաղր է համարում: Ես նրան խորհուրդ տվեցի գալ քեզ մոտ…
…Քո Սերգո (2)։
Բոլոր այս նամակները ես թողնում եմ առանց մեկնաբանության, քանի որ ուզում եմ, որ ընթերցողն ինքը հասկանա, թե ինչ եւ ինչպես էր որոշվում խորհրդային պետության մեջ, եւ ինչպես էր մտածում, ընկալում, ինչպես էր արտահայտվում, ինչ եւ ինչպես էր պաշտպանում Անաստաս Իվանովիչ Միկոյանը՝ խորհրդային դարաշրջանի, նաեւ ողջ 20-րդ դարի քաղաքական ու պետական հայտնի գործիչը։
(1) Անաստաս Միկոյան, Տակ բիլո, Մ., 1999, էջ 206
(2) Գրաժդանին, մարտ-ապրիլ, 2003, էջ 40-41.