Ռ. Քոչարն ասուլիսի ժամանակ ասաց, որ ֆիլմը երեւանյան հանդիսատեսին ներկայացնելուց չի վախենում, քանի որ այն արդեն շատ լավ է ընդունվել Լոս-Անջելեսի հայության կողմից: «Արահետը» հենց այդ երկու քաղաքների միջեւ մոլորված հիսնամյա երիտասարդի մասին է, ով փորձում է եւ աշխատանք, եւ մարդկային ջերմություն գտնել: Հայրենիքում փող աշխատելը չի ստացվում, իսկ Ամերիկայում ընկերների եւ հարազատների կարոտն է խեղդում. նման երկփեղկում զգում են թերեւս Հայրենիքից վերջին տասնամյակում գաղթած բոլոր հայերը: Ռ. Քոչարի ֆիլմը երկար է նկարահանվել` մոտ երեք տարի, եւ բավականին ճակատային ու անտրամաբանական է թվում, չնայած այն բանի, որ ռեժիսորը հիանալի ու ազդեցիկ կինեմատոգրաֆիական հնարք է գտել՝ նա երկու քաղաքների կապի խորհրդանիշը ոչ թե երեւակայական է տեսել, այլ` իրական: Գլխավոր հերոսը` Լոս-Անջելեսում գիշերները տաքսու վարորդ աշխատող Ավետիքը (դերասան Հարություն Մովսիսյան), Երեւանում պարտքեր եւ հարազատներ թողած, գտնում է այն կարճ արահետը, որը Երեւան է տանում: Այստեղ-այնտեղ անելով, նա փորձում է հասկանալ` թե որն է իր իսկական տեղը: Հայրենիքը լքած մարդու մտատանջություններն ու կարոտն ամենաարդիական թեման է, որին վաղուց արդեն սպասում էինք: Այդ թեման նաեւ շատ շահեկան է, քանի որ հուզական մեծ լիցք կարող է տալ: «Ի՞նչ եմ կորցրել եւ ի՞նչ եմ փնտրում» հարցերն «Արահետի» հերոսինը չեն միայն, այլ` բոլոր այն մարդկանց, որոնք օտար ափերում երկու կես են լինում: Հերոսն ընկերներ ունի, նրա ընկերների նույն եռյակը միաժամանակ երկու քաղաքներում է ապրում: Դա էլ է շատ գրավիչ հնարք կինոյի համար: Միշտ էլ հետաքրքիր է հետեւել մարդկային ճակատագրերի ու բնավորությունների փոփոխմանը` կապված բնակավայրի ու պայմանների փոփոխման հետ: Շատ լավ եւ պրոֆեսիոնալ են աշխատել Արմեն Էլբակյանն ու Աշոտ Ադամյանը` յուրաքանչյուրը երկուական ամբողջական կերպար ստեղծելով:
Մարդկային մտքերը ու հույզերը պեղելու հիանալի առիթ ու հնարավորություն ուներ Ռ. Քոչարը, բայց այդ առիթը չօգտագործվեց: «Արահետի» էմոցիոնալ եւ խորքային հարցերը կորում են ֆիլմի ոչ դինամիկ սցենարի ու մոնտաժի, ձգձգված կադրերի եւ մանր ու անհասկանալի վրիպումների մեջ: Կինոն ընդհանրապես մանր անճշտություններ եւ սխալներ չի սիրում: Եթե էկրանին ստում ես մանր դրվագներում, ապա փլվում է ֆիլմի ողջ կառույցը: Հանդիսատեսի ուշադրությունից չի վրիպում կադրերի անտրամաբանական մոնտաժը: Հերոսը դուրս է գալիս շենքի բակից, զրուցում իր ընկերոջ հետ, իսկ հաջորդ կադրում նա կրկին իր բակում է եւ հրաժեշտ է տալիս պատշգամբում կանգնած հարազատներին: Ինչո՞վ է արդարացված նման անճշտությունը: Ֆիլմի երկրորդական հերոսներից շատերի դերն անավարտ է մնում, չի հասցնում, օրինակ, ուրվագծվել հերոսի քույրը, եւ հանկարծ անհետանում է հետագա գործողություններից: Ավելորդ եւ ոչինչ չասող կերպարներն ու դրվագները (օրինակ, ստրիպտիզ պարուհիների պարը) բավականին շատ են, շատ են հերոսի մտազբաղ, հորիզոնին ուղղված հայացքները, որոնք հանդիսատեսին անտարբեր են թողնում, թեեւ, երեւի ըստ ռեժիսորի` հուզական մեծ բեռ պիտի կրեն: Եվ հակառակը, կա ամերիկուհի հերոսուհի (ում սիրահարվում է Ավետիքը), որը կարող էր իր կյանքի պատմությամբ եւ որոնումների նմանությամբ լրացնել հայ հերոսի պատմությունը, սակայն նրա դերը գլխավորներից չէ: Ամերիկուհին եւ հայը ֆիլմում տպավորիչ երկխոսություններ չունեն: Իսկ դրանք կարող էին գաղթի թեմայի ավելի լայն դիտարկման առիթ լինել: Գուցե այդ դեպքում «հանդիպեցին երկու միայնակություն» արտահայտությունը տեղին կլիներ, եւ հարցադրումները պարզապես օդից չէին կախվի: Այդ դեպքում «Արահետը» մեծ կինոիրադարձություն կլիներ: