Երեկ Երեւանի արտարժույթի որոշ փոխանակման կետերում 1 դոլարի դիմաց առաջարկում էին ընդամենը 427 դրամ: Եվ ընդհանրապես, վերջին օրերին ժամ առ ժամ արժութային փոխարժեքն անկում է ապրում: Եթե երեւույթը սոցիալական ծանր հետեւանք է թողնում հասարակության ստվար զանգվածի մոտ, ապա բիզնեսով զբաղվող ԱԺ պատգամավորները դրան կատակով են մոտենում: «Երեւանի ՈՒԱԶ» ՓԲԸ նախագահ, այլեւս նախկին ՕԵԿ-ական Էդուարդ Գաբրիելյանը մեր թղթակցի հետ զրույցում դոլարի կուրսի տատանումները համարել է «եղանակի հետեւանք»՝ ավելացնելով. «Շուկայական հարաբերությունների մեջ, իհարկե, պետք է տատանվի»: Իսկ «Բելաջիոյի» սեփականատեր Գրիգոր Մարգարյանն ավելի «հետաքրքիր» տեսակետ է առաջ քաշել. «Լողացող կուրս ա, ասում են, լողալով կարող ա իջնի, մի օր էլ` բարձրանա: Պետբանկի ներկայացուցիչներին հարցրեք, ես ի՞նչ կապ ունեմ»: Այնուամենայնիվ, հիմնախնդիրը մնում է արդիական, հատկապես, երբ դրա լուծման համար առկա են մի շարք խոչընդոտներ: Արժութային փոխարժեքի տատանումների եւ այդ առնչությամբ ԿԲ-ի վարած քաղաքականության վերաբերյալ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Էդվարդ Սանդոյանի տեսակետների մասին կարդացեք մեր թերթի հաջորդ համարում: