Մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի Ա-320 ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին մինչ այժմ հատկացվել է միայն ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված 129 մլն դրամը (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1 մլն 500 հազար դրամ)` զոհվածների հուղարկավորությունը, տապանաքարերի պատրաստումն ու տեղադրումը կազմակերպելու նպատակով:
Եվս 15 մլն 255 հազար դրամ կառավարությունը հատկացրել էր Երեւանի քաղաքապետարանին՝ հուղարկավորությանն աջակցելու նպատակով քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ին տրամադրելու համար (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 135 հազար դրամ):
Ինչ վերաբերում է ոչ պետական աղբյուրներից աջակցությանն, ապա ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայության տվյալներով, նախարարության գանձապետարանում բացված հատուկ հաշվեհամարին մինչ այժմ փոխանցվել է մոտ 81 մլն դրամ: Այդ հաշվեհամարի փակման, գումարների բաշխման կարգի եւ այլ մանրամասների մասին որոշումները պետք է կայացնի ավիավթարի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որի նախագահն է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Ինչպես տեղեկացանք վերոնշյալ հանձնաժողովի անդամ, կառավարության Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանից, մայիսի 23-ին տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել առաջիկա օրերին հրապարակել հաշվեհամարին փոխանցված գումարների բաշխման կարգը:
Իսկ «Գրանդ» ապահովագրական ընկերությունն արդեն սկսել է միջոցառումներ ձեռնարկել` ավիավթարի զոհերի ընտանիքներին «ապահովագրական վճարումները հնարավորինս արագ իրականացնելու նպատակով»: Այդ կապակցությամբ ընկերությունը զոհվածների հարազատների համար պարբերաբար հրապարակում է ընկերության հասցեն եւ հեռախոսահամարները:
Իսկ ինչպե՞ս է «Արմավիան» մինչեւ այժմ օգնել գոնե իր զոհված 8 աշխատակիցների ընտանիքներին: Մեր տեղեկություններով, ընկերությունն այս առումով դեռ «մատը մատին չի խփել»: Իսկ «Արմավիան», ինչպես միշտ, լռում է: Ընկերության լրատվական ծառայությունից այդպես էլ չհաջողվեց որեւէ կոնկրետ բան պարզել: «Արմավիայի» մամուլի քարտուղարի խոսքերով, իրենք «ինչ-որ բան» արել են օդանավի անձնակազմի զոհված աշխատակիցների համար, սակայն այս օրերին ընկերությունը կոռեկտ չի համարում դրա մասին խոսել, քանի որ դա կլիներ «ինքնագովազդ»: Այսպիսով, «Արմավիան» ունի ամեն հարցի անտրամաբանական պատասխանը: Հետաքրքիր է` յուրաքանչյուր ընկերության գովազդն ո՞վ է պատվիրում: Կարո՞ղ է` ուրիշ ինչ-որ կազմակերպություն է դա անում: Վարկաբեկվելուց ամեն գնով խուսափող այս ընկերությունն այժմ էլ գովազդի՞ց է վախենում: Սակայն երբ ավիավթարից ժամեր անց հեռուստատեսությամբ գովազդային հոլովակ էր գնում, «ինքնագովազդի» մասին ոչ ոք չէր մտածում:
Հետաքրքիր է` այն բոլոր անձինք, ովքեր գումարներ են փոխանցել զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով բացված հատուկ հաշվեհամարին, չե՞ն խուսափում արդյոք, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած հանձնաժողովը հրապարակի իրենց անունները: Ի դեպ, դա չի բացառվում: