«Առնետավազքի մասին» օրենքը պետք է վերականգնել

26/05/2006 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

1995 թվականին ԱԺ կանոնակարգ-օրենքով հստակ կանոնակարգված էին այն դեպքերը, թե ինչ է լինում այն պատգամավորի հետ, ով համամասնական ցուցակով ընտրվելուց հետո որոշ ժամանակ անց որոշում է դուրս գալ ԱԺ համանուն խմբակցությունից: Առնետավազքով զբաղվողներն, ըստ այդ դրույթի, պարզապես պետք է վայր դնեին նաեւ իրենց մանդատները: Սակայն 1997թ. կանոնակարգից այդ դրույթը հանվեց, ինչին շատ արագ հաջորդեց «Հանրապետություն» բլոկից պատգամավորների «թռիչքը»: Հենց այդ ժամանակվանից դրան սկսեցին ասել «առնետավազք»: ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի գնահատմամբ, այն այսօր սպառնում է դառնալ քաղաքական մշակույթ:

– Երբ 1995թ. արդեն նոր Սահմանադրությամբ ձեւավորվում էր ԱԺ-ն, մենք ԱԺ-ում ձեռնամուխ եղանք նաեւ կանոնակարգ-օրենքի ձեւավորմանը: Այն ժամանակ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի նախաձեռնությամբ եւ մեր աջակցությամբ ԱԺ կանոնակարգի մեջ ամրագրվեց մի շատ կարեւոր թեզ. համամասնական ցուցակով ընտրված պատգամավորները պարտադիր դառնում են համանուն ֆրակցիայի անդամ: Այսինքն՝ չեն կարող ցուցակով ընտրվել եւ ասել՝ չեմ ուզում այդ ֆրակցիայի անդամը դառնալ: Դա բխում է ընտրողի շահից, դա նրա նկատմամբ պատասխանատու քաղաքական վերաբերմունք է. որովհետեւ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունն, ըստ էության, պետք է համապատասխանի ընտրությունների ընթացքում ընտրազանգվածի քվեներին, որոնք ամբողջ այս ժամանակահատվածում պետք է չփոփոխվեն: Եվ եթե դուք ընտրվում եք որեւէ կուսակցության ցուցակով, ապա ընտրողը ձայն է տալիս ցուցակին, այլ ոչ թե անձամբ ձեզ: Իսկ եթե դուք ցանկություն ունեք դուրս գալ ֆրակցիայից, ապա բարի եղեք վայր դնել ձեր մանդատները: Սա այն քաղաքական բանաձեւն էր, որը մի կողմից` երաշխավորում էր ԱԺ քաղաքական կառուցվածքի ընկալելի, ընտրության արդյունքներին ադեկվատ կոնֆիգուրացիան, մյուս կողմից` ԱԺ-ն դարձնում էր պատասխանատու եւ կանխատեսելի: Ի դեպ, այս թեզը չէր վերաբերում մեծամասնական ընտրակարգով ընտրված կուսակցության անդամներին: Առաջարկն անցավ, սակայն այն գործեց մինչեւ 1997թ.: Այդ ժամանակ «Հանրապետություն» միավորման կազմում առաջացան քաղաքական լուրջ խժդժություններ՝ կապված ՀՀՇ-ի ներկուսակցական իրավիճակի հետ: Էդուարդ Եգորյանն իր խմբով անհաշտ էր ՀՀՇ-ի հիմնական ուղղության, ղեկավարության հետ, եւ նա կանգնած էր ՀՀՇ-ին քաղաքական ապահարզան տալու կամ նրանից բաժանվելու անհրաժեշտության առջեւ: Բայց եթե նա ֆրակցիայից դուրս գար՝ պետք է վայր դներ մանդատը: Ընթացիկ քաղաքական, ներկուսակցական խնդիրները լուծելու համար, որպեսզի այդուհանդերձ իր լիազորությունները վայր չդնի եւ շարունակի մնալ քաղաքական պրոցեսում՝ որպես պատասխանատու դերակատարում ունեցող անձ, Է. Եգորյանը հանդես եկավ կանոնակարգի այդ նորմը փոփոխելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: 1-ին անգամ այդ առաջարկը չանցավ, բայց 2-րդ անգամ Է. Եգորյանին եւ նրա համախոհներին հաջողվեց անցկացնել այդ փոփոխությունը, ինչն էլ հաստատեց Հանրապետության նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանը: Եվ հենց այդ օրենքն ընդունվեց, Է. Եգորյանն իր ամբողջ խմբով դուրս եկավ այդ միավորումից, եւ ստեղծեց «Ժողովրդավարական հայրենիք» պատգամավորական խումբը: Այդ բլոկից ուրիշներն էլ դուրս եկան, եւ 1998թ. փետրվարի 3-ին կանոնակարգի այդ փոփոխությունը մեկ օրվա մեջ ԱԺ կառուցվածքում քաղաքական լուրջ տեղաշարժեր անելու հնարավորություն տվեց: Հետագայում որեւէ մեկը չփորձեց անդրադառնալ այս խնդրին: Ի դեպ, որքան էլ տարօրինակ է, բայց դրա բացակայությունը ձեռք է տալիս բոլորին՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ քաղաքական մեծամասնությանը: Այդ նորմի բացակայությունն ԱԺ-ի քաղաքական օրգանիզմում վիրուս ներմուծեց: Սակայն այդ թեզի առկայությունը կստիպեր, որ կուսակցություններն իրենց ցուցակներն ավելի պատասխանատու ձեւավորեին: Վերցնենք ՕԵԿ-ից գործարարների դուրս գալու ամենաթարմ օրինակը: Նախ` ինքնին այն մեկնաբանությունը, թե նրանց դուրս գալը ՕԵԿ-ից առանձնապես ազդեցություն չունեցավ ՕԵԿ-ի վրա, ինձ համար որպես ընտրողի շատ տարօրինակ էր: Պատկերացրեք, որ ես ՕԵԿ-ի ընտրողն եմ, ես ձեր խոստումներին վստահել եմ եւ իմ ձայնն եմ տվել: Պետք է ենթադրել, որ այդ ցուցակը պատահական չի ձեւավորվում, չէ՞:

– Ի՞նչը նկատի ունեք:

– Որքան պատասխանատու դերակատարում կարող է ունենալ որեւէ մեկը նախընտրական խոստումների կատարման գործում, այնքան ավելի բարձր տեղերում է հայտնվում, եւ` ճիշտ հակառակը: Հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր հայտնվել էին անցումային տեղերում, պետք է ավելի վճռորոշ մասնակցություն եւ դերակատարում ունենան նախընտրական խոստումների կատարման ընթացքում: Բայց մեկ էլ՝ հանկարծակի այդ հատվածը դուրս է գալիս եւ ասում է՝ այդ խոստումները ոչ մի բան չեն նշանակում: Կներեք, ես որպես ընտրող ինձ խաբված եմ զգում: Դուրս է գալիս, որ այդ ցուցակը կամայակա՞ն էր: Այդ դեպքում ի՞նչ սկզբունքով էր այդ ցուցակը կազմվել: Իսկ եթե նախկին նորմը գործեր, ապա ֆրակցիայի մեջ մտնելն իմաստավորված կլիներ: Ավելին, եթե այս նորմը գործեր, այդ պատգամավորները պասիվ բոյկոտի վարքագիծ չէին դրսեւորի եւ չէին ասի՝ իմ համար բացարձակ միեւնույն է, թե իմ կուսակցության ղեկավարն ինչ կանի, եթե հրաժարական է տալիս, ես դուրս կգամ, կգնամ ուրիշ տեղ: Ես, օրինակ, կպահանջեի իմ կուսակցության ղեկավարությունից` մեկնաբանել այդ քաղաքական մոտեցումը նախ ֆրակցիայում, հետո արտահերթ համագումարում:

– Ա. Բաղդասարյանը որոշել է փոխել իր քաղաքական կուրսը: Դա բավարար չէ՞:

– Դրա համար պիտի որոշում կայացվեր, եւ այդ մարդիկ էլ պիտի մասնակցեն նման որոշման ընդունմանը: Այդպես չէ, որ ես նախագահն եմ, ոնց ասեմ` այդպես պետք է լինի: Քաղաքական կուրս փոխելը նշանակում է որակական նոր որոշում կայացնել: Իսկ դա ենթադրում է արտահերթ համագումար, միգուցե ՕԵԿ-ի ստորին 60.000 անդամները դե՞մ են դրան, որեւիցե մեկը նրանց հարցրե՞լ է: Նշանակում է` այդ 60.000 անդամը լինի-չլինի՝ մեկ է: Սա ներկուսակցական բոլորովին այլ կառուցվածքի մասին է խոսում: Ես հավատացնում եմ ձեզ, ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես 1 օրվա մեջ հավաքվեցին, որոշեցին դուրս գալ կոալիցիայից: Դրան պետք է նախորդեին ներկուսակցական բավականին լուրջ քննարկումներ, որին մենք՝ որպես այս հասարակության անդամներ, պետք է տեղյակ լինեինք: Մենք դա չենք տեսել, չենք տեսել նաեւ լուրջ քննարկումներ կոալիցիայի կազմի մեջ մտնելու համար: Լավ, իսկ ո՞ւր մնացին այն խոստումները, որոնք նրանք տվել էին ընտրությունների ժամանակ:

– Գուցե դրա համար գործարարները դուրս եկան ՕԵԿ-ից: Միգուցե, օրինակ, Ալեքսան Պետրոսյանն ընտրությունների ժամանակ խոստացել էր շատ տոմա՞տ արտադրել, եւ դուրս եկավ՝ այն չվտանգելու համար:

– Բայց այդ դեպքում Ալեքսան Պետրոսյանը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի ես էլ տեսնեի, որ Ա. Պետրոսյանն ամեն ինչ արեց, որպեսզի իր կուսակցության ղեկավարը հընթացս այդպիսի որոշում չկայացնի, տեսնեի, որ նրանց մոտ չստացվեց համատեղ աշխատանքն ու մանդատը դրեց դուրս եկավ: Սա էր ճիշտը: Մենք սրա ականատեսը չեղանք, փոխարենն ասում են՝ դե՛, մարդը գործարար է, ո՞նց կարող է ընդդիմության մեջ լինել: Ես հասկանում եմ, որ լինել գործարար եւ ընդդիմություն՝ շատ դժվար է, բայց դա չի պատճառը: Ի վերջո, կա ընտրող, բարի եղեք հարգել ընտրողին, ձեզ ձայն են տվել:

– Իսկ գուցե նրանք մանդատները վայր չեն դնում՝ մտավախություն ունենալով, որ դրանից հետո իրենց տոմատի կամ այլ ապրանքի արտադրությունը կվտանգվի՞, ու իրենք չեն կարողանա կատարել իրենց ընտրողներին տված խոստումները:

– Գործարարներն ընդամենը 2-3 տարի են պատգամավոր, նրանց մեծ մասը գործարար էր, բայց պատգամավոր չէր:

– Շատ փոքր գործարարներ էին, իսկ իշխանության մեջ լինելով՝ նրանց անուններն արդեն սկսեցին շրջանառվել որպես խոշորացող գործարարների: Այդպես չէ՞:

– Փոքր էր, մեծ էր, բայց գործարար էր: Բիզնես ոլորտում գործում էր, խնդիրներ էր լուծում, իր տնտեսական նպատակներն ուներ, տնտեսական նպատակներին հասնելու քայլեր էր անում՝ չլինելով պատգամավոր: Իհարկե, իշխանությունը նաեւ սեփական տնտեսական գործունեությունը երաշխավորելու, որոշ վտանգներից զերծ պահելու հնարավորություն է: Ի դեպ, սա միայն Հայաստանում չէ, ցանկացած տեղ կա՝ մի քիչ ավելի կամ պակաս, բայց կա: Խնդիրն այլ է. մարդիկ տեսան, թե ոնց կարող են կոալիցիայից դուրս գալ: Քաղաքական պրոցեսի տեսանկյունից՝ նորմալ է, բայց կառուցողական, որակյալ քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից՝ բավարար չէ, որովհետեւ դա կարող է լինել ինտրիգների արդյունք: Իսկ «ինտրիգանստվոն» եւ քաղաքականությունը բացարձակապես իրար հետ կապ չունեն: Ես ասում եմ՝ դուք հրապարակային քաղաքական գործիչնե՞ր եք, բարի եղեք հրապարակավ ձեր քաղաքական վեճը ներկայացնել, որ ես հասկանամ: Նկատի չունեմ այն վեճը, բազարը, փողոցային խոսակցությունը, որն օրեր առաջ դիտում էինք ԱԺ-ում:

– Չե՞ք պատրաստվում կանոնակարգում այդ նորմը վերականգնելու առաջարկությամբ հանդես գալ:

– Ես այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք չունեմ: Վերջերս պատգամավորներից մեկն ասում էր, որ ՀՀ-ում պետք է ավանդույթ դառնա, որ, եթե դու ֆրակցիայից դուրս ես գալիս, մանդատն էլ պետք է վայր դնես: Դա ավանդույթ չպետք է դառնա, պետք է օրենքի շրջանակներում կարգավորվի, ինչը եղել է, եւ որը, կարծես, իրենք չեն ուզում վերականգնել: Բայց դա կբարձրացնի քաղաքական պատասխանատվությունը, ինչի կարիքը մենք այսօր շատ ունենք: Այսպես քաղաքականություն սարքել չի կարելի, սա պետական կառույց է: Պետական կառույցի տրամաբանությունը չի կարող ստորադասվել իմ այսօրվա ընթացիկ, քաղաքական կամ ներկուսակցական խնդիրներին, ինչքան էլ ես՝ իմ վարքագծով, արդարացված լինեմ: Ամեն ինչ կարելի է բացատրել, նույնիսկ մարդու կաշվի մեջ մտնել, հասկանալ նրան, բայց այլ բան է բացատրելը, այլ բան՝ ընդունելը: Մենք պետք է հասկանանք, որ մեր երկրում սահմանադրորեն քաղաքական իշխանության կրող թիվ 1 մարմինը ԱԺ-ն է, ոչ գործադիր իշխանությունը կամ ՀՀ նախագահը: ԱԺ-ն է քաղաքական իշխանության կրողն ու մարմնավորողը, եւ նրա որակի, կառուցվածքի, տրամաբանության, ողջամտության, քաղաքական պատասխանատվությունից է կախված քաղաքականության ինչպիսին լինելը: