Ի հեճուկս

26/05/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Հայաստանի անկախ Հանրապետությունը շուտով կդառնա տասնհինգ տարեկան։ Մի քիչ պակաս քան երկու տարի անց կնշենք ղարաբաղյան շարժման քսանամյակը։ Հոբելյանական հանդիսություններն ու տոնակատարությունները կհամընկնեն նախագահական ընտրությունների հետ։ Ղարաբաղյան շարժման ջահակիրներից մեկն իր պաշտոնը կհանձնի մյուս ռահվիրային։ Հանձնման-ընդունման արարողությունը կլինի առանց անհարկի ձգձգումների եւ ձեւականության։
Այդ օրերին հրապարակում կհայտնվի «Հաղթանակներ առանց գերագույն գլխավոր հրամանատարի գիտության»* ծավալուն աշխատությունը, որի խմբագիր եւ առաջաբանի հեղինակ Վազգեն Մանուկյանը՝ գնահատելով աշխատության արժեքը, համաշխարհային ռազմագիտության մեջ ունեցած դերն ու նշանակությունը, կգրի, թե գրքի հեղինակների հետ առանձնապես համաձայն չէ վերնագրի հարցում։ Նրա կարծիքով, լավ կլիներ աշխատությունը վերնագրել «Հաղթանակներ հակառակ գերագույն գլխավոր հրամանատարի կամքի» կամ պարզապես «Հաղթանակներ ի հեճուկս»։ Այս երկրորդն ավելի տարողունակ կլիներ՝ հաղթանակներ ի հեճուկս առաջին նախագահի, հաղթանակներ ի հեճուկս ադրբեջանցիների, հաղթանակներ ի հեճուկս թուրքերի, հաղթանակներ ի հեճուկս միջազգային հանրության եւ այլն։

Գիրքն ուշադիր կարդացողն ավարտելուց հետո անշուշտ կպարզի, որ խմբագիրն ու առաջաբանի հեղինակը կամ չի կարդացել աշխատությունը կամ անուշադիր է եղել։ Հակառակ դեպքում նա նկատած կլիներ, որ հեղինակները՝ Արցախի պետական համալսարանի նորագույն պատմության ամբիոնի մի խումբ աշխատակիցներ, խմբագրի եւ առաջաբանի հեղինակի անունը հիշատակել են մեկ անգամ եւ այն էլ ծանոթագրությունների մեջ։

Այս ամենը ենթադրելու կարիք չէր լինի, եթե մեր շուրջն ամեն ինչ այսքան տխուր չլիներ։ Իսկ տխուր չէր լինի, եթե մենք մեզ սիրելուց առաջ (ոչ մեզ սիրելու փոխարեն) կարողանայինք հարգել դիմացինի մտավոր ունակությունը՝ բաղադրելու, համեմատելու, համադրելու, վերլուծելու ձիրքը։ Այսքան տխուր չէր լինի, եթե կարողանայինք մեր ներսից վտարել հակադրության ոգին, որ հիմքն ու նախապայմանն է մեր բոլոր ձեռնարկների։

Մոտեցող հոբելյանների հիշատակումը պատահական չէ, քանի որ դրանք լավ առիթ են տեսնելու եւ հասկանալու ստեղծված իրավիճակը, նկատելու ձեռքբերումներն ու թերացումները, հասկանալու՝ ի՞նչ ունենք այսօր։

«Ամրապնդենք մեր արմատները, կառուցենք մեր ապագան» վերնագիրը, որ վերցված է ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիրի» ինտերնետային էջից, մինչեւ ստորեւ հրապարակված նյութին ծանոթանալը կարող է տպավորություն թողնել, թե Ղարաբաղի, ազատագրված տարածքների կամ Հայաստանի սահմանամերձ գյուղերում իրականացված ինչ-որ ծրագրերի մասին է։

«Հնչում էր մեր ազգային «Յարխուշտան», եւ երկու հայ «իգիթներ» խրոխտ պարում էին՝ համայն հայությանն ու աշխարհին պատգամելով, որ հայի հավերժական երթը չի կարող կասեցվել ու պիտի շարունակվի ավելի հաստատուն, առավել տոկուն ու նպատակասլաց»։ Այս նախադասությունից կարելի է ենթադրել, թե մայիսի 21-ին մեծ հանդիսավորությամբ նշվել է, ասենք, Զանգելանի շրջանի բնակեցման տասնամյակը։ Եվ իգիթները ոչ թե չակերտավոր են, այլ ԱՄՆ-ից, Լիբանանից, Ավստրալիայից, Կանադայից ու հայաշատ այլ վայրերից ազատագրված հայրենի հողում բնակվելու եկած հայ երիտասարդներ։

Հայ դատի հանձնախմբի անդամներից մեկի «Տանք, որպեսզի ամուր լինի մեր տունը» պատգամը կարող էր վերաբերել Ղարաբաղը Հայաստանին կապող «Քելբաջար-Վարդենիս» լրացուցիչ մայրուղու շինարարությանը կամ էլ զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ուսանող երեխաների կրթավճարների ծրագրին։

Բայց սա միայն երազ է, ցնորք, ուղեղային մորմոք ու սրտի հիվանդություն։ Իրականում «Ամրապնդենք մեր արմատները, կառուցենք մեր ապագան» վերնագրով հաղորդագրությունն ավետումն է ՀՅԴ հեռուստամարաթոնի հաջողության, որի ընթացքում 2.7 միլիոն ԱՄՆ դոլար է հանգանակվել Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի նոր գրասենյակ ունենալու համար։

Կարեւորը շենք ունենալ կամ չունենալը չէ։ Կարեւորը շենքի նշանակությունն է, որն ավելի լավ չեմ կարող մեկնաբանել, քան դա արել է ինքը՝ Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Րաֆֆի Համբարյանը։ Եվ այսպես, մեջբերում. «…յուրաքանչյուրիս փոքրիկ լումայով Վաշինգտոնում պիտի կանգնի մեր սեփական շենքը, պիտի պատրաստվեն մեր ապագա քաղաքագետները՝ աշխարհին լսելի դարձնելու համար մեր ձայնը, եւ, ի վերջո, այնտեղից դեպի Հայրենիք ու Արցախ պիտի ուղղվեն մեր օգնության ծվենները՝ դառնալու ազատ, անկախ ու բարգավաճ միացյալ հայրենիքի հիմքի շաղախը»։

Շատ կուզենայի անձամբ հանդիպել Րաֆֆի Համբարյանին ու հարցնել, թե ի՞նչ է նշանակում «օգնության ծվեններ» եւ ինչպե՞ս են այդ ծվենները դառնալու «ազատ, անկախ ու բարգավաճ միացյալ հայրենիքի հիմքի շաղախը»։ Եվ կուզեի հարցնել, մեծարգո պարոնը գիտե՞, թե օգնության քանի ծվեն է պետք ազատամարտի առայժմ միակ ասպարեզում՝ Լեռնային Ղարաբաղում մարդավարի ապրելու, աշխատելու, սոցիալական նորմալ պայմաններ ունենալու համար։

Հարգարժան պարոնին կցանկանայի հարցնել նաեւ` Վաշինգտոնում կամ Սան Ֆրանցիսկոյում գիտե՞ն, թե այսօր որ թվականի ամսի քանիսն է։ «Անհեթեթ հարցում, բան մը չի հասկըցա»,- կասի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը, որովհետեւ եթե Հայաստանի եւ Ամերիկայի ժամանակը տարբերվում է մոտ կես օրով, ապա Հայրենիքի եւ Հայ դատի հանձնախմբի ժամանակը, պարզվում է, տասնամյակի տարբերություն ունի։ Եվ այնտեղ դեռ չեն հասկանում, որ Հայ դատ ասվածը ոչ թե կոնգրեսմենների կամ սենատորների սինթետիկ ժպիտը կորզելն է, այլ Հայաստանը եւ հատկապես Արցախը հզորացնելը։ Նման վարքը բնական ու բացատրելի էր այն ժամանակ, երբ Հայաստանն իր խոսքն ասելու հնարավորություն չուներ, հիմա հայության խոսքը պիտի Հայաստանից հնչի, եւ այդ խոսքը պետք է լինի ոչ թե ի հեճուկս (Թուրքիայի, Ադրբեջանի), այլ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ինքնորոշվող Արցախի։

Այս դեպքում մեր հարեւանները մեզանից չեն վախենա ու չեն զզվի, այլ գուցե երկյուղալի հարգեն, ինչպես հարգում են սեփական արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր մարդու։

*Տես www.hetq.am 22.05.2006 Վազգեն Մանուկյան. «Ղարաբաղում հաղթանակը հայ ժողովրդին ազատեց բարդույթներից» հարցազրույցը։