Ինչո՞ւ են հայերը ախոռում ապրում

26/05/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Առավել եւս, որ ստի մթնոլորտն, արդեն մի քանի տարի է, գերիշխող է մեր հանրապետությունում: Ասեմ ավելին` ջունգլիների օրենքներին համահունչ, Հայաստանում գերիշխող են նաեւ անասնական հարաբերությունները: Երբ հաստավիզ սափրագլուխը կարող է ուզածդ պահին «ընտրյալների ֆասով» ծեծել յուրաքանչյուր «ոչ ընտրյալի», երբ ով որտեղ ուզում է ախոռ-դղյակ է կառուցում, երբ ում քեֆը տալիս է, կարող է մարդկանց վտարել իրենց սեփական տներից, երբ օրը ցերեկով խորհրդարանում, բոլորի ներկայությամբ, պատգամավորը կարող է հայհոյել լրագրողին (հատկապես երբ այդ լրագրողը երիտասարդ աղջիկ է), երբ միլիոնավոր մարդկանց տարիներ շարունակ «էշի տեղ են դնում», պետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերածելով էժանագին նկարչատան, որտեղ սովորաբար ջահելներն իրենց մեքենաների «գոլդ» պետհամարանիշերն են թարմացնում, նմանատիպ պայմաններում ապրողների տեղը, բնականաբար, ախոռն է: Հմայակ Հովհաննիսյանը բավականին ուշ է հասկացել այս իրողությունը: Ի դեպ, նա ուշ էր հասկացել նաեւ, որ Գեղամյանի հետ ընկերություն պետք չէ անել (կամ էլ շուտ էր հասկացել, բայց իրեն չհասկացողի տեղ էր դրել: Որովհետեւ որոշակի շրջանակներում ինքն անձամբ է նշել, որ վերջին օրերին աղմուկ հանած Սերժ Սարգսյան-Արտաշես Գեղամյան գործարքի «քավորն» ինքն է եղել): Այն, ինչ կատարվեց վերջին օրերին երկրիս խորհրդարանում, նման է հայտնի «Մոխրոտը» հեքիաթին, որտեղ Արթուր Բաղդասարյանը դառնում է մոխրոտ, որպեսզի հետագայում արեւմտյան «բարի փերին»` նրան «պուպուշ շորեր եւ բյուրեղյա կոշիկներ» նվիրելով, հասցնի «իր մուրազին»: Տվյալ պարագայում Գեղամյանը, ինքնակամ (կամ «զաստավիտով»), վերցրեց խորթ մոր դերը, որը նախանձում է, որ երիտասարդ Արթուրը կարող է գրավել իր «քյառթու» զավակների տեղը: Իսկ «քյառթու զավակ» Գագիկ Կոստանդյանը նախքան Արթուր Բաղդասարյանին «սրա-նրա վրից թռնելու» մեջ մեղադրելը` թող հիշի, թե տարբեր ժամանակներում ո՞ւմ վրայից է ինքը «թռել», եւ ո՞ւմ շնորհիվ է ինքը պատգամավոր դարձել 1999թ.: Սա ամենեւին էլ չի նշանակում, որ պարոն Կոստանդյանի մեղադրանքներն անհիմն էին:

Ի դեպ, կոալիցիայի «նորապսակ» Գուրգեն Արսենյանի «գլուխլվայի» կապակցությամբ մեր խորհրդարանը նրան նվիրեց «Հայաստան սիգարի ներկրման հաստատագրված վճարը նվազեցնելու մասին» օրինագիծը: Սա` այն դեպքում, երբ արդեն մի քանի տարի է, հարազատ իշխանավորներն ամեն տեսակի «ատմազկա» են գտնում, որպեսզի չնվազեցնեն հանրապետություն համակարգիչների ներկրման տուրքը: Ավելին՝ նրանք անգամ չեն համաձայնում հանել ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանից: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այնտեղ, որտեղ սիգարները երկրի զարգացման համար ավելի կարեւոր են, քան համակարգչային տեխնիկան եւ տեղեկատվական տեխնոլոգիաները, այդ տեղը կոչվում է ախոռ: Ուղղակի այս կապակցությամբ ախոռում բնակվողներին ուզում եմ հիշեցնել, որ նիկոտինի 1 գրամը սպանում է ձիուն:

Եվ քանի որ ախոռում լավագույն մշակույթն աթարն է, կարելի է հասկանալ, թե ինչու են այդպիսի մշակույթի նախարարների հետ այսպես վարվում:

Եվ վերջապես միայն ախոռում է հնարավոր այն տեսարանը, որն այսօր տիրում է մեր խորհրդարանում, երբ բոլորը հրճվում են, որ այսօր մորթվողի կարգավիճակում ոչ թե իրենք են, այլ մեկ ուրիշը, որովհետեւ իրենք դմակավոր չեն կամ որձ (էգի միսն ավելի համով է): Վաղ թե ուշ բոլորն էլ հայտնվելու են շուկայի վաճառասեղաններին: Հարցը միայն այն է` թե ով ինչ գնով եւ ինչ նպատակների համար (մատաղի, հարսանիքի, Վերջին զանգի, թե, Աստված մի արասցե, վատ առիթներով):

«Եվրատեսիլում» 8-րդ տեղը գրաված Անդրեի երգն ընդամենը 2 ամիս առաջ Գալուստ Սահակյանն անվանեց թաթար-մոնղոլական՝ մոռանալով, որ իր հարազատ երաժշտական ալիքը մեր երիտասարդների համար դարձել է ռաբիսի եւ անճաշակության բնօրրան, որտեղ օրուգիշեր միայն Բղդո, Էդո, Արմենչիկ, իսկ լավագույն դեպքում՝ Էմին Դավիդով են ցուցադրում:

Բայց լավատեսությունս ինձ հուշում է, որ ախոռը ոչ միայն կարելի է մաքրել, այլեւ ընդամենը մի քանի տարվա ընթացքում դարձնել նորմալ պետություն: Դրա համար հարկավոր է այնպիսի համախմբվածություն, որի ականատեսն էինք բոլորս վերոհիշյալ «Եվրատեսիլի» օրերին: Ի դեպ, անկախ այն բանից, թե ինչպես եմ վերաբերվում «Հայլուրին» կամ Հանրային հեռուստատեսությանը, ես գտնում եմ, որ այն, ինչ այս պարագայում Հայաստանի համար արեց Ալեքսան Հարությունյանն այս տարվա «Եվրատեսիլում» եւ անցած տարի Փարիզում կայացած գեղեցկության մրցույթում, որտեղ Լուսինե Թովմասյանը դարձավ Եվրոպայի վիցե-միսս, շատ ավելին է, քան հարյուրավոր չինովնիկների անիմաստ գործունեությունը վերջին 15 տարիների ընթացքում: Ամենեւին չնվազեցնելով Անդրեի նվաճումը, ուզում եմ նշել, որ երեւի թե քվեարկությունից բոլորն էլ հասկացան, որ դա ոչ թե երգի մրցույթ էր, այլ քաղաքական ակցիա, որտեղ մեր նման պետությունների համար շատ լավ առիթ է երեւալ բարենպաստ եւ հրապուրիչ լույսի ներքո: Ինչը մեծ հաջողությամբ ստացվեց պարոն Հարությունյանի մոտ: Իսկ Եվրամիության անդամ դառնալու համար, ուր այդքան ջանասիրությամբ ձգտում է մտնել Արթուր Բաղդասարյանը, մեզ հարկավոր են ոչ թե «40 օրական» ֆրակցիաներ, այլ «Եվրատեսիլի» եզրափակիչներ: