Իրականում նրան են պատկանում Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան եւ Ֆրանսիական համալսարանը: Այս երկու բուհերն էլ ստեղծվել են 2000 թվականից հետո եւ իրենց կրթական որակով նորաստեղծ բուհերի շարքում արդեն բավական լավ համբավ ունեն: Բայց այդ բուհերի կրթական որակի մասին չէ, որ այս անգամ ուզում ենք խոսել, այլ այն շենքերի, որտեղ հիմա կազմակերպվում է այդ կրթական գործունեությունը:
Ֆրանսիական համալսարանը եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան միասին զբաղեցնում են Զեյթունի ուսանողական ավանի չորս մասնաշենքերը եւ ուսանողական գրադարանի եւ նախկին «Զեյթուն» կինոթատրոնի շենքերը հարակից տարածքներով: Երբ դեռ միայն Ֆրանսիական համալսարանն էր գործում, այն գտնվում էր Վազգեն Սարգսյանի անվան (Նախկին «Դինամո») մարզադահլիճի հարեւանությամբ գտնվող կառույցում: Բայց այդ շենքը փոքր էր ընդլայնվել ցանկացող բուհի համար, մանավանդ, որ պարոն Բաղդասարյանը մտադրություն ուներ եւս մեկ բուհ բացել՝ Եվրոպական ակադեմիան: Քանի որ այդ ժամանակ Երեւանի կենտրոնի մեծ շենքերն արդեն սեփականաշնորհված էին, այս բուհերի համար ձեռք բերվեցին Զեյթունի ուսանողական հանրակացարանները: Ի դեպ, այդ շենքերն էլ մայրաքաղաքի բավականին լավ հատվածում են գտնվում, ունեն բակային ու պուրակային ընդարձակ տարածքներ, եւ, որ շատ կարեւոր հոգեբանական հանգամանք է, այստեղ միշտ ուսանողական մթնոլորտ է եղել եւ դժվար չի լինի սովորելու համար դիմորդներին կենտրոնից Զեյթուն հանել: Այս հանգամանքը շատ լավ են գիտակցել կրթության գործի կազմակերպիչները: Եվ մի քանի տարի առաջ սկսեցին այդ հանրակացարաններում բնակվող, շրջաններից ու արտասահմանից եկած ուսանողների՝ բառիս բուն իմաստով վտարումը: Այդ հանրակացարաններից յուրաքանչյուրում կային մոտ 150 սենյակներ, որոնցից յուրաքանչյուրում ապրում էին 2-3 ուսանողներ: Հանրակացարանները մարզերից եկած ուսանողների համար մատչելի էին իրենց ցածր վարձավճարներով: Բացի այդ, ուսանողների համար գերադասելի էին` իրենց երիտասարդական մթնոլորտով: Ուսանողական այդ ավանն ուներ շատ հարուստ գրադարան, հիմա հայտնի չէ, թե ինչ է եղել: Մի խոսքով, այստեղ բավականին լավ մթնոլորտ կար ձեւավորված: Երբ այս երկու բուհերը պետք է տեղափոխվեին Զեյթուն, ուսանող-բնակիչները գրկաբաց չընդունեցին նրանց: Հավանաբար կհիշեք բողոքի ակցիաները: Բայց` անօգուտ: Կրթության ու գիտության նախարար Սերգո Երիցյանը հանդիպում էր ուսանողների հետ եւ հավատացնում, որ կփորձեն ինչ-որ ձեւով հարցերը կարգավորել, բայց ուսանողներին միանգամից չէր հայտնում, թե` հույսներդ կտրեք ու դուրս եկեք, ես ոչինչ չեմ անի, որովհետեւ այդ բուհերի տերն իմ կուսակցության նախագահն է: Այս երկու բուհերը ժամանակի ընթացքում մաս-մաս գրավեցին ուսանողների տարածքները:
Երբ մեկ ամիս առաջ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանում շատ բուռն կերպով քննադատեց 2001-2003թթ. սեփականաշնորհման ծրագիրը, միտք առաջացավ ճշտել, թե այդ ահռելի տարածքներն ի՞նչ գնով է ձեռք բերել: Դիմեցինք ԿԳ նախարար Սերգո Երիցյանին: Պատասխանը բավականին ուշացավ: Նա մեզ պատասխանեց այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ ԱԺ նախագահը հրաժարական է տալու, մնացել էր տեխնիկական մասի ապահովումը, եւ այդ պատճառով էլ ինքը կհրաժարվի իր հարազատ կուսակցությունից: Ինչեւէ, պատասխանը բավական հետաքրքիր տվյալներ էր պարունակում:
Պարզվում է, որ Ֆրանսիական համալսարանը եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան հիմնադրամի կարգավիճակ ունեն: Արթուր Բաղդասարյանը երկու բուհերի հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ուսանողական ավանի այդ 4 մասնաշենքերն ու հարակից տարածքները կառավարության որոշումով` «որպես պետության կողմից գույքային ներդրում», անվճար հանձնվել են այդ երկու հիմնադրամներին: Այդ 4 մասնաշենքերը միասին զբաղեցնում են 14.257 քմ տարածք, իսկ դրանց հարակից հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 24.958 քմ: Պարոն Երիցյանը մեզ նաեւ տեղեկացնում է, որ «հիմնադրամները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են, որոնց գործունեության դադարեցումից հետո նրանց գույքը եւ զբաղեցրած հողատարածքներն անցնելու են պետությանը` որպես ՀՀ սեփականություն»:
Մեր տեղեկություններով այդ երկու բուհերը միասին ունեն մոտ 1500 ուսանող: Վարձավճարն այստեղ բավականին բարձր է. Ֆրանսիական համալսարանում տարեկան 400.000 դրամ է, իսկ Եվրոպական ակադեմիայում` 390.000 դրամ: Երկրորդ բուհի ռեկտոր Ս.Բիչախչյանը տեղեկացրեց, որ իրենց ուսանողների 20 տոկոսն անվճար են սովորում եւ ունեն զեղչերի համակարգ: Ամենամեղմ հաշվարկներով այս ցուցանիշներով երկու բուհերը միասին այս տարի հավաքել են մոտ 1 մլն դոլար վարձավճար, առնվազն նույնքան էլ կհավաքեն հաջորդ տարիներին: Պարզ է, նախորդ տարիներին մի փոքր ավելի քիչ են հավաքել: Դե, նորաստեղծ բուհեր են եղել: Բացի այդ, Ֆրանսիական համալսարանին ֆինանսապես աջակցում է նաեւ Ֆրանսիայի կառավարությունը: Այդ 4 շենքերը վերանորոգելու համար ծախսված կլինի 1,5-1,8 մլն դոլար: Նման կարգի վերանորոգման վրա մասնագետների կարծիքով` 1 քմ-ի համար ծախսվում է 100-120 դոլար: Նույնքան գումարի սահմաններում էլ հավանաբար ուսումնական գույք ձեռք բերած կլինեն, որոշ գումար էլ, իհարկե դրանից ավելի քիչ, կգնա աշխատավարձի համար: Բայց հավաքագրած վարձավճարները որքան էլ տեղաբաշխում ենք, միեւնույն է, այնտեղից շահույթի հոտը գալիս է: Գուցե հենց նրա համար, որ անկախությունից հետո ստեղծված այն բուհերը, որոնք ՍՊԸ-ի կարգավիճակ ունեն, իրենց համար նման պայմաններ ապահովել են: Նրանց հավաքագրած վարձավճարները բավարարել են, որ շենքն ամբողջությամբ իրենք գնեն կամ նորը կառուցեն, նաեւ շահույթ ստանան: Բա ինչպե՞ս եղավ, որ հիմնադրամը հազիվ ծայրը ծայրին է հասցնում: Ի դեպ, կրթությունը համարվում է կայուն եւ եկամտաբեր բիզնես: Ուղղակի ՍՊԸ-ի կարգավիճակ ունեցող բուհերը բացահայտ են շահույթ հետապնդում, իսկ հիմնադրամները դա թաքցնում են իրենց կարգավիճակի տակ:
Ս.Երիցյանն իր պատասխանի մեջ չէր տեղեկացրել, թե հանրակացարանների շենքերը ե՞րբ են հանձնվել երկու բուհերի հիմնադրամներին: Դա եղել է վերջին տարիների՞ն, երբ Ա.Բաղդասարյանը ԱԺ նախագահ էր, իսկ ինքը ԿԳ նախարար, թե՞ դրանից առաջ, երբ երկուսով էլ ձգտում էին իշխանության եւ վայելում էին իշխանության աջակցությունը: Մեր իրականության մեջ ընդունված խաղի կանոն կա, որ իշխանությունից հեռացվածի ունեցվածքը վերաբաժանում են: Արթուր Բաղդասարյանն իրեն ընդդիմություն է հռչակել: Հիմա երեւի կմտածեն պետության ներդրածը՝ հանրակացարանները ինչ-որ ձեւով ետ վերցնելու մասին: Տան հենց թեկուզ դաշնակցականներին: Չէ՞ որ «Օրինաց երկրի» ունեցվածքի վրա նրանք են ավելի շատ աչք դնում, մանավանդ որ ԿԳ նախարարը հիմա դաշնակցական Լեւոն Մկրտչյանն է: Բուհում այդ մտավախությունը չունեին, իսկ մենք ունենք: Մեր իրականության մեջ խաղի կանոնները գայլային են: Իսկ միգուցե Ա.Բաղդասարյանի բիզնեսին չեն էլ կպնի՞, որովհետեւ կարծիք կա, որ նա ընդամենը ընդդիմություն-ընդդիմություն է խաղում: Սա դեռ կպարզվի: