Լրատվամիջոցները մեծ ուրախությամբ արձանագրեցին խորհրդարանում գրանցված ռեկորդը. 20 րոպեում պատգամավորները 31 օրենսդրական նախագիծ են ընդունել։ Յուրաքանչյուր նախագծի համար միջին հաշվով պահանջվել է 39 վայրկյան։ Գրանցված ռեկորդի առթիվ հատկապես անթաքույց էր պետական եւ իշխանամետ լրատվամիջոցների հրճվանքը։ Եվ դա հասկանալի է. փաստորեն պաշտոնապես արձանագրվեց, որ Հայաստանում խորհրդարան չկա, կառավարման այդ ինստիտուտը ձեւական բնույթ է կրում։
Իսկ հետո սկսվեցին քաղաքական լրջագույն քննարկումները` «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» սխեմայով։ Սա նույնպես ամբողջովին համապատասխանում էր խորհրդարանը կրկեսի արենայի վերածելու սցենարին, եւ իզուր էր Արշակ Սադոյանը դողդոջ ձայնով ազդարարում, թե սա թատրոն է, «մենք բոլորս` դերասաններ»։ Ի վերջո ավելի դիպուկ գնահատական գտնվեց. Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարանը համեմատեց ախոռի հետ, եւ ներկաները մի լավ հրճվեցին։ Այսինքն, խորհրդարանի թիվ մեկ զոոլոգի ելույթները միշտ էլ հրճվանքի անմոռանալի վայրկյաններ են պարգեւում հասարակությանը, բայց տվյալ դեպքում հեռուստադիտողներին մանրամասներն էին հետաքրքրում. ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս է արել գողությունն ու «էն մյուս բանը»։ Ցավոք, մանրամասներ չհնչեցին։ Բայց խնդիրն ընդհանուր առմամբ լուծվեց։ 2007-ին ժողովուրդը հազիվ թե մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Իսկ ինչո՞ւ պիտի մասնակցի, եթե իրենք խորհրդարան են ընտրում, հետո պարզվում է` ախոռ են ընտրել։ Արմեն Շեկոյանն այսպիսի տողեր ունի. «Նրանց աչքե՛րն են ահավոր, / Խորհրդավոր, բիրտ ու անբառ, / Ծնվել են, որ դառնան համբալ, / Բայց դառնում են պատգամավոր»։ Ընդ որում, այս պրոցեսը նորություն չէ։ Խորհրդային վերջին տարիներին, օրինակ, երբ որեւէ աղմկահարույց դատավարություն էր լինում, եւ իշխանությունները պարտավորված էին լինում դատավարությունը դռնբաց անցկացնել, վարվում էին այսպես. դեռ դատական նիստը չսկսված` քաղաքացիական համազգեստով ինչ-որ անհայտ մարդիկ արդեն զբաղեցրած էին լինում դահլիճի բոլոր տեղերը, եւ հայտարարվում էր, թե նիստը բաց է, բայց ավաղ` նստելու տեղ չկա։ Ճիշտ այդպես էլ կազմավորվում է մեր խորհրդարանը։ Իշխանություններին պետք չէ, որ այս կամ այն թաղային հեղինակությունը կամ օլիգարխը դառնա պատգամավոր։ Նրանց պետք է, որ նորմալ մարդիկ դուրս մնան խորհրդարանից։
Իսկ հիմա` կոնկրետ այս թամաշայի մասին։ Ինչի՞ց սկսվեց այս «համընդհանուր աղետը», եւ ինչո՞ւ այսքան մեծ աղմուկ բարձրացավ։ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից եւ հայտարարեց, թե դառնում է ընդդիմություն, բայց նման բաներ նույնիսկ պատերազմի ժամանակ են տեղի ունենում։ Մեկ էլ տեսնում ես` ինչ-որ մեկը, սպիտակ դրոշ պարզած, մի ճամբարից մյուս ճամբարն է վազում։ Ի՞նչ իմաստ ունի նրա վրա կրակելը։ Հակառակը` պետք է լավ ընդունել, տաք թեյ հյուրասիրել եւ փորձել հակառակորդի մասին տեղեկություններ կորզել։ Իսկ եթե մեկնումեկն այնուամենայնիվ ճամբարը փոխածի վրա կրակում է, իսկույն կասկած է առաջանում. չլինի՞ սա (կրակողը) թշնամու լրտես էր, որ մեզ զրկեց այդքան կարեւոր հաղթաթղթից։
Բայց արդյո՞ք Արթուր Բաղդասարյանն իսկապես իշխանությունների համար ինչ-որ վտանգ է ներկայացնում։ Այս պահին` թերեւս ոչ, բայց հետագայում իրավիճակը կարող է փոխվել։ Ասենք, Արթուր Բաղդասարյանը կարող է ոչ միայն անցնել ընդդիմադիր դաշտ, այլեւ` դառնալ այդ դաշտի մի թեւի առանցքային դեմքն ու միավորիչ ուժը։ Ընդդիմադիր դաշտում այսօր (եւ ընդհանրապես` վերջին տարիներին) լիդերության խնդիր կա` Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանն իրենք իրենց համարում են միակ եւ անփոխարինելի լիդերը, իսկ մյուս ուժերը դա առանձնապես չեն ընդունում։ Իսկ հիմա այս իրավիճակը կարող է փոխվել։ Եվ իշխանությունները, բնականաբար, խիստ անհանգստացել են, որովհետեւ ամեն ինչից զատ` Արթուր Բաղդասարյանը նաեւ Արեւմուտքի կողմից է ընկալելի, իսկ ներկա իշխանությունների վրա միջազգային ճնշումներն օրեցօր ուժեղանում են։
Իսկ փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ իշխանությունների դիրքերը թուլանում են, եւ ներքաղաքական պայքարի նժարը թեքվում է ընդդիմության կողմը, Արտաշես Գեղամյանը սկսում է «ոչ ադեկվատ» քայլեր կատարել։
Երեւի զուգադիպություն է։