«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար կողմերը պետք է վճռական քայլեր ձեռնարկեն: Սակայն բանակցային գործընթացի իրավիճակի վերջնական հստակեցումը հնարավոր կլինի միայն այս շաբաթավերջին»,- ըստ ադրբեջանական ATV հեռուստաընկերության, երեկ Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: «Իմ նպատակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելն է: Տարածաշրջանի բնակիչները խաղաղություն ցանկանալու իրավունք ունեն, եւ դա պետք է արվի ամենամոտ ժամանակներս, ինչի համար անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել պետական մակարդակով»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի զորու են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Երեկ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանը, Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասիեն տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպում են ունեցել Ադրբեջանի Արտգործնախարարության ղեկավարության հետ: Հանդիպմանը, որը տեւել է 1,5 ժամ, մասնակցել են նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի փոխարտգործնախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Նախատեսված է նաեւ համանախագահների եւ բարձրաստիճան դիվանագետների հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: