«Դիմումատերերս «Տաքսի» ՓԲԸ մասնավորեցման ժամանակ ներդրել ենք եւ դարձել ենք բաժնետերեր: Միաժամանակ աշխատել ենք մեզ ամրակցված տաքսի ավտոմեքենաներով, մուծել ենք պահանջված բոլոր հարկ ու տուրքերը, բայց չենք ստացել այն շահույթը, որը ՓԲԸ-ն ստացել է մեր աշխատած ժամանակաընթացքում: Այդուհանդերձ, սպասել ենք համբերությամբ, քանի որ խոստանում էին, որ մեզ ամրակցված տաքսիները, որոնք վաղուց իրենց մաշվածության պատճառով պետք է դուրս գրված լինեին, մեր սերտիֆիկատների դիմաց մեզ հանձնվեն: Ավաղ, հայտնվեցինք խաբված բաժնետերերի ցուցակում: Մի քանի անձինք մեր հաշվին հարստացան, լուծարելով «Տաքսի» ՓԲԸ ողջ շենք-շինությունները եւ վաճառելով գույքը»:
Նամակում նշած հեռախոսահամարներով զանգեցինք եւ փորձեցինք ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ: «Տաքսի» ՓԲԸ-ն ունեցել է 85 վարորդ: Խաբված բաժնետերերը պատմում են, որ մեկ տաքսի մեքենայի համար վճարվելիք պլանային 21.000 դրամն 90-ական թվականների վերջին դարձրին 12.000 դրամ: Իրենց համար դժվար էր այդքան գումար վճարել: Բայց նրանք հավատացնում են, որ երկու գումարներն էլ ամբողջությամբ վճարել են: Դրանից առաջ վարորդներից յուրաքանչյուրը 5-6 սերտիֆիկատ է ներդրել ընկերության սեփականաշնորհման ժամանակ: Յուրաքանչյուր սերտիֆիկատն արժեցել է 20.000 դրամ: Եվ «Տաքսի» ՓԲԸ 20 տոկոսի բաժնեմասը պատկանել է 85 վարորդներին: 1998թ. ընկերությունը սնանկանում է: Բաժնետերերի կարծիքով, ընկերությունը դիտմամբ են սնանկացրել, որպեսզի շինությունները վաճառեն ու գրպանեն: Սնանկացնելուց հետո «Տաքսի» ՓԲԸ-ն վերափոխել են տաքսի «Ռոբի»-ի, որի տնօրեն Ռոբերտ Բաղդասարյանը փորձում էր հավատացնել, թե նախկին վարորդներն իրենց պլանային վճարները չեն մուծել, դրա համար էլ ընկերությունը սնանկացել է: Մնացած գույքը վաճառել են, փակել են հարկային պարտքերը, իսկ բաժնետերերին վճարելու գումար չի մնացել: «Որովհետեւ հիմնարկը սնանկացել է»,- ասում է Ռ. Բաղդասարյանը:
Բայց վարորդները պնդում են, որ իրենք պարտաճանաչ կատարել են բոլոր վճարումները: Ավելին. «Մենք հույս ունեինք, թե մեզ ամրակցված մեքենաները սերտիֆիկատների դիմաց կտան մեզ,- արդեն բանավոր պնդում են նրանք: -Բայց, հակառակը, այդ մեքենաները վաճառեցին մեզ վրա»:
85 բաժնետերերից մի քանիսը կարողացել են դատական կարգով մեքենաները վերցնել իրենց սերտիֆիկատների փոխարեն, սակայն մեծ մասին դա չի հաջողվել: Վարորդները հավատացնում են, որ այդ ամբողջ գործընթացը կազմակերպել եւ ղեկավարել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը: Այդ ժամանակ նա եղել է Հարկային ծառայության պետ: Ընկերությունը սնանկացրել եւ սեփականացրել է հենց ինքը: Սակայն ընկերության տնօրեն Ռ.Բաղդասարյանը կտրականապես ժխտեց Ա.Թումանյանի կապն իրենց հետ: Նրա ասելով` սեփականատերը հենց ինքն է: Եվ ընդհանրապես վանաձորցիները շատ են դժգոհում, որ իրենց քաղաքի ամբողջ պետական ունեցվածքը՝ գործարանները, խանութները, հողերը, ահռելի քանակով ու տարածքներով շենք-շինություններն իրար մեջ են բաժանել երեք հոգի՝ Արտաշես Թումանյանը, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչարյանը եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս երեքի տիրապետության ժամանակ ոչ միայն թալանվել է Վանաձորի ամբողջ հարստությունը, այլեւ տիրել է կաշառակերության, իրենց շրջապատի անպատժելիության ու անօրինության մթնոլորտ: Ճիշտ է, հիմա Ա. Թումանյանը պաշտոնանկ է արվել, բայց մարզպետն ու քաղաքապետն այդ բացը լրացրել են:
«Տաքսի» ՓԲԸ-ի խաբված բաժնետերերն իրենց նամակի մեջ նշում են, որ «թոշակառուներ ենք, ռիսկի դիմեցինք եւ մեր ծերության համար հավաքած վերջին գումարները ներդրեցինք ընկերության մեջ, հույսով ու հավատով, որ ծերության ժամանակ որոշ չափով ապահով կապրենք»:
Նրանք դիմել են խմբագրություն մեկ անգամ եւս բարձրացնելու իրենց բաժնետիրական պահանջներն ու ներկայացնելու, թե ինչ անարդար պայամաններում են ապրում: Չնայած հույս չունեն, թե որեւէ բան կփոխվի: