Հրաշքների աշխարհում

26/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ապրիլ ամսվա սպառողական գների ինդեքսին (գնաճին) վերաբերող ուսումնասիրության մեջ առայժմ զարմանալի ոչինչ չկա, բայց համոզված ենք, որ դեռ կլինի…

Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2006թ. ապրիլ ամսվա գնաճը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0,3%։ 2005թ. համեմատ այս տարվա առաջին 4 ամիսներից հետո գները բարձրացել են 3,2%-ով։ Ամենից շատ աճել են մշակույթի ապրանքների եւ ծառայությունների (4,7%), պարենային ապրանքների (4,5%) եւ տնային գործածության ապրանքների գները (4,3%)։ ԱՎԾ-ի՝ սպառողական գների ուսումնասիրության մյուս աղյուսակի մեջ այս տարվա գները ներկայացված են անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատության մեջ։ 2006թ. հունվար-ապրիլի սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ կազմել է 98,5%։

Առաջին հայացքից կարող է մի փոքր անտրամաբանական թվալ. 2005-ի համեմատ ապրիլի վերջի դրությամբ արձանագրվել է 3,2%-անոց գնաճ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները նվազել են 1,5%-ով։ Սա բացատրվում է նրանով, որ անցյալ տարվա առաջին ամսիներին գները բարձր էին, իսկ հետո սկսեցին կայուն կերպով նվազել, եւ տարին փակեցինք դեֆլյացիայով՝ գների մակարդակի անկմամբ։

Մասնագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ տնտեսության մեջ գյուղատնտեսական արտադրանքն ունի բավական մեծ տեսակարար կշիռ, իսկ գյուղատնտեսությունը՝ սեզոնային բնույթ։ Տարվա առաջին ամիսներին գյուղատնտեսական ապրանքների գները բարձր են լինում, հետո աստիճանաբար իջնում են։ Նույն կարծիքին են նաեւ ՀՀ Կենտրոնական բանկում։ Ինչպես գիտեք, ԿԲ-ն այս տարվա համար նախատեսել էր 3-4%-անոց գնաճ։ Առաջին 4 ամիսներից հետո մենք արդեն ունենք 3,2 տոկոսանոց գնաճ, եւ այս տեմպերի պահպանման դեպքում ինֆլյացիան կարող է զգալիորեն գերազանցել կանխատեսված ցուցանիշը։ ԿԲ-ում այս հարցում հանգիստ են։ Այս կառույցի մամուլի ծառայությունից մեզ պատասխանեցին, որ գնաճի տեմպերը չեն շեղվում իրենց նախատեսված ուղուց եւ անգամ 0,2 տոկոսով ցածր են իրենց կանխատեսումներից։ ԿԲ մասնագետները համոզված են, որ այս տարի գներն «իրենց կպահեն» նույնկերպ, ինչպես անցյալ տարի։

Սակայն տարբերություն, այնուամենայնիվ, կա։ 2005թ. հունվար ամսին գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 5,4%-ով, իսկ հետո մինչեւ օգոստոս դրանք կայուն կերպով նվազել են (տես աղյուսակը)։

Մինչդեռ այս տարվա առաջին 4 ամիսներին այդպիսի միտում չի նկատվում։

Ինչպես արդեն նշվեց, ԿԲ-ն այս դինամիկան նորմալ է համարում։ «Արտաքին միջավայրի առաջին եռամսյակի վարքագիծն ամբողջովին համընկել է կանխատեսումներին. նավթամթերքների եւ այլ հումքային ապրանքների գները, ինչպես նաեւ եվրոյի փոխարժեքը եւ միջազգային տոկոսադրույքները շարժվել են ըստ սպասվածի», – նշված է 2006թ. մայիսի 11-ին ԿԲ մամլո հաղորդագրության մեջ։ Սակայն ԿԲ մասնագետները նաեւ նշում են. «…Երկրորդ եռամսյակի սկզբին նավթամթերքների եւ եվրոյի փոխարժեքի զարգացումները ապագա ժամանակահատվածի համար գնաճային բավական մեծ ռիսկեր են առաջացրել»։

Պարզ է, որ նավթամթերքի համաշխարհային գների աճն ազդում է գնաճի վրա։ Սակայն մեր դեպքում կա մի հետաքրքիր հանգամանք։ Փորձը ցույց է տալիս, որ նավթամթերքների գների աճի դեպքում դոլարի գինը մեր հանրապետությունում ընկնում է։ ԿԲ հաղորդագրությունից ընդամենը մի քանի օր անց վերջին ամիսներին իրեն «խելոք պահած» դոլարի փոխարժեքը սկսեց ցած սահել՝ 450-ից հասնելով մինչեւ 428 դրամի։

ԿԲ-ն փոխարժեքի տատանումը բացատրում է շուկայական գործոններով՝ առաջին հերթին՝ 2006թ. առաջին եռամսյակում տրանսֆերտների 26%-անոց աճով՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Ի թիվս այլ գործոնների` նշվում է նաեւ ապրիլ ամսվա ընթացքում արտահանման աշխուժացումը։ Սակայն դա այնքան էլ համոզիչ չի հնչում, մանավանդ, եթե շարժվենք նույն տրամաբանությամբ, ապա առաջին եռամսյակում արձանագրված արտահանման բացարձակ անկման պարագայում դոլարը պետք է բարձրանար, ինչը տեղի չունեցավ։

Նավթամթերքի համաշխարհային գների եւ դոլարի փոխարժեքի կապը որոշ մասնագետներ բացատրում են մի տեսակետով, որը ԿԲ-ին դուր չի գալիս։ Այսպես, նավթամթերքի համաշխարհային գների աճի պարագայում մեր վառելիք ներկրողները պետք է որ բարձրացնեն հանրապետության ներսում վաճառվող վառելիքի գինը։ Դա իր հերթին կհանգեցնի համընդհանուր գների աճի։ Իշխանություններին դա ամենեւին ձեռնտու չէ, այդ իսկ պատճառով գործածության մեջ է դրվում «դոլարը գցելու» եղանակը։ Վառելիք ներկրողները գինը չեն բարձրացնում, կամ բարձրացնում են ոչ այնքան զգալի չափով։ Փոխարենը դրսում վճարվող դոլարները հանրապետությունում ձեռք են բերում ավելի ցածր գնով եւ այդ կերպ պահպանում հավասարակշռությունը։ Դա ԿԲ-ն կտրականապես հերքում է, քանի որ դա նշանակում է, թե դոլարի փոխարժեքը «լողացող» չէ, այլ վերահսկվում է եւ կարող է ցանկացած ժամանակ ցանկացած ուղղությամբ փոփոխություններ կրել։ Եվ եթե կառավարելի է, ապա չի բացառվում, որ դոլարը շարժվի այն ուղղությամբ, որը ձեռնտու է որոշակի շրջանակների։

Չենք կարող պնդել, որ ասվածը ճշմարտություն է, սակայն ԿԲ-ի այն պնդումը, որ դոլարի փոխարժեքի տատանումը պայմանավորված է զուտ շուկայական գործոններով՝ համոզիչ չի թվում։

Ինչեւէ, եթե ԿԲ-ն, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն ունի դոլար-դրամ փոխարժեքի վրա, ապա ավելի շատ հակված ենք կարծելու, որ այդ քաղաքականությունն ուղղված է ոչ թե կոնկրետ մարդկանց շահերին, այլ գնաճի ցածր մակարդակի ապահովմանը։ Պարզ է, ներմուծողները գերշահույթներ են ստանում։ Սակայն դա ավելի շատ կարելի է պատահական երեւույթ համարել, քանի որ այս դեպքում ԿԲ-ի՝ գների կայուն մակարդակի ապահովման նպատակները եւ ներմուծողների շահերը համընկնում են։ Բացասականն այն է, որ բնակչության իրական գնողունակությունը նվազում է, քանի որ բնակչության եկամուտների մեջ զգալի բաժին են կազմում տրանսֆերտները։ Իսկ ինչո՞ւ է մեր իշխանությունների համար այդքան կարեւոր ցածր գնաճ ապահովելը կամ գոնե այդպես ներկայացնելը։

Երկնիշ թվով տնտեսական աճ ունեցող երկրի համար գնաճի բարձր տեմպը սովորական երեւույթ է, սակայն նախընտրական տարում իշխանություններին ձեռնտու չէ գների բարձրացումը։ Նույն պրիզմայի միջով կարելի է դիտարկել նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի վաճառքի գնով գազի սակագնի սուբսիդավորումը։ Եվ երկրորդ։ Չնայած պաշտոնական վիճակագրության տվյալներին, խանութ կամ շուկա այցելող մարդկանց մեծամասնությունը հավաստում է, որ գներն աճել են։ Ի՞նչ նպատակ կարող է ունենալ գնաճի արհեստական նվազեցումը։

Երկնիշ թվով տնտեսական աճի մասին շատ է խոսվում, սակայն այդ աճն ինքնանպատակ չի կարող լինել։ Եթե կա տնտեսական աճ, ապա պետք է լինի նաեւ բնակչության կենսամակարդակի բարձրացում՝ աղքատության նվազում։ Աղքատության նվազումը նույնպես կարեւոր ցուցանիշ է, որով ոչ միայն պարծենում են, այլեւ ներկայացնում միջազգային կազմակերպություններին՝ իրենց աշխատանքի արդյունավետությունն ապացուցելու եւ լրացուցիչ գումարներ հայթայթելու համար։ Եվ այստեղ վիճակագրությունը նորից նվաճումներ է արձանագրում։ 1998/1999թթ. համեմատ աղքատների թիվը 56,1%-ից կրճատվել է 34,6%-ի (2004թ. համար), իսկ ծայրահեղ աղքատներինը՝ 21,0%-ից իջել է 6,4%-ի։

Ամեն ինչ հասկանալի է դառնում, երբ նայում ես, թե ինչպես է հաշվարկվում աղքատության մակարդակը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով, Հայաստանում յուրաքանչյուր մարդ օրական պետք է սննդի միջոցով ստանա 2,232 կիլոկալորիա։ Ըստ դրա, որոշվում է պարենային ապրանքների կոնկրետ հավաքածու, որն ապահովում է այդ կալորիականությունը։ Դա պարենային զամբյուղն է։ Հետո հաշվվում է դրա արժեքը՝ ըստ տվյալ ժամանակաշրջանում գործող գների, եւ որոշ ճշգրտումներից հետո (կախված քաղաքային եւ գյուղական բնակավայրերի գնային տարբերություններից, սպառողների տարիքից) որոշվում է ծայրահեղ (պարենային) աղքատության գիծը։ Օրինակ, 2004թ. միջին գներով այն կազմել է ամիսը 12.952 դրամ։ Այն մարդիկ, ում սպառումն այդ գումարից փոքր է, համարվում են ծայրահեղ աղքատ։ Քանի որ, սնվելուց բացի, մարդիկ ունեն նաեւ այլ պահանջմունքներ, ապա սահմանվել է նաեւ «աղքատության ընդհանուր գիծ», որը ներառում է նաեւ ոչ պարենային ապրանքները։ Այդ ցուցանիշը 2004թ. համար գնահատվել է 20 հազար դրամի սահմաններում։

Եթե երկրում արձանագրվում է գների աճ, ապա, բնականաբար, աճում է նաեւ սպառողական զամբյուղի գինը, եւ ավելի շատ թվով մարդիկ են հայտնվում այդ գծից ներքեւ։ Այսինքն, գնաճի ցածր ցուցանիշը թույլ է տալիս ապահովել նաեւ աղքատության ցածր ցուցանիշ։ Եվ ԱՎԾ-ի «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» 2006թ. զեկույցում կա այսպիսի նախադասություն. «Հայաստանում աղքատության մակարդակի կրճատումը պայմանավորող առավել կարեւորագույն գործոնը առաջանցիկ տնտեսական աճն է»։ Այս բնույթի նախադասությունները հետո իրենց տեղն են գտնելու իշխանությունների նախընտրական բուկլետներում։

Ստացվում է՝ իրականում ավելի լավ ենք ապրում, քան մեզ թվում է։ Համենայն դեպս, մեզ ուզում են դրանում համոզել։

Հ.Գ. Ի դեպ, Կենտրոնական բանկի մասնագետների կարծիքով, այս տարի եւս մեր տնտեսությունը թռիչք է ապրելու. «Հետեւելով 2006թ. առաջին ամիսներին մակրոտնտեսական միջավայրի զարգացումներին, ԿԲ խորհուրդը կրկին անգամ հաստատեց տարվա ընթացքում երկնիշ տնտեսական աճի արձանագրման հնարավորությունը…»։ Ճիշտն ասած, չենք էլ կասկածում։