Երեւանում ամեն օր քանդվում են պատմական նշանակություն ունեցող շինություններ՝ իրենց տեղը զիջելով էլիտար բարձրահարկ շենքերին, որոնք իրենց ճարտարապետական լակոնիկ լուծումներով հաստատ զիջում են նախորդներին։
Տեսնո՞ւմ են արդյոք պետական այրերը ճարտարապետական այդ մեծ տարբերությունը: Մտածո՞ւմ են արդյոք, որ 1800-ականների առանձնատներն` իրենց ուրույն բակերով, մեծ, աղյուսաշեն նկուղ-մառաններով, գետնին հավասարեցնելու արդյունքում՝ Երեւան քաղաքը կորցնում է Հին Էրիվանի շունչը։ Նույն պետական այրերը հեռուստատեսությամբ անընդմեջ խոսում են տուրիզմի զարգացման մասին: Հետաքրքիր է, նրանք չե՞ն մտածում, արդյոք, որ անհնար կլինի զարմացնել որեւէ արտասահմանցու Երեւանի «նորաոճ/ էլիտար» շենքերով։
Ճարտարագիտական համալսարանի ուսանողուհի Նարինեն ասում է. «Եթե մենք այդ էլիտար շենքերի նման շինություն գծենք համալսարանում, մեզ նույնիսկ երեք չեն նշանակի՝ գլուխ պահելու համար»։
Այս ամենը կարեւոր խնդիր է, սակայն ցավոք ոչ ավելի պակաս կարեւոր է այն, թե ինչպես են «արտաքսում» այս շենքերի բնակիչներին «էլիտար նորաոճ տերերը»։
Արամի 86 հասցեի համարակալված տունը թվում է անմարդաբնակ, սակայն պարզվում է, որ ներսում բնակիչներ կան։ «Ինձ երկու անգամ ծեծել են…»,- լացելով պատմում է բնակչուհի 70-ամյա Ելենա Աղաբաբյանը: -Նորմալ, մարդավարի չեն խոսում, որ հասկանամ՝ ուզածներն ինչ է, մինչեւ հիմա ինձ փաստաթուղթ էլ ցույց չեն տվել, թե իրավունք ունեն տունս քանդելու, մենակ գոռում են` էս տունն իմն ա , էս հողն իմն ա, դու էլ մեր բնակիչը չես, թե դուրս չգաս` ուժ կգործադրենք»։
Ելենա Աղաբաբյանը մենակ է ապրում, որդեգրած մի աղջիկ ունի, որին ինքն է մեծացրել, նա ամուսնացել է, ապրում է Հոկտեմբերյանի գյուղերից մեկում. «Աղջիկս երկու փոքր երեխեքի հետ դոմիկում է ապրում, ես ո՞ւր գնամ, փոխանակ ես իրանց օգնեմ, տուն ժառանգեմ մեռնելուցս առաջ…»։
Միայնակ կնոջը տանից հանելու համար ջանք չի թափում «Դայոմոնդ հաուզ» կազմակերպությունը, որը գնել է այդ տարածքը։ Նրանց նախաձեռնությամբ հարեւաններից մեկը, որը, տիկին Ելենայի ասելով, իր ուզած գումարը ստացել է այդ կազմակերպությունից, քանդել է շենքի տանիքը։ Քանդել են նաեւ տիկին Ելենայի տուն տանող հատակը, իսկ 70-ամյա կինը երկրորդ հարկում է ապրում, սակայն տիկին Ելենան չի վախենում եւ մոտ երեք մետր ոչ հաստ գերանի վրայով է անցնում իր տուն մտնել-դուրս գալու համար։ «Մի անգամ հավասարակշռությունս կորցրի, ոտքս դրեցի գերանի կողքի հողին, ծակվեց, խրվեցի կախվեցի ներքեւ, չեմ էլ հիշում, թե ոնց բարձրացա, համոզված էի, որ ընկնելու եմ»,- պատմում է նա մեկ` տխրությամբ, մեկ՝ զայրանալով։
Տանն ամենուր մեծ թասեր են դրված՝ անձրեւաջրերի համար. «Անձրեւի ժամանակ էնքան ուժեղ ջուր է թափվում տուն, որ կարելի է օճառ վերցնել ու լողանալ»,- ասում է ճարահատյալ փոշու եւ մրի մեջ ապրող այս կինը։ Նրան շատ է անհանգստացնում փոշու, կեղտի մեջ ապրելը։ Երկու ամիս է, ինչ «Դայոմոնդ հաուզ» կազմակերպությունն անջատել է նրա տան էլեկտրաէներգիան. «Հենց մութն ընկնում է, գնում եմ դրսում, ծառերի տակ նստում, ճաշս էլ փեչի վրա եմ սարքում»։
Ելենա Աղաբաբյանը տասնհինգ տարի առաջ է գնել այս բնակարանը՝ ձեւակերպելով այն եղբոր որդու անունով. «Այն ժամանակ ես ուրիշ տուն ունեի, իսկ աղջիկս դեռ փոքր էր, իր անունով չէի կարող ձեւակերպել տունը, պահ տվեցի եղբորս տղային, նրանք գիտեին, որ մի օր պիտի հետ վերցնեմ»։
Սակայն եղբայրը չի ուզում քրոջը վերադարձնել բնակարանը։ Տիկին Ելենան ասում է, որ եղբայրն ապահովված է. «Տուն էլ ունի, մեքենա էլ, չէի պատկերացնում, որ մի օր պիտի իմ բնակարանը հետ ուզեմ ու իմ եղբայրը ասի` չէ… ո՞վ կպատկերացներ»։ Եղբայրը չի ուզում, որ քույրն աղջկան կտակի բնակարանը, պատճառաբանելով, որ որդեգրած է։ «Ոտից, ձեռից ընկնեմ` ո՞վ կպահի ինձ, եղբորս ընտանիքը տարիներով իմ տուն չի մտել, չեն հետաքրքրվել` ո՞ւր եմ, ո՞նց եմ, իրանք ինձ պահողը չեն, փողոց կգցեն, աղջիկս էլ դոմիկում է ապրում, բա տունս չտա՞մ նրան, որ երեխեքը դոմիկում չմեծանան, ինձ էլ տիրություն անեն…»։
Այս հարցը քննվում է դատարանում, եւ քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել, տիկին Ելենան հրաժարվում է տանից դուրս գալ։ Իսկ տան հատակը, կտուրը քանդում են այն ժամանակ, երբ նա տանը չի լինում։ «Իր եղբայրն է քանդում, մենք ի՞նչ կապ ունենք, պետք է քանդեն տան մեզ»,- ասում է «Դայոմոնդ հաուզ» կազմակերպության իրավաբան Անգին Իսախանյանը։ Իսկ մեր հարցին, թե «Ճի՞շտ է, արդյոք, որ ձեր տնօրինությունը տեղյակ է եղել, երբ տիկին Ելենային ծեծել են, իսկ Արսեն Աղրամանյանը՝ կազմակերպության տնօրենը, նրան ասել է, եթե դուրս չգաս` ուժի կդիմենք», Անգին Իսախանյանը պատասխանեց. «Ես իրավասու չեմ մեր կազմակերպության ներքին խոհանոցային հարցերին պատասխանելու»։
Տիկին Ելենան ասում է, որ իր եղբայրը տուն չի մտել, տունը քանդում է իր հարեւան, նույն շենքի բնակիչ Վանուշ Արզախանյանը, որը համագործակցում է «Դայոմոնդ հաուզ» կազմակերպության հետ. «Իր ուզած գումարը ստացել է, նրանց հրամանով էլ հատակը ոտքիս տակ քանդում է, ինձ հայհոյում է, ծեծել է, հանգիստ չունեմ։ Թող սպասեն` դատը շահեմ, իմանամ` գնալու տեղ ունեմ, փողոցում չեմ մնա՝ ինքս դուրս կգամ։ Ասում են` պետության կարիքների համար, չէ՜, սա պետության կարիքների համար չի, սա սեփական գրպանի կարիքների համար է»,- արցունքները կոկորդում խեղդելով` գոռում է իր տուն տանող բարակ գերանի վրա կանգնած տիկին Ելենան։ -Էս էլ փլվի` ընկնեմ, մեռնեմ-պրծնեմ… կարեւորը` իմ տանը մեռնեմ»,- զայրանում է նա, ոտքով հարվածում գերանին: Հայրուրերեսունամյա գերանը դիմանում է։