Ռուսաստանը ֆաշիզմի ճիրաններում. հայերը առաջնային թիրախ

26/05/2006 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Ռասիզմն ու այլատյացությունը Ռուսաստանում մոլեգնում է։ 2004թ. սափրագլուխները եւ այլ արմատական ազգայնական խմբավորումներ սպանել են 46 (այլ տվյալով՝ 54) այլազգիների, 2005թ. սպանությունները նվազել են՝ 28 սպանված, սակայն հարձակումներն ավելի հաճախակի են դարձել, ռասիստների հարձակումներից տուժել են 402 հոգի։ Տուժել են մոտ 50 երկրների քաղաքացիներ։ Ազգային հողի վրա հանցագործությունները միատեսակ են. «ոչ սլավոնական» արտաքինով մարդկանց վրա հարձակվում են 5 հոգիանոց պատանիների խմբեր եւ զոհին ծեծում են քացիներով, բեյսբոլի մահակներով, իսկ եթե 5 հոգուց քիչ են լինում, սովորաբար օգտագործում են դանակ։ Կարեւոր չէ՝ զոհը Ռուսաստանի քաղաքացի՞ է, թե՞ ոչ։ Ռուսական ասացվածքն ասում է. «բյուտ նե պո պասպորտու, ա պո մորդու»։

Ռուսաստանում համադաշնական մակարդակով գործում են 7 կուսակցություն եւ շարժում, որոնց գաղափարական հիմքը քսենոֆոբիան է եւ ֆաշիզմը։ Կան բազմաթիվ ռեգիոնալ կազմակերպություններ։

Ավելի քան 50 հազար երիտասարդներ սափրագլուխների շարժումների մեջ են ընդգրկված։ Ազատորեն հրատարակվում են ռասիզմ ու քսենոֆոբիա քարոզող մոտ 100 թերթեր։ Նախորդ տարիների համեմատ ազգայնականների ակցիաները ոչ թե առանձին դեպքեր են, այլ դարձել են պարբերական գործունեություն։ Դրանց մասնակցում են Պետդումայի պատգամավորներ։ Քսենոֆոբիական տրամադրություններ են արտահայտում Պետդումայում ներկայացված «Ռոդինա», Կոմունիստական, Լիբերալ-դեմոկրատական (Ժիրինովսկու) կուսակցությունները։

Ոմանք վստահ են (օրինակ՝ նախկին վարչապետ Եգոր Գայդարը), որ ազգայնականների խմբերը ստեղծվում են իշխանության վերին ոլորտների գաղտնի աջակցությամբ։ Միայն ապրիլի երեք օրերի ընթացքում ռասիստները տասնյակ հարձակումներ են կատարել։

23-ին Մոսկվայի մետրոյում «Ռուսաստանը ռուսներին» լոզունգներով պատանիները ներխուժել են գնացքի վագոն եւ ծեծել «կովկասյան արտաքինով» 45 տարեկան մարդու։ Շատ դեպքեր անհայտ են մնում, քանի որ տուժողները վախենում են դիմել իրավապահ մարմիններին։

Մոսկվայում ազգային հողի վրա հայ պատանու սպանությունը ստիպեց հայ հասարակությանը հրապարակային բողոքել Ռուսաստանում ֆաշիզմի տարածման եւ հայերին սպառնացող վտանգի դեմ։ Ապրիլի 22-ին մի խումբ սկինհեդներ Մոսկվայի մետրոյի «Պուշկինսկայա» կայանում հարձակվել էին Կառավարման համալսարանի ուսանող, 17-ամյա Վիգեն Աբրահամյանցի վրա եւ դանակով հարվածել սրտին։

Մեկ օր անց պատանիների մի խումբ հարձակվել էր ռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Միքայել Դովլաթյանի վրա ու շշով հարվածել գլխին։ Ապրիլի 25-ին Մոսկվայի Նոր Արբատ փողոցում հայերը մեքենաներով, եռագույն դրոշներ պարզած, բողոքի ցույց արեցին՝ մասնակի փակելով երթեւեկությունը։

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն արեց, ուր ասված է, որ այսօր ազգային փոքրամասնությունների ընտանիքներում մարդիկ վախենում են երիտասարդներին թողնել երեկոյան ժամերին եւ ազատ օրերին հասարակական եւ մշակութային միջոցառումների. «Խուճապն ու վախը իշխում են մեզ վրա»։

«Մեմորիալ» կազմակերպության զեկույցում ասվում է, որ 1998 թվականից Մոսկվայում եւ մյուս մեծ քաղաքներում կտրուկ աճել է հարձակումների քանակը մուգ արտաքինով մարդկանց վրա, որոնք նման են Կովկասից եւ Միջին Ասիայից եկածների։ Հաճախ ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկում այդ դեպքերը քննելու համար, իսկ եթե նույնիսկ հետաքննություն է անցկացնում, ապա որակում է խուլիգանություն, եւ ոչ՝ հանցագործություն ռասայական հողի վրա։ Հանցագործների մեծ մասն այդպես էլ չեն հայտնաբերվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել։

Սվերդլովսկի մարզի Վերին Պիշմայում 3 հայերի սպանության մեջ մեղադրվող ազգայնականների դեմ հարուցվել էր քրեական գործ՝ ազգամիջյան թշնամանքի հոդվածով, սակայն դատարանը հանեց սպանության ազգայնական մոտիվը։ «Սովա» կենտրոնի փորձագետ Գալինա Կոժեւնիկովան գրում է, որ ճիշտ ձեւակերպումը պատժի չափի վրա չէր ազդի (մարդասպանները ստացել են 10 տարուց մինչեւ ցմահ բանտարկություն), բայց կարող էր պրոպագանդիստական էֆեկտ ստանալ, քանի որ այդ դեպքում պատիժ կրողները կլինեին ոչ թե անչափահաս խուլիգանները, այլ ռասիստ մարդասպանները։

Սպանությունը եղել էր անցյալ տարի մայիսի 18-ին։ 5 սափրագլուխներ սրճարանից դուրս են կանչում Ռուստամ Ստեփանյանին ու Իշխան Գրիգորյանին եւ նրանց այնքան ծեծում, մինչեւ անշնչանում են, հետո փողոցում տեսնում են Հայկ Բեգոյանին ու նույն ձեւով ծեծում, մինչեւ մեռնի։ Սափրագլուխները վերադառնում են սրճարան եւ միկրոֆոնով հայտարարում, որ քաղաքում կատարվել է «զաչիստկա»։

Հետաքննությունը պարզել էր, որ նույն սափրագլուխները նախկինում քաղաքում թռուցիկներ էին փակցրել, որոնցով կոչ էր արվում հաշվեհարդար տեսնել կովկասցիների հետ, մասնակցել են Սվերդլովսկի մարզում կովկասցիների խանութների ջարդերին, մասնավորապես հրդեհել են «Դավիթի մոտ» հայկական սրճարանը։ Ռուսաստանի ակադեմիայի Էթնոլոգիայի եւ ռեգիոնալ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մուկամելը «Ազատություն» ռադիոյին ասել է, որ, ըստ ուսումնասիրությունների՝ քսենոֆոբիայի մակարդակը ոստիկանության եւ դատախազության աշխատակիցների շրջանում ավելի բարձր է, քան հասարակության այլ շերտերում. «Մենք գիտենք, որ ամեն տարի 282 հոդվածով (ազգամիջյան թշնամանք) հարուցվում են մի քանի տասնյակ քրեական գործեր, որոնց մեծ մասը քանդվում են դատարաններում։ Դատախազությունը շատ տհաճությամբ է այդ հոդվածով գործեր հարուցում»,- ասել է նա։

Վիգեն Աբրահամյանցի սպանությունը նույնպես իրավապահները փորձեցին կենցաղային ներկայացնել։ Սպանության կասկածանքով ձերբակալվեց 17-ամյա Դենիս Կուլագինը, որի ցուցմունքներով լուր տարածվեց, թե սպանությունը եղել է աղջկա համար. իբր Աբրահամյանցը հայհոյել է Կուլագինի ընկերուհուն, եւ նա դանակահարել է։ Հետագայում Կուլագինը ազատվեց կալանքից, քանի որ նրա դեմ գործ հարուցելու համար բավարար ապացույցներ չկային։ Կուլագինը հրաժարվեց իր ցուցմունքներից՝ ասելով, որ դրանք վերցված են եղել ճնշման տակ։ Նա ասել է, որ ոստիկանները ստիպել են, որ եթե չխոստովանի, թե ինքն է սպանել, ապա կդատվի ազգամիջյան թշնամանքով արված սպանության համար եւ կստանա 15 տարի, իսկ եթե խոստովանի, ապա կենցաղային սպանության համար կստանա պայմանական ժամկետ։ Մայրը, վախենալով տղայի ճակատագրի համար, համոզել է, որ իր վրա վերցնի հանցանքը։

Աբրահամյանցների ընտանիքի փաստաբան Սիմոն Ծատուրյանն ասել է, որ իրենք ոչ մի պահանջ չունեն Կուլագինի նկատմամբ, մարդասպանն այլ կերպար ունի. դա եղել է պատրաստված պրոֆեսիոնալ, ամբողջությամբ հաշվարկած իր գործողությունները։

Ականատեսները վկայում են, որ սեւ բաճկոններով, զինվորական կոշիկներով 10 հոգիանոց սափրագլուխ պատանիների խումբը հարձակվել է Աբրահամյանցի եւ նրա ընկերների վրա։ Կուլագինի ընկերուհին՝ Ժաննան ասել է, որ Աբրահամյանցն իրեն չի վիրավորել, ինքը Կուլագինի հետ կանգնած է եղել խմբով, հանկարծ սեւ կուրտկաներով տղաներ հարձակվել են Աբրահամյանցի վրա։

Սկզբում լուր տարածվեց, թե մետրոյի կայարանի երկու տասնյակ տեսախցիկները չեն աշխատել, իսկ հետագայում իրավապահներն ասել են, թե նկարահանումներ եղել են, սակայն դանակի հարված չի արձանագրվել։

Փաստաբան Ծատուրյանն ասել է, որ հետաքննությունը կեղծում է սպանության հանգամանքները, որպեսզի թաքցնի հանցագործության ազգայնական դրդապատճառները։

Հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանում 50-60 տոկոսը պաշտպանում է «Ռուսաստանը ռուսներին» լոզունգը։ Ռուսներն առավել թշնամաբար են տրամադրված չեչենների (14%), ադրբեջանցիների (5,1%), հայերի (4,1%) հանդեպ, առավել տարածված է կովկասաֆոբիան (6%)։ Ատելի ազգերի մեջ հազվադեպ են հիշվում հրեաները (2,5%)։

Թեեւ հարձակումների են ենթարկվում ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, սակայն փաստերը ցույց են տալիս, որ հատկապես հայերի նկատմամբ թշնամանքն առավել շատ է։ Ազգային թշնամանքի պատճառով 2006թ. սպանված 14 հոգուց 5-ը հայ են։ 5 սպանությունն էլ եղել է Մոսկվայում։ Հունվարի 7-ին սպանվել է 13-ամյա Եվգենի Բաղդասարյանը, հունվարի 9-ին զինվորական կոշիկներով 4 սեւբաճկոնավորներ դանակի 6 հարված են հասցրել 52-ամյա Հայկ Դոլուխանյանին, որ մահացել է արյան կորստից։ Փետրվարի 14-ին Մոսկվայի կենտրոնում 14 ծակող հարվածներից մահացել է 29-ամյա Հարություն Գալստյանը։ Մարտի 16-ին Մոնինո-Մոսկվա էլեկտրագնացքի վագոնում 4 պատանիներ ծեծել են 23-ամյա Ռոբերտ Ֆերոյանին ու նրա քրոջը՝ Մայային։ Դանակի 7 հարվածներից Ռոբերտը մահացել է։ Եվ վերջինը՝ Վիգենի սպանությունը։

Ռուսաստանում շրջում են հակահայկական արտահայտություններ. «Օդնոյ խաչիկա մենշե, դիշած բուդետ լեգչե» (Ռուսաստանում հայերին «խաչիկ» են ասում, կամ արհամարհական «առմյաշկա»), «Ուբիլ առմյաշկու, տուդա իմ ի դառոգու», հակահրեական լոզունգը ձեւափոխվել է հակահայկականի «Բեյ խաչիկով, սպասայ Ռասիյու»։ 2005 թվի մարտին Լիպեցկում մի իսպանացու դանակահարելու մեջ մեղադրվողը ոստիկանությունում իր արարքը բացատրել է՝ ասելով. «նա արտաքինով նման էր հայի»։

Ռյազանցի դպրոցական Սոֆիա Կոստենկոն բանաստեղծություն է գրել, թե ինչպես են սկինհեդները սպանում հայ առեւտրականին, որ շուկայում նարինջ էր վաճառում. «Ահա սպանեց հայի, եւ ի՞նչ / Նա հերոս է, նա գոհ է, երջանիկ/ Իսկ շուկայում ոչ ոք չի աշխատի Նրա Հաուլայտեր-եղբայրներից/ Իսկ Հայաստանում մնացին երեխաներ, մեծ ընտանիք/ Կորցրեցին իրենց կերակրողին/ Որովհետեւ ինչ-որ կիսախոզ/ Դարձավ սպանության գործիք»։

Տուժածներից շատերի ընտանիքները հետամուտ չեն լինում, որ բացահայտվեն հանցագործությունները՝ վախենալով ազգայնականների հաշվեհարդարից։

Գյումրեցի Հարություն Գալստյանի գործի մասին հարազատները վախենում են խոսել, որ հանկարծ Մոսկվայում գտնվող նրա քեռու ընտանիքի վրա ազգայնականները չհարձակվեն։ Սակայն ոչ բոլորն են լռում։ Սպանված 23-ամյա Սերգեյ Բաղդասարյանի սպանության գործը նրա հարազատները տարել են Եվրոպական դատարան։

2003թ. Բաղդասարյանին իր ավտոմեքենայի ղեկին նստած ժամանակ դանակահարել է ոմն Ալեքսանդրա Իվաննիկովա։ Կինը դատարանում հայտարարել է, որ Բաղդասարյանը փորձել է իրեն բռնաբարել, եւ ինքն ինքնապաշտպանության համար դանակահարել է։ Մեռնելուց մի քանի րոպե առաջ Բաղդասարյանը բջջային հեռախոսով խոսել էր իր ընկերուհու հետ։ Ո՛չ Բաղդասարյանի, ո՛չ Իվաննիկովայի վրա դիմադրության հետքեր չեն հայտնաբերվել։ 1-ին ատյանի դատարանը դատապարտում է Իվաննիկովային 2 տարվա ազատազրկման, իսկ վերաքննիչն արդարացնում է նրան։ Դատավարությունն ընթացել է ազգայնականների ցույցերի ճնշման ներքո։ «Անլեգալ էմիգրացիայի դեմ շարժումը» խիզախության համար Իվաննիկովային պարգեւատրում է 50.000 ռուբլով։ Բաղդասարյանի հարազատները թեեւ ստանում են բազմաթիվ սպառնալիքներ, շարունակում են պայքարել հանցագործության իրական դրդապատճառների բացահայտման համար եւ դիմել են Եվրոպայի դատարան. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ եղբորս վրայից ջնջենք խայտառակությունը»,- ասում է քույրը՝ Լենան։ (Ս. Բաղդասարյանը ՌԴ քաղաքացի էր, նրա ընտանիքը Բաքվից փախստական է): Հայաստանի իշխանությունները երբեւէ ձայն չեն բարձրացրել հայերի սպանությունների ու ճնշումների դեմ։

Մարտին «Ազգ» օրաթերթի ինտերնետային հարցազրույցին, պատասխանելով Մոսկվացի ընթերցողի հարցին, թե ի՞նչ է անում Հայաստանը պաշտպանելու համար հայերին («մեզ կոտորում են, եւ մեր ղեկավարությունը պարզապես լռում է»), արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ սպանությունները նաեւ կենցաղային հողի վրա են լինում. «Մենք չենք ուզում հարցը դիտարկել զուտ որպես հակահայկական դրսեւորումներ, որովհետեւ այսօր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լավ են, ռուսների վերաբերմունքը հայերի նկատմամբ դրական է։ Կարող եմ ասել, որ դա մեր ուշադրության կենտրոնում է, եւ աշխատում ենք, որ այդ դեպքերը նվազագույնի հասցվեն»։

Օգտագործված են «Սովա» վերլուծական կենտրոնի www.xeno.sova-center.ru, «Մեմորիալ» հկ-ի www.memo.ru, Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի զեկույցի եւ Ռուսական մամուլի նյութերը։