Դրական կարելի է համարել այն, որ 15-ամյա ընդմիջումից հետո Կովկասյան տարածաշրջանի փորձագետների միջեւ Վրաստանում սկսվել է կառուցողական երկխոսություն, հայացքների փոխանակում եւ բանակցային գործընթաց հասարակությանն ամենից շատ հուզող խնդիրների շուրջ: Դրական կարելի է համարել նաեւ վրաց-օսական հարաբերություններում լարվածության թուլացումը:
Բացասական գործոններից նշենք տարածաշրջանում արմատական իսլամի նկատելի ուժեղացումը: Բացասական գործոն է նաեւ Թբիլիսիի եւ Ցխինվալիի, Թբիլիսիի եւ Սուխումի, Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ բանակցային հարաբերությունների փաստացի բացակայությունը:
Կասպյան-Կովկասյան տարածաշրջանի այժմյան իրադրությունը եւ միտումները
Փորձելով կանխատեսումներ անել Կասպյան-Կովկասյան տարածաշրջանի իրավիճակի հետագա զարգացումների շուրջ` պետք է հաշվի առնել երեք հանգամանք` 1. նկատի ունենալ տարածաշրջանի բոլոր «խաղացողների» դիրքորոշումները, 2. հաշվի առնել, որ անհնարին է իրարից առանձնացնել միայն Հյուսիսային Կովկասի կամ միայն Վրաստանի, միայն Հայաստանի կամ միայն Ադրբեջանի, նաեւ Թուրքիայի եւ Իրանի իրադրությունը: Հարկ է ընդունել, որ Ռուսաստանը թույլ է վերահսկում Կովկասի իրավիճակը` դիրքերը կորցնելով ոչ միայն Անդրկովկասում, այլեւ իր հյուսիսկովկասյան տարածքներում, որտեղ իրավիճակը գնալով բարդանում է: ՌԴ կառավարությունը միջէթնիկական հիմնախնդիրները լուծելու ոչ մի նոր առաջարկ չունի: Այսօր օսեթա-ինգուշական հակամարտությունն ավելի պայթունավտանգ է, քան վրաց-հարավօսական կամ հայ-ադրբեջանական հակամարտությունները: Հաշվի չի առնվում նաեւ այն, որ ինքնահռչակ հանրապետությունների բնակչության քաղաքական գիտակցության մակարդակը շատ բարձր է: Ինչ էլ որ ասելու լինեն Թբիլիսին կամ Բաքուն, առանց ժողովրդի աջակցության Ստեփանակերտի, Սուխումի կամ Ցխինվալիի կառավարություններն այդքան երկար չէին դիմանա:
Կարծիք կա, որ ԱՄՆ-ը Կովկասը համարում է իր առաջնահերթ հետաքրքրությունների գոտին, սակայն շատերը, հատկապես վրացական փորձագետները, մի քանի անգամ չափազանցնում են ԱՄՆ-ի ուշադրությունը Կովկասի հանդեպ: Վաշինգտոնն իսկապես անհանգստացած է իրանական միջուկային տեխնոլոգիաների զարգացմամբ, մտահոգված է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությամբ, եւ գումարներ է ներդնում Կովկասում նավթագազային ենթակառուցվածքների զարգացման համար, սակայն այդ գումարները չնչին են ամերիկյան չափանիշներով: ԱՄՆ-ի պլանները Իրանի եւ Իրաքի նկատմամբ դեռ հայտնի չեն, եւ կարելի է կանխատեսել իրավիճակի կարգավորման ինչպես` խաղաղ, այնպես էլ` ուժային տարբերակ:
Թերագնահատվում է Թուրքիայի եւ Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա, հատկապես վերջին երկու տարիներին, երբ ուժեղացել է քրդական շարժումը հանուն անկախության: Քրդական հարցը կարող է Թուրքիային գժտեցնել ԱՄՆ-ի հետ, հաշտեցնել նրան Սիրիայի հետ եւ ստիպել Անկարային` համագործակցության եզրեր գտնել Իրանի հետ: Եթե մոտ ժամանակներս չարագացվի Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցը եւ չլավանան հարաբերությունները Հունաստանի հետ, բացառված չէ, որ Անկարան կշրջվի դեպի հյուսիս եւ արեւելք: Ընդ որում` կլավանան հարաբերությունները Հայաստանի հետ: Փորձագետներն արդեն նշում են թուրքական էլիտայի շրջանում հակաամերիկյան եւ հակաեվրոպական տրամադրությունների ակտիվացումը:
Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երկրների` Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական էլիտայի հիմնական խնդիրը սառեցված ազգամիջյան հակամարտությունները լուծելու նոր մոտեցումների բացակայությունն է: Հարավկովկասյան երկրները հույս են դնում այն բանի վրա, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն կամ Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն կկարողանան լուծել իրենց ներքին խնդիրները: Իրավիճակի հետագա զարգացումների մասին կանխատեսումներ են արվում, որ առաջիկա տարիներին ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի դիրքերը կթուլանան, իսկ ՆԱՏՕ-ի դիրքերը կամրապնդվեն:
Վլադիմիր Պուտինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը փաստորեն արձանագրեցին, որ ԱՊՀ-ն, իբրեւ ինտեգրացիոն կառույց, չի կայացել: Տրամաբանական կլիներ եւս մի քայլ կատարել եւ ավարտին հասցնել ԱՊՀ-ի կազմալուծումը: Ի տարբերություն տնտեսության` ԱՊՀ բոլոր երկրներում ռազմական ծրագրերը դինամիկ զարգանում են: Կանխատեսվում է, որ ԱՊՀ երկրների ռազմական ծախսերը 2006թ. 1/3-ով կաճեն: Ադրբեջանի ռազմական բյուջեն 2006-ին կավելանա 2 անգամ` հասնելով մինչեւ 600 մլն դոլարի, Հայաստանինը կկազմի 150 մլն դոլար, որ աննախադեպ մեծ թիվ է Հայաստանի համար:
Տարաձայնությունների տարածքը
Ադրբեջանում եւ Վրաստանում հույս ունեն, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում կլուծվեն անվտանգության բոլոր հարցերը, իսկ Բաքուն եւ Թբիլիսին լրացուցիչ տնտեսական եւ ֆինանսական լծակներ կստանան: Այնինչ Մոսկվան համոզված է, որ նրանց` ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո էլ խնդիրները կմնան. քանի որ իշխանությունները թույլ են եւ կոռումպացված, սահմանները բաց են ահաբեկիչների առջեւ, տարածաշրջանն անկայուն է, իսկ բնակչության ձեռքին մեծ քանակությամբ զենք կա: Կարեւոր է նաեւ այն, որ Ռուսաստանը կզրկվի տարածաշրջանային իր շուկաներից, քանի որ դրանց դեմ Եվրամիությունը տնտեսական սահմանափակումներ է կիրառում:
Հաճախ Հարավկովկասյան երկրները արտաքին ուժերին են մեղադրում խաղաղության հաստատումը խոչընդոտելու եւ անկայունության համար: Սակայն ցանկացած երկիր, լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ը թե Թուրքիան, միշտ էլ գործելու է՝ իր շահերից ելնելով, ոչ թե Վրաստանի, Հայաստանի կամ Ադրբեջանի: Նման իրավիճակներ տեսած պետությունների փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների մեծ մասը կարող է լուծվել միայն ներքին ուժերով, ոչ թե այլ երկրների օգնությամբ:
Համաձայնության տարածքը եւ հնարավոր գործնական քայլեր
Այսօր չի կարելի խոսել Կովկասի վրա կոնկրետ մեկ երկրի ազդեցության մասին, լինի դա ԱՄՆ-ը թե Ռուսաստանը: Կասպյան-Կովկասյան տարածաշրջանի բոլոր «խաղացողները» շահագրգռված են այնտեղի կայունությամբ եւ անվտանգությամբ, սակայն տարբեր պատճառներով: Մոսկվան եւ Վաշինգտոնն իրենց տնտեսական, քաղաքական եւ ռազմական հետաքրքրություններն ունեն տարածաշրջանում: Ամերիկայի համար դա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անխափան աշխատանքն է, Ռուսաստանի համար՝ էներգետիկ ենթակառուցվածքները: Սակայն Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն ընդհանուր շահեր ունեն Հարավային Կովկասում, եւ բացառված չէ, որ նրանք կարող են հաջողությամբ համագործակցել: Այդ շահերը բացարձակ համընկնում են Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վերագործարկման հարցում, որ կարեւոր է ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Հայաստանի համար: Կարս-Գյումրի երկաթգծի բացումը կարեւոր է ԱՄՆ-ի համար, քանի որ կարող է այդ ճանապարհով զենք եւ մարդիկ տեղափոխել Աֆղանստան ու Միջին Ասիա: ԱՄՆ-ին հարկավոր է Անդրկովկասում ուժեր ունենալ՝ Իրանի վրա ազդելու համար:
Այստեղ կարեւոր դեր կարող էր ունենալ տնտեսությունը: Այսօրվա պայմաններում ամենալավ տարբերակն առանձին ուղղություններով փոքր գործնական քայլեր անելու քաղաքականությունն է: Համաձայնության եւս մի ոլորտ կարող է դառնալ Թուրքիայի եւ Հարավկովկասյան երկրների միջեւ հարաբերությունների լավացումը` առաջին հերթին՝ Հայաստանի հետ: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, երկկողմ ռազմաքաղաքական համաձայնագրեր ունի դաշինքի տարբեր անդամ-երկրների հետ: Հայ-թուրքական փակ սահմանը մեխանիկորեն փակ է նաեւ ՆԱՏՕ-ի համար: Վաղ թե ուշ այդ սահմանը երեւի թե հարկ կլինի բացել: Թեեւ այս պարագայում անհարմար դրություն է ստեղծվում Իրանի հետ: Հայկական շուկան եւ տեղի խոշոր սեփականատերերը դեռ պատրաստ չեն դիմադրելու. կապիտալը դեռ չի հասունացել: Սահմանի բացման հարցը ձեռնտու է նաեւ Եվրոպային: Ակնհայտ է, որ երկկողմ հարաբերությունների լավացումը շահավետ է եւ՛ թուրքական, եւ՛ հայկական կողմի համար:
Տարածաշրջանի համար հայ-թուրքական սահմանի բացումը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ու անվտանգության նկատառումներով: Նախ` Ադրբեջանն այլեւս չի կարողանա շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը: Երկրորդ` Թուրքիան Հարավային Կովկասում կդադարի օտար երեւալուց. թեեւ նա հրաշալի հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ եւ լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, սակայն չի կարողանում լիովին հաստատվել տարածաշրջանում` Հայաստանի նկատմամբ տարվող իր քաղաքականության պատճառով: Հայ-թուրքական սահմանի բացումն անհրաժեշտ է եւ՛ հայերին, եւ՛ թուրքերին, իսկ ցեղասպանության ընդունումը` ամբողջ աշխարհին` որպես ազգերի եւ պետությունների միջեւ եղած խնդիրների լուծման կարեւոր գործոն:
Մոսկվային, որին ամենից շատ հուզում է իսլամական գործոնը, դեռեւս ձեռնտու է հայ-թուրքական փակ սահմանը, քանի որ Թուրքիայից Ռուսաստանում, կարելի է ասել, վախենում են: Սակայն եթե համապատասխան երաշխիքներ լինեն, իրավիճակը կարող է եւ փոխվել, ինչը կհանգեցնի Կովկասում ամերիկյան ներկայության ամրապնդմանը:
Եվ վերջապես, Մոսկվայի եւ Վաշինգտոնի շահերը հաճախ համընկնում են հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Արդեն խոսվում է կովկասյան միասնական հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման մասին` տեղեկություններ փոխանակելու համար: Ռուսաստանը ցանկանում է տեսնել Հարավային Կովկասի երկրները եւ հատկապես Վրաստանը` իբրեւ դաշնային պետություններ` ուժեղ պետական իշխանությամբ, առանց երրորդ կողմի զորքի առկայության եւ Ռուսաստանի նկատմամբ հատուկ վերաբերմունքով:
Ռուսաստանի եւ Հարավկովկասյան երկրների հարաբերությունները նորմալ լինելուց բացի այլընտրանք չունեն, զուր չեն. «Մոտիկ հարեւանը հեռու բարեկամից լավ է»: Եվ ժողովրդական այս իմաստնության դեմ առարկություն լինել չի կարող: