Եվրոպան պետք է Ադրբեջանին հասկացնի

26/05/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Կարծում եմ, որ Եվրամիության այդքան սրված հետաքրքրությունը նախկին Հարավսլավիայի երկրների նկատմամբ պետք է ադեկվատորեն փոխանցվի նաեւ նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ վերաբերմունքին: Մասնավորապես ԵՄ-ն պետք է ակնհայտորեն Ադրբեջանին հասկացնի, որ այդ երկիրը չի կարող ինտեգրվել եվրակառույցներին, դառնալ ապագայում Եվրամիության անդամ, եթե չհարգի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` խոսելով Չեռնոգորիայի անկախության հանրաքվեի արդյունքների մասին: Նրա խոսքերով, Սերբիայի նախագահի կողմից Չեռնոգորիայի անկախության հանրաքվեի արդյունքների պաշտոնապես ընդունումը խոսում է սերբական իշխանությունների հանդուրժողականության եւ կառուցողականության մասին: «Ես այն տպավորությունն ունեմ, որ Չեռնոգորիայի անկախությունը հավասարապես` որքան Չեռնոգորիային, այնքան էլ Սերբիային է պետք, քանի որ ԵՄ-ն դադարեցրել էր անդամակցության հարցով Սերբիայի հետ բանակցությունները, կարծես թե ակնարկելով, որ գործընթացը կվերսկսվի, եթե Սերբիան պատրաստ լինի ճանաչել Չեռնոգորիայի անկախությունը: Փաստորեն, այս երկու երկրները` որպես սուվերեն պետություններ, ամենամոտ ապագայում, կարծես թե, կդառնան միասնական Եվրոպայի մաս»,- նկատում է Վ. Աթանեսյանը:

Վերջինս միաժամանակ հույս հայտնեց, թե մոտ ապագայում Եվրոպան կհարգի նաեւ Կոսովոյի ժողովրդի անկախության իրավունքը: Զուգահեռներ անցկացնելով` նա ընդգծեց, որ ի տարբերություն Կոսովոյի, ԼՂ ժողովուրդն ինքն է ձեռք բերել իր անկախությունը, սեփական ուժերով պաշտպանել իր անկախությունն Ադրբեջանի ագրեսիայից եւ իր պետական ինստիտուտներով ընտրել դեպի Եվրոպա, դեպի ժողովրդավարություն ճանապարհը: «Մի դեպքում Եվրոպան աջակցում է, այսպես ասած, ակնհայտ անջատողականությանը, մի այլ դեպքում, կարծես, շրջանցում է իրողությունը, որ ԼՂ-ն Ադրբեջանից անկախացել է ԽՍՀՄ փլուզման ընդհանուր համակարգում, եւ ԼՂ ժողովուրդը նույն անկախանալու իրավունքն է ունեցել խորհրդային օրենսդրությամբ, սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքով, ինչ ունեցել է Ադրբեջանը: Եթե այսօր փորձ է արվում ԼՂ ժողովրդին եւ ԼՂՀ-ին ինչ-ինչ հարցերում համոզել, ապա իմ տպավորությունն այն է, որ միջազգային հանրությունը՝ կոնկրետ ԵՄ-ն կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, փորձում են վերականգնել ԽՍՀՄ-ը: Եթե դա է Եվրոպան հուշում Հարավային Կովկասին եւ, ընդհանրապես, հետխորհրդային տարածքին, ապա դա մեր ճանապարհը չէ: Կարծում եմ, որ Եվրոպան հետխորհրդային տարածքի նկատմամբ սրված, փաստարկված հետաքրքրություն չի ներկայացնում` ելնելով սուբյեկտիվ, էգոիստական նկատառումներից, որովհետեւ Հարավային Կովկասը Եվրոպայից հեռու է եւ այստեղ բռնկված հրդեհը չի վտանգում Եվրոպական տունը: Բայց սա թյուր պատկերացում է, եւ այստեղ ԽՄ-ի փլուզումից հետո ստեղծված իրավիճակում, մանավանդ, որ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը, եւ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ են, ցանկացած բռնկում, հակամարտության ցանկացած դրսեւորում անպայման «պայթեցնելու է» նաեւ ընդհանուր եվրոպական անվտանգության, համագործակցության, տնտեսական եւ այլ համակարգերը: Եվրոպական արժեքային համակարգը չի կարող իրեն անվտանգ զգալ, եթե Հարավային Կովկասը, հետխորհրդային ամբողջ տարածքը կայուն չէ: Իսկ կայունության համար կա մեկ ճանապարհ` հարգել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները»,- հավելել է Վ. Աթանեսյանը: