«Ես մտածում եմ, եթե մարդ ապրում է անցյալով, ուրեմն նա ներկայից ու ապագայից ոչինչ չպետք է սպասի: Մեր անցյալի ամեն մի վայրկյանը լի էր գաղափարներով, եւ հիմա մինչեւ մեր կյանքի մայրամուտն ապրելու ենք դրանով»: Այսպես է մտածում 30 երկար ու ձիգ տարիներ Երեւանի Մայակովսկու անվան դպրոցը ղեկավարած Սիլվա Սեմյոնովնան:
«Այն ժամանակ ամեն բան արվում էր հանուն գործի, իսկ այսօր այդպես չէ: Այսօր ամեն տեղ տիրում է շահի մթնոլորտը: Իմ կատարած աշխատանքի վաստակը տարբեր տարիների շրջանավարտների ուղարկած նվերները, բարի խոսքերն ու զանգերն են, որ իմ ամենամեծ հարստությունն է: Մայակովսկու անվան դպրոցն իմ էությունն էր: Եվ այսքան տարիների ընթացքում այնքան գովեստի խոսքեր ու շնորհակալություններ եմ ստացել, որ երբեմն նույնիսկ անհարմար եմ զգում, որովհետեւ ես գովեստի խոսքեր կամ պարգեւատրումներ ստանալու համար չէ, որ անձնվեր աշխատել եմ: Իսկ այսօրվա իշխանավորներից մեզ ոչ ոք չի հիշում: Չգիտես ինչու` Վլադիմիր Պուտինը երբեք ոչինչ ու ոչ ոքի չի մոռանում` հիշում է, հրավիրում ու պարգեւատրում: Վերջերս Սերգո Երիցյանը հավաքել էր մի քանի դողդողացող մանկավարժների, իբրեւ մեծարում էին, սեղանին էլ մի քանի կտոր «պիրոժնի» էին դրել: Ես կամաչեի այդ սեղանի կողքին գտնվել: Ի՞նչ է՝ մանկավարժներին սովածի տե՞ղ են դրել»,- ասում է Ս. Սեմյոնովնան:
– Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է այսօրվա դպրոցը:
– Գիտենք, որ դպրոցը միշտ էլ օգնության ու աջակցության կարիք ունի: Բայց ի՞նչ է նշանակում երեխայից դրամ ուզել`1000, 5000 եւ այլն: Հիշում եմ՝ մի անգամ այն ժամանակվա կրթության մինիստրը` Հախումյանը, ինձ կանչեց ու ասաց. «Սիլվա Սեմյոնովնա, ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից դպրոցը»: Դեռ այն ժամանակ ես պատասխանեցի, որ այն պիտի ֆինանսավորվի միայն պետության կողմից: Հիմա էլ այդպես եմ գտնում: Ի՞նչ է նշանակում աշակերտի ծնողի հաշվին դպրոց վերանորոգել: Ընտանիքների հետ պետք է աշխատել միայն դաստիարակության ու կրթության ավելի լավ որակ ստանալու համար: Ես այս սերնդին անվանում եմ պատժված սերունդ: Չեն տալիս ոչինչ, բայց պահանջում են ամեն ինչ: Աղջիկս աշխատում է դպրոցում եւ միշտ ինձ ասում է՝ «Մայրիկ դու բախտավոր մարդ ես, որ չես մտնում քո կառուցած դպրոցը»: Որովհետեւ այդ դպրոցը ես իմ ձեռքերով եմ կառուցել, իսկ այսօր ոչինչ չի մնացել. նույնիսկ բակի ծառերն են լալիս: Եթե կրթությամբ զբաղվի Երիցյանը, էլ ի՞նչ եք ուզում: Լավ է, որ հանեցին:
Սխալ է, որ դպրոցները պատկանում են քաղաքապետարանին: Քաղաքապետարանը դպրոցում միայն պետք է զբաղվի շինարարական եւ այլ հարցերով եւ ոչ թե տնօրեն նշանակի կամ ազատի: Ես գտնում եմ, որ կրթության, մշակույթի ու առողջապահության բնագավառում աշխատող լավ մասնագետների համար կենսաթոշակի հասակ չպետք է գոյություն ունենա: Ես արդեն 70 տարեկան եմ, բայց եթե ինձ տան նախկին պաշտոնս, ես մեկ օրում ոտքի կկանգնեցնեմ Մայակովսկու անվան դպրոցը: Հիմա կարծիք կա, որ եթե բարձրակարգ ու մոդայիկ բուհ չեն ընդունվում, «Մանկավարժական կընդունվեն, էլի»: Մինչդեռ ամենախելացի ու բանիմաց դիմորդները պետք է լինեն Մանկավարժական ինստիտուտում: Հիմա դպրոցում ոստիկան է շրջում` կարգ պաշտպանելու համար: Ի՞նչ է՝ դպրոցն ուղղիչ-աշխատանքային գաղո՞ւթ է, թե՞ կրթօջախ: Այն էլ՝ Մայակովսկու դպրոցը, որտեղ ես եւ տնօրեն էի, եւ ոստիկան: Հիմա էլ ընդունվեց տասներկուամյա կրթության օրենքը: Ես մտածում եմ ու չեմ հասկանում, թե երեխան ի՞նչ պետք է անի 12 տարի: Ոչ դպրոցն է դրան պատրաստ, ոչ էլ մանկավարժները: Ոչ ծրագիր ունեն, ոչ` դասագիրք: Հիմա տեղից վեր կացողն իրեն դասագրքի հեղինակ է կոչում: Իմիջիայլոց, դա սկսեց Բլեյանից: Դպրոցը շատ նուրբ օրգանիզմ է եւ ամեն մի փոքր նորամուծություն պետք է շատ զգույշ մտցնել դպրոց: Շենք կառուցելու համար պետք է հիմքը ամրացնել, ոչ թե եղածն էլ քանդել: Այսօր ես դպրոցի մոտով չեմ էլ անցնում, շատ վիրավորված եմ:
– Ինչպե՞ս ընտրեցիք մանկավարժի մասնագիտությունը:
– Ես շատ լավ երգում էի, իսկ այդ շնորհն ինձ փոխանցվել էր մայրիկիցս, որ հայտնի Մալյան գերդաստանի դուստրն էր: Դավիթ Մալյանը քեռիս էր, Հենրիկ Մալյանը` մյուս քեռուս տղան: Նրանք ժամանակին Զաքաթալայում ունեցել են տնային թատրոն, որում մայրս Անուշ էր երգում, քեռիս` Սարո:
Ես որոշել էի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Կոնսերվատորիա: Մենք այդ ժամանակ ապրում էինք Ստեփանակերտում: Փաստաթղթերս ուղարկեցինք Երեւան, որպեսզի քեռիս հանձնի, իսկ ես հետո եկա քննություն հանձնելու: Երբ եկա, պարզվեց, որ ես քննություն պետք է հանձնեմ ոչ թե Կոնսերվատորիայում, այլ այն ժամանակ Ամիրյան փողոցի վրա գտնվող Ժդանովի անվան ռուսական պետական ինստիտուտում: Իսկ Դավիթ Մալյանը` քեռիս, ինձ ասաց, որ ինքն է այդպես որոշել. ինքն այդքան տարի աշխատելով բեմում, շատ լավ գիտեր, թե ինչ է նշանակում գեղեցիկ կինը բեմում: Իսկ ես երբեւէ չէի էլ մտածել մանկավարժ դառնալու մասին: Հետո, 1957-ին, ավարտելով ինստիտուտը, աշխատեցի դպրոցում մինչեւ վերջերս: Մի առիթով քեռուս ասացի. «Քեռի, դու թույլ չտվեցիր, որ բեմ բարձրանամ, իսկ ես հիմա ամեն օր բեմի վրա եմ»: Չէ՞ որ դասարանը բեմ է, որտեղ ուսուցիչն ավելի մեծ պատասխանատվություն ունի` դաստիարակել ու կրթել երեխաներին: Խոսքն այսօրվա մասին չէ, որ ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ, լավ «տանիք» ունես` բավական է: Մի անգամ էլ Դավիթի 50-ամյակն էինք նշում, հավաքվել էին շատ հայտնի մարդիկ, եւ ես երգեցի ու հենց վերջացրի, Տաթեւիկ Սազանդարյանը մի քիչ բարկացած տոնով ասաց. «Դավիթ Մելքումովիչ, Դուք հանցագործ եք, որ նման ձայնն անուշադրության եք մատնել»: Դավիթն էլ հանգիստ ասաց. «Տաթեւիկ ջան, հանգիստ կաց, մեզ համար կերգի, դա բավական է»:
Կյանքում ամեն ինչ ինձ համար շատ լավ էր դասավորվել, մինչեւ այն պահը, երբ կյանքից հեռացավ դուստրս: Դա միակ բանն էր, որ կոտրեց իմ մեջ ուժեղ կնոջը: Իհարկե, ես գտնում եմ, որ դա իմ ցավն է, եւ ոչ ոք դրանում մեղավոր չէ: Պետք է իմ մեջ ուժ գտնեմ՝ ասելու` կյանքը շարունակվում է: Սգալով ոչինչ ու ոչ ոքի ետ չեմ բերի: