Հայաստանը տուրիստական քարտեզից դուրս է

26/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ասում են՝ հայոց ցեղասպանության միջազգային հնչեղությունը եւ «Եվրատեսիլ-2006»-ին Հայաստանի մասնակցությունը լուրջ խթան են զբոսաշրջիկներին մեր երկիր բերելու համար: Ու հենց այս «իրադարձությունները» հաշվի առնելով` տուրիստական կազմակերպություններն այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք են ակնկալում:

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, հարկ է նշել, որ մասնագետների գնահատմամբ՝ համաշխարհային տուրիստական շուկայում Հայաստանը քարտեզից դուրս է գտնվում, քանի որ զբոսաշրջիկների մեծ մասը կամ չգիտի, կամ էլ մեր երկիրը Կովկաս-Մերձավոր Արեւելք տարածաշրջանների հետ ասոցիացնելով համարում է անհանգիստ գոտի: Բազում եվրոպական, ռուսական տուրօպերատորներ Հայաստանը որպես էկզոտիկ եւ անկանխատեսելի վայր են դիտում եւ դիտավորյալ սահմանափակում են երկրի վերաբերյալ տեղեկատվության հոսքի հնարավորությունները: Իսկ որքանո՞վ է միջազգային շուկայում Հայաստանը որպես տուրիստական պրոդուկտ մատչելի դարձել եւ ի՞նչ է փոխվել զբոսաշրջության ոլորտում: Նախ այն, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ զբոսաշրջիկների մուտքը ՀՀ սկսվում էր մայիսից՝ այս տարի ապրիլից օտարերկրացիների այցելությունները վկայում են, որ, այնուամենայնիվ, այս դաշտում առաջընթաց կա: Սակայն այդ առաջընթացը միանշանակ պայմանավորել տուրիստական փաթեթներում ներառված գների մատչելիությամբ՝ ճիշտ չի լինի, քանի որ զբոսաշրջիկին կարող է գայթակղել օրինակ՝ ցեղասպանություն տեսած ժողովրդի կենսակերպը, կամ ասենք՝ հայկական մշակույթը: Ինչեւէ, Հայաստանն այս տարի էլ տուրիստական միջազգային շուկայում համարվում է թանկ երկիր: 2004-ի համեմատ 2005թ. ՀՀ-ում զբոսաշրջիկների 20% աճ է արձանագրվել: Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Հայաստան է այցելել 318.000 մարդ, սակայն տուրիստական կազմակերպություններից օգտվել են 70.000-ը: Հայաստան ժամանածների մեծ մասը կա՛մ գործնական նպատակներ են հետապնդում, կա՛մ էլ ազգակցական կապերով են պայմանավորվում: Միայն հանգստի նպատակով այցելության եկած զբոսաշրջիկների չափաբաժինը փոքր է Հայաստանի մասին տեղեկացվածության ցածր մակարդակի պատճառով:

Զուտ եւ սուտ տուրօպերատորներ

Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի կարծիքով՝ զբոսաշրջության ոլորտում այս տարի նույնպես աճ է ակնկալվում, քանի որ այս դաշտում նվաճումներ կան: Նվաճումները նա բացատրում է նրանով, որ մեր տուրօպերատորները պարտադիր մասնակցում են տուրիստական միջազգային ցուցահանդեսներին: Մեզ մոտ ներկայումս պաշտոնապես գրանցված են թվով 140 տուրիստական կազմակերպություններ, սակայն դրանցից 40-ն են ի վիճակի նորմալ պայմաններ առաջարկել: Տուրօպերատորների առատությունը պայմանավորված է նրանով, որ մեզանում ամեն մի կազմակերպություն պետռեգիստրում գրանցվելիս իր գործունեության ցանկում նշում է նաեւ տուրիզմի տեսակը: Սա` այն դեպքում, երբ անգամ չեն տիրապետում տուրիզմի հետ կապված տարրական գիտելիքներին, էլ չենք խոսում կազմակերպչական ներուժի մասին: «Բայց դա չի նշանակում, որ իրենք տուրօպերատորներ են,- նշում է Ներգնա տուրօպերատորների միության գործադիր տնօրեն Ա. Վարդանյանը: -Պարզապես դա հնարավորություն է տալիս եւ՛ հաց թխել, եւ՛ տուրիզմով զբաղվել: Ավիատոմս վաճառողն էլ է գրանցվում որպես տուրիզմով զբաղվող, բայց դա շատ իրարամերժ գործունեություն է»: Այսպիսի «տնավարի» գործունեությունը, բնականաբար, միջազգային շուկայում էապես վնասում է Հայաստանի հեղինակությանը, քանի որ զբոսաշրջիկին մատուցվում է ցածրակարգ սպասարկում եւ շրջագայություններ: Ա. Վարդանյանի հավաստմամբ՝ տուրօպերատորները Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության առջեւ տուրօպերատորների լիցենզավորման խնդիր են դրել, որպեսզի սահմանազատվի զուտ տուրիզմով զբաղվողը եւ սուտ տուրիզմով զբաղվողը: Ի դեպ, մեզ մոտ վիճակագրական տվյալներ չկան, թե Հայաստան եկող զբոսաշրջիկը հակվա՞ծ է կրկին գալ այստեղ, թե՞ ոչ, սակայն Ա. Վարդանյանի տվյալներով՝ քիչ է պատահում, երբ զբոսաշրջիկը հաջորդ տարիներին նույնպես նախընտրում է Հայաստանը: Կարելի է ենթադրել, որ Հայաստան եկած զբոսաշրջիկն ինչ-որ չափով հիասթափված է հեռանում: Ա. Վարդանյանն ասում է. «Համամիտ չեմ, որովհետեւ հիմնականում գալիս են Հայաստանը տեսնելու, իսկ տեսնելուց հետո կրկին գալու փոխարեն նրանք կնախընտրեն մի երկիր, որտեղ չեն եղել»: Չհամաձայնելով պրն Վարդանյանի տեսակետին, նշենք, որ Հայաստան եկող զբոսաշրջիկին եթե գայթակղել է մեր երկիրը եւ, եթե մեր երկրում տուրօպերատորները նրա հարմարավետությունն ապահովել են բարձր մակարդակով, ուրեմն հեռանալով նա դառնում է ՀՀ-ն պոտենցիալ քարոզող եւ նրանից հետո եւս զբոսաշրջիկների այցելություն սպասելը տրամաբանական է: Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայկական տուրօպերատորները օժտված չեն նշանակալի կապիտալով, եւ տուրիստական ինդուստրիան իր զարգացման ուղիների մասին միասնական պատկերացում չունի: Նրանք համարում են, որ ակտիվ պրոֆեսիոնալ տուրիստական ասոցիացիաներ գործնականում չկան եւ շատ քիչ կազմակերպություններ են հետեւողական մոտեցում ցուցաբերում արդյունքի մշակման եւ գնային մարքեթինգի նկատմամբ: Ավելին՝ գոյություն ունեցող հյուրանոցներից եւ առողջարանային համալիրներից միայն մի քանիսն են համապատասխանում միջազգային ստանդարտներին, իսկ հնացած, լքված շինությունները դեռեւս հիմնական տեղ են գրավում տուրիստական քարտեզի վրա: Ներգնա տուրօպերատորների միության գործադիր տնօրենը վկայում է, որ տուրիստական որոշ կազմակերպություններ օրինական դաշտում չեն գործում: «Նույնիսկ տուրիստներին սպասարկում են ոչ պատշաճ տրանսպորտային միջոցներով, ոչ լիցենզավորված գիդերով, իսկ եթե հաշվի առնենք այն, որ տուրիզմն ունի մուլտիէֆեկտ, ուրեմն կարող ենք վստահ լինել, որ դժգոհ տուրիստի շրջապատի 10 հոգին չի ցանկանա Հայաստան գալ: Ե՛վ Հայաստանի, եւ՛ սպասարկման մասին վատ տպավորություններով զբոսաշրջիկը կհեռանա, իսկ լիցենզավորելու դեպքում պատկերն այլ կլինի»,- նշում է Ա. Վարդանյանը՝ վստահեցնելով, որ լիցենզավորվում են միայն գիդերը, եւ աստղայնություն ստանալու համար սերտիֆիկացվում են հյուրանոցները: Վերջինիս տպավորությամբ՝ հյուրանոցային գներն այս տարի ինչ-որ չափով մոտեցել են շուկայի գներին, ինչը չի կարելի ասել ավիատոմսերի մասին: Տուրիզմի ոլորտի մասնագետների կարծիքով՝ խոչընդոտում է նաեւ Երեւանից դուրս հյուրանոցների բացակայությունը, հետեւաբար ընտրությունը սահմանափակ է եւ զգացվում է միջին դասի հյուրանոցների պակաս: Իսկ առկա հյուրանոցների որակական ստանդարտները զիջում են միջազգային չափանիշներին: Ինչ վերաբերում է «Արմավիա» ընկերության A-320 օդանավի վթարին, ապա Ա. Վարդանյանը վստահեցնում է, որ տուրիզմի ոլորտում այն բացասական հետեւանք չի կարող թողնել, քանի որ նման վթարներ շատ երկրներում են լինում:

Հայաստանի գովազդը կտեսնեն աշխարհում

Դոլարի արժեզրկումը տուրօպերատորներին տհաճ իրավիճակների մեջ է գցում. «Նախանցյալ տարի, երբ անցյալ տարվա պայմանագրերը կնքել էինք՝ դոլարի ինչ-որ մի ֆիքսված կուրսով էինք կնքել, եւ անցյալ տարի, երբ դոլարն անկում ապրեց, տուրիստական կազմակերպությունները շատ մեծ վնաս կրեցին: Եթե նրանք մեխանիկորեն գին բարձրացնեին, ապա հաճախորդներին կկորցնեին, իսկ, որպեսզի հաճախորդ չկորցնեն` կազմակերպություններն իրենք վնասը կրեցին»,- հավատացնում է նա: Զբոսաշրջիկներին Հայաստանը ներկայացնելու դերում բնականաբար մեծ նշանակություն ունի գովազդային ճիշտ քաղաքականությունը: Այս տարի պետբյուջեն 200 մլն դրամ է նախատեսել, որպեսզի «CNN» եւ «Euronews» հեռուստաընկերությունների միջոցով Հայաստանի մասին գովազդային հոլովակներ հեռարձակվեն: «Ճիշտ է, նման հեռուստաալիքներով ցուցադրելու համար գումարը մեծ չէ, բայց ողջունելի է, որ մի ինչ-որ քայլ արվել է: Գովազդը պետք է երկարատեւ լինի եւ նաեւ մեր դեսպանատներում պետք է արվի, բրոշյուրներ ուղարկվեն տարբեր երկրներ: Ժամանակ առ ժամանակ ցուցահանդեսների ընթացքում արվում է, բայց դա քիչ է, մշտապես պետք է ինֆորմացիա շրջանառվի»,- ասում է Ա. Վարդանյանը: Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, ապա վերջինիս խոսքերով՝ հայերի համար Քոբուլեթիում հանգստանալն ավելի մատչելի է, քան Հայաստանում: Օրինակ՝ Բաթումիում, քանի որ զբոսաշրջիկների 90%-ը հայեր են՝ ճիշտ քաղաքականություն են մշակել, նոր հյուրանոցներ են կառուցել հատուկ հայ զբոսաշրջիկներին ընդունելու համար: Ավելին՝ շուտով Հայաստանից մեծ թվով աշխատակիցներ են տանելու, որպեսզի հայերեն խոսել իմացողները շահեկան պայմաններ ստեղծեն իրենց բիզնեսի համար, ու հայերն իրենց հարմարավետ զգան այնտեղ: