Համբերությամբ սողում ենք

26/05/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Սողանքը» անցյալ տարի է մտել «Հայֆիլմի» բյուջեի մեջ, սակայն նկարահանման փուլը դեռ սկսված չէ: «Մաքսիմալ բյուջե պետք է հավաքվի, քանի որ մեկնարկային գումարը բավականին զուսպ է»,- ասում է «Սողանքի» հեղինակը: Քասթինգը, նատուրայի ընտրությունը եւ գումարային հաշվարկները դեռ առջեւում են: Ֆիլմը պետք է համատեղ հայ-ռուսական-ֆրանսիական արտադրանք լինի, պետք է հստակեցվեն յուրաքանչյուր մասնակից կողմի ներդրումները: Ներդրումները լինելու են եւ՛ ֆինանսական, եւ՛ մասնագիտական: «Ֆրանսիայում մենք հույս ունենք հատուկ էֆեկտներն անել, քանի որ վիպակը հատուկ էֆեկտների օգտագործման մեծ հնարավորություն է տալիս: Իսկ Ռուսաստանը գումարով է մասնակցելու, նաեւ դերասաններով կամ օպերատորներով»,- ասում է Մ. Դովլաթյանը, ով, չնայած վերջերս Մոսկվայում իր հետ պատահած խուլիգանական հարձակմանը, հաճախ է Մոսկվա մեկնում` բանակցելու Կինոյի դեպարտամենտի հետ, որը պետք է նկարահանման համար գումար փոխանցի: Ֆիլմի նախապատրաստական փուլի ձգձգումը Վ. Մարտիրոսյանը օրինաչափություն է համարում` ասելով. «Կինո պատրաստելը երկար-բարակ գործ է: Հուսով եմ, որ ռեժիսորի համբերությունը չի սպառվի»: Դերասանների ընտրությունը կարվի այն ժամանակ, երբ կհաստատվի ֆիլմի վերջնական բյուջեն: Իսկ նկարահանումների հիմնական մասը Հայաստանում կարվի: «Ես եւ ռեժիսորը խելագարների նման փողոցներով քայլում ենք եւ նկարահանման համար հարմար վայրեր փնտրում»,- ասում է Վ. Մարտիրոսյանը:

«Սողանքն» ազգային կոլորիտից եւ գործողության կոնկրետ վայրից զուրկ է: Վերացական սողացող մի քաղաքում վերացական` սողանքին ընտելացած մարդիկ են ապրում, որոնք կարող են գիշերը երրորդ հարկում քնել, սակայն առավոտյան առաջին հարկում արթնանալ, քանի որ իրենց շենքի երկու հարկերը գետնի տակ են անցել: Սողում, գնում են մարդիկ, շենքերը, խմբագրություններն ու ռեստորանները: Իսկ մարդիկ ապրում են: Տագնապով ու անկանխատեսելի ապագայով մարդիկ ընտելանում են սողանքին այնպես, ինչպես մարդ էակն ընտելանում է ամեն ինչի: Ինչպես մենք բոլորս ընտելացել էինք 90-ականների անհույս ցրտին ու խավարին: Հերոսների հայ լինելն ու Երեւանում ապրելը չի ընդգծվում, այլ միայն ակնարկվում է: «Ես հատուկ ոչ մի ազգային բան վիպակում չեմ մտցրել»,- ասում է Վ. Մարտիրոսյանը: Սակայն յուրաքանչյուր հայ ընթերցող կարող է շատ զուգահեռներ անցկացնել «Սողանքի» յուրաքանչյուր իրավիճակի եւ մեր ոչ այնքան վաղ անցյալի միջեւ: Իսկ ֆիլմի ապագա այլազգի լսարանի համար այդ ակնարկները կարող են բոլորովին էլ նշանակություն չունենալ, այսպես թե այնպես, գետնի տակ անցած աշխարհներ կան յուրաքանչյուրիս ենթագիտակցության մեջ: Սողացող ու փոփոխվող իրականությունը հույս չի թողնում, որ քաղաքում գոնե ինչ-որ մի կայուն բան կա: Բացի, իհարկե, սողանքից փրկվելու համար քաղաքը լքելու երազանքից ու սողալ սովորելուց: Հեղինակն ասում է, որ փորձել է հնարավորինս «հակաառասպելական» իրավիճակ ստեղծել:

Հերոսը

«Սողանքում» մեր օրերի հերոսին գտնելու եւ նրան հասկանալու փորձ է արվում: Ըմբոստ կեցվածքն ու աշխարհը փրկելու ցանկությունն այլեւս չեն աշխատում: Հերոս-փրկչի կերպարը կամաց-կամաց վարկաբեկվում ու վերանում է եւ՛ համաշխարհային գրականությունից, եւ՛ կինոյից: Ավելի շուտ գալիս է կամ ակամա հերոս դարձած, կամ իրենց հերոսացմանը հումորով նայող մարդկանց դարը: Մանրացել են մարդկանց ցանկություններն ու սպասելիքները, եւ որպես դրա հետեւանք` մանրացել են նաեւ նրանց ընդունակությունները: Նման մարդկային վերափոխումը 20-րդ դարում գուշակել էր Ֆրանց Կաֆկան, ում հերոսները փոքրանում ու միջատանման էակներ էին դառնում, կամ` խճճվելով համակարգի միջանցքներում, այլեւս միջացքներից դուրս գալու ուժ չէին գտնում: Իսկ Վահրամ Մարտիրոսյանի հերոսի համար` գետնի տակ, թե գետնի վրա` նշանակություն չունի, նա, միեւնույն է, կդիմանա: Հերոսն, ի դեպ, ոչ անուն ունի, ոչ էլ հստակ զբաղմունք, նա նոր տիպի հերոս է, որը միմիկրիայի` համակերպվելու մեծ ներուժ ունի, եւ որին կարելի է նույնիսկ հակահերոս անվանել: Սակայն հեղինակը ցանկանում է պաթետիկ մեկնաբանություններից հեռու մնալ եւ ասում է. «Այս իրականությունը, որից մենք դժգոհ ենք, բոլորիս մեջ կա: Եվ իմ հերոսը մեր բացասական իրականությունը խտացրած ձեւով իր մեջ է պահպանում: Տեղ կա, որ համակրում ես նրան, վերապրում ես նրա հետ, բայց «Սողանքում» պաթետիկա չկա, եւ բարոյական մտրակները գործի չեն դրված»: Ըստ Մ. Դովլաթյանի՝ «Սողանքի» կինոհերոսը ոչ թե վարանող հերոս է, այլ` «մարդ, ով շտամպներով է հիվանդ». «Շտամպային մտածողությունն ամեն ինչում է երեւում, հագուստից սկսած, տան վերանորոգումով, վերջացրած՝ աշխատեղով»:

Գլխավոր հերոսի դերակատարի երկու թեկնածու կա` ռուս դերասան Մաքսիմ Սուխանովն ու ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը: Ամենայն հավանականությամբ գլխավոր կանացի դերը նույնպես ռուս դերասանուհի կկատարի, եւ հենց ռուս աղջկա հետ գլխավոր հերոսը ստորգետնյա համակարգում կհայտնվի: Քանի որ վիպակում շատ երկրորդական գործող անձինք կան, նախատեսվում է մեծ դերասանական կազմ հավաքել:

«Ո՞ւմ նշեմ, շատ դերասաններ կլինեն, սկսած՝ Կարեն Ջանիբեկյանից, վերջացրած՝ Արամոյով»,- ասում է Մ. Դովլաթյանը: Ի դեպ, ֆիլմում մասնակցելու ցանկություն է հայտնել ռուս հայտնի դերասան Սերգեյ Յուրսկին, ով ուղղակի հիացած է «Սողանք» վեպով եւ ինքն է զանգահարել Վ. Մարտիրոսյանին ու առաջարկել հանդիպել:

Միաժամանակ ռեալիստական եւ գրոտեսկային «Սողանքը» կարող է այն ֆիլմը դառնալ, որը հաջողություն եւ հանդիսատես կբերի ժամանակակից հայ կինոյին: Եթե, իհարկե, բարեհաջող ավարտվի նախապատրաստական փուլը եւ գրական նյութը պրոֆեսիոնալ` առանց զիջումների, կինոլեզվի փոխանցվի: