Աննա Լեբեդեւան աշխատանքային գործուղման է մեկնել եւ արդեն եղել է Ստեփանակերտում, Ախալքալաքում եւ Բաքվում։ Այցի նպատակն է համեմատականներ անցկացնել կովկասյան պետությունների միջեւ եւ հասկանալ, թե այս պետություններում ինչպիսին են սոցիալական պայմանները, ինչպես են ապրում մարդիկ։ «Ռուսաստանում, կարելի է ասել, առհասարակ մոռացել են Կովկասի մասին։ Դա դեռ խնդրի մի կողմն է։ Ավելի տարօրինակ է այն, որ Կովկասի ժողովուրդն ինքն իր մասին ոչինչ չգիտի։ Այս երկու շաբաթվա ընթացքում ես շրջում եմ այս պետություններով ու պատմում, թե ինչ է կատարվում հարեւան պետություններում»,- մեզ հետ զրույցում պատմում էր Աննա Լեբեդեւան։
Նրա հավաստմամբ՝ սոցիալական ամենածանր վիճակում Ախալքալաքն է։ Երեւանը Թբիլիսիի համեմատ ավելի լավ վիճակում է գտնվում, սակայն Բաքվում սոցիալական վիճակն ամենանպաստավորն է։ «Քայլում էի Երեւանի փողոցներով ու որոշեցի մտնել սեփական տներից մեկը, տեսնեմ, թե ոնց են մարդիկ ապրում։ Մտա մի տուն։ Այս ընտանիքը լուրջ խնդիր ուներ. քանդում էին նրանց տունը, իսկ դիմացը շատ քիչ փող էին առաջարկում։ Տարօրինակն այն է, որ նույն խնդիրներն առկա են նաեւ մեզ մոտ՝ Ռոստովում»,- պատմում էր ռոստովցի լրագրողը։
Աննա Լեբեդեւային հետաքրքրում էր նաեւ, թե ինչպես են ապրում այստեղ լրագրողները, ինտելիգենցիայի ներկայացուցիչները։ Իր պատմելուց հասկացանք, որ Ռոստովում եւ Երեւանում գնային գրեթե նույն սանդղակն է։ «Ահավոր էր իրավիճակը Թբիլիսիում։ Մարդկանցից մետրոյի տեղն ես հարցնում, սկսում են քեզ իրենց դարդերը պատմել»,- ասում էր նա։
Երեւան մեկշաբաթյա այցի շրջանակներում Աննա Լեբեդեւային հաջողվել է երկու հարցազրույց կազմակերպել տեղացի չինովնիկների հետ, որոնցից մեկը Սերժ Սարգսյանն էր։ Արթուր Բաղդասարյանը բանավոր հարցազրույցից հրաժարվել է, սակայն խոստացել է գրավոր պատասխանել Աննա Լեբեդեւայի հարցերին։
«Ինձ համար զարմանալի չէ, որ այսօր թե հայ, թե վրացի եւ թե ադրբեջանցի քաղաքացին ռուսերեն չգիտի։ Անկախ պետությունների ինչի՞ն է պետք ռուսերենի իմացությունը»,- ասում էր նա։
Ընդհանուր առմամբ Աննա Լեբեդեւան հենց այսպիսի պատկեր էր սպասում տեսնել թե Վրաստանում, թե Ադրբեջանում, եւ թե Հայաստանում։ Խոսելով հին ու նոր Երեւանի, Թբիլիսիի ու Բաքվի մասին՝ Աննա Լեբեդեւան ասաց, որ հիմնականում փոխվել են միայն շենքերը, ավելի մոդեռն են։ «Երեւանն ինձ համար փոքրիկ Բեյրութ է, սակայն այս ակտիվ շինարարությունը մի քիչ փոխեց իմ պատկերացումները Երեւանի մասին»։