«Եվրատեսիլ-2006»-ի հաղթող ֆիննական «Lordi» խումբը բեմ դուրս եկավ հրեշների հագուստով, կատարեց ծանր ռոք ոճի «Ծանր ռոք, Ալելուիա» ստեղծագործությունը եւ գրավեց առաջին հորիզոնականը, ինչը ցնցել է ոչ միայն մեր եւ եվրոպական հասարակությանը, այլեւ` եկեղեցականներին։
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդական միության կողմից թեմի առաջնորդարան էին հրավիրվել մասնագետներ, ովքեր քննարկում եւ քննադատում էին եվրոպացիներին` սատանայապաշտությանն այդքան մեծ տեղ տալու համար։ «Lordi» խմբի երաժիշտներին համեմատում են չար ուժի` սատանայի հետ։ Չնայած դրան` նրանք պնդում են, որ իրենք նման են այն հրեշներին, որոնց նմանները կան մանկական խաղալիքների շարքում։ Քննարկմանը մասնակցող հոգեբան Միքայել Համբարձումյանն էլ մեզ համար բացահայտեց, որ սկանդինավյան երկրներում կոտոշավորները ոչ թե չար ուժի ներկայացուցիչներ են, այլ` ազգային հերոսներ, իսկ ռոք երաժշտությունն էլ սոցիալական հիմքեր ունի, ոչ թե սատանայական կամ աստվածապաշտական։ Պարզապես ի սկզբանե այդ ոճը չընդունվեց քրիստոնեական եկեղեցու կողմից։ Երգահան Տեր Թովմաս Անդրեասյանը համարում է, որ մարդկությունը հոգնել է քրիստոնեությունից եւ գնում է դեպի բնազդների բավարարման, իսկ դա էլ տանում է հեթանոսության։
Այսինքն` Եվրոպան ոչ թե զարգանում եւ բարգավաճում է, այլ` գնում է դեպի արմատները։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ ենք մենք եւ մյուս երկրներն այդքան ցանկանում ինտեգրվել Եվրամիությանը։ Ազատություն եւ բնազդների բավարարո՞ւմ ենք ակնկալում, թե՞ զարգացում։
Ինչեւէ, այս տարի «Եվրատեսիլում» «Lordi»-ն գրավել է առաջին տեղը, եւ դա նրանք ձեռք են բերել ավելի շուտ իրենց օրիգինալ բեմական հագուստի շնորհիվ։ Շատ մասնագետների պնդմամբ, մրցույթում նման կատարումը որեւէ չափանիշի չէր համապատասխանում։
Արարատյան թեմի մամլո դիվանը նաեւ խոստացել էր խոսել մեծ աղմուկ հանած «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի մասին, բայց ներկաներից միայն հոգեբան Միքայել Համբարձումյանն էր ծանոթ այդ ստեղծագործությանը: Չնայած նա ֆիլմը չէր տեսել, բայց կարծիք հայտնեց, թե սյուժեում շատ «հետաքրքիր ցնդաբանություններ կան»։ «Նաիրի» կինոթատրոնում ֆիլմը ցուցադրելուց առաջ հանդիսատեսին զգուշացնում են, որ ֆիլմը ոչ մի առնչություն չունի պատմական, ավետարանական ճշմարտության հետ։ Իսկ Դեն Բրաունի «Հրեշտակներ եւ չարքեր» («Դա Վինչիի ծածկագիրը») գրքի առաջին էջին էլ մենք կարող ենք կարդալ, որ գրքում նկարագրված իրադարձությունները հեղինակի երեւակայության արդյունքն են։ Այսուհետ կինոթատրոնում բոլոր տոմսերի հետ ֆիլմը դիտել ցանկացողներին տրամադրելու են թերթիկներ, որտեղ նշված կլինի թեժ գծի հեռախոսահամարը եւ կայքի տվյալները։
Ի դեպ, «Արարատ» երիտասարդական միությունը պատրաստակամություն է հայտնում հոգեւորականների մասնակցությամբ թեման քննարկել նաեւ Երեւանի բուհերում։ Նրանք գտնում են, որ իրենց պայքարն այս «զարգացման» դեմ անիմաստ չէ, քանի որ «ավազի մի հատիկն անգամ բարձրացնում է ծովի մակարդակը»։